23 մայիսի 2019թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ ավագ փորձագետ Լիլիթ Սարուխանյանը մայիսի 15-22-ը Պեկինում մասնակցել եւ ելույթ են ունեցել Ասիական քաղաքակրթությունների երկխոսությանը նվիրված համաժողովում:
Նրանք մասնավորապես ներկայացրել են «Ասիական քաղաքակրթությունները եւ արդի Ասիայի զարգացումը» թեմայի վերաբերյալ հայաստանյան մոտեցումները` ընդգծելով Երեւանի ռազմավարական տեղակայումը` անցյալում, ներկայում եւ ապագայում` որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության յուրօրինակ քաղաքակրթական հենակետ:
Մեկ շաբաթվա ընթացքում ՌԱՀՀԿ ներկայացուցիչները հանդիպել են չինացի պաշտոնյաների ու միջազգային մասնակիցների հետ, այցելել հետազոտական մի շարք կենտրոններ եւ ակադեմիական հաստատություններ:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիայի ու Համաշխարհային ռազմավարության ազգային ինստիտուտի հյուրընկալած այս կարեւոր համաժողովին ներկա էին նաեւ մի շարք կառավարությունների ղեկավարներ, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջատար քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար, դոկտոր Տիգրան Զարգարյանը:

