Ուրբաթ, Ապրիլի 19, 2024

Խմբագրական

Ինչո՞ւ անտեսված մնացին Նախագահի մտահոգությունները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը (չենք ասում՝ նախկին նախագահ, քանի որ հրաժարականի դիմումը ետ վերցնելու ժամկետը դեռ չի լրացել-Խմբ.) հրաժարական տվեց: Ցանկացած երկրում նման հրաժարականը, եթե ոչ ներքաղաքական ճգնաժամի պատճառ կդառնար, ապա գոնե լուրջ քննարկումների տեղիք կտար: Առավել եւս, որ Սարգսյանն իր հրաժարականը պայմանավորել է մի շարք քաղաքական հանգամանքներով, որոնց մասին մատնանշել է հրաժարականի բավական ընդարձակ հայտարարության մեջ: Այդ տեքստում գործածված են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «համազգային ճգնաժամ», «պետության գլուխը եւ երբեմն նաեւ նրա ընտանիքը թիրախավորվում են», «մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք» եւ այլն։ Հայտարարության մեջ նաեւ շեշտված է, որ Նախագահի ինստիտուտը լոկ արարողակարգային է եւ չունի լծակներ իրադրության վրա ազդելու համար։

Հրաժարական տալուց օրեր առաջ Sky News Arabia հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սարգսյանը նույնպես մի շարք մտահոգություններ էր հայտնել, մասնավորապես ասել էր, որ Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին եւ, նույնիսկ, արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում: «Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ եւ Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում եւս բացակա կար՝ Սփյուռքը: Հայկական սփյուռքը մեծապես ձեւավորվել է Ցեղասպանության հետեւանքով: Ինչպե՞ս կարող էր Հայաստանի որեւէ նախագահ կամ վարչապետ համաձայնագիր ստորագրել՝ առանց Սփյուռքի աջակցությունն ունենալու»,- նշել է նա։

Հայաստանի նախագահի պնդմամբ՝ առանց Սփյուռքի տեսակետը հաշվի առնելու հնարավոր չէ Թուրքիայի հետ քննարկել Ցեղասպանությանը վերաբերող որեւէ խնդիր ու հաջողության հասնել։ Եվ սա ասում է նորերս մեկնարկած հայ-թուրքական բանակցությունների համատեքստում, ինչը ենթադրում է, որ Մեծ եղեռնին առնչվող հարցի քննարկում նախատեսվում է, ընդ որում՝ առանց Սփյուռքին մասնակից դարձնելու: Այսինքն՝ ակնհայտ է, որ Ցեղասպանության հարցը ներառված է Թուրքիայի հետ Հայաստանի ներկայիս բանակցությունների օրակարգում, որքան էլ կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչները շրջանցեն այդ թեման։

Արմեն Սարգսյանը, ըստ էության, հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ՝ արծարծելով հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Տրամաբանական կլիներ, եթե այդ հարցերը բովանդակային քննարկման արժանանային հասարակական-քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում, սակայն նման բան տեղի չունեցավ: Փոխարենը, ինչպես բնորոշ է հայ քաղաքական «մտքին», հանրային դիտարկումների, քննարկումների ատաղձ դարձան նախագահի անձի, ընտանիքի ու անձնական կյանքի շուրջ խոսակցությունները:

«Հետք» պարբերականն էլ իր լրագրողական հետաքննությունն է նվիրել Արմեն Սարգսյանի կենսագրության «մութ» էջերին՝ բացահայտելով, որ նա այլ երկրի քաղաքացի է, եւ 2018-ին ՀՀ նախագահի պաշտոնում նրա ընտրությունն անօրինական է: Թերթի եզրակացությամբ՝ եթե վերջինս հրաժարական չտար ու չվերադառնար Մեծ Բրիտանիա, ապա ստիպված կլիներ կանգնել դատարանի առջեւ։

Չենք վիճում: Հնարավոր է՝ ճիշտ տեղեկություն է, հնարավոր է՝ Սարգսյանն, իրոք, հրաժարական է տվել պատասխանատվությունից խուսափելու համար։ Հնարավոր է նաեւ, որ «Հետք»-ին այդ տեղեկությունը հիմա են փոխանցել, այլ ոչ թե ավելի վաղ, եւ փոխանցողները դրանով ինչ-որ քաղաքական հարց են ցանկանում լուծել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք չունենք: Բայց անկախ ամեն ինչից, եթե ՀՀ նախագահն իր մտավախություններն օգտագործել է հրաժարականին քաղաքական բնույթ տալու համար, եւ եթե «Հետք»-ի տեղեկությունը ստույգ է, ապա այդ դեպքում անգամ նրա հայտարարությանը մենք պետք է վերաբերվենք ամենայն լրջությամբ։ Բոլոր նշված հանգամանքները չեն կարող պատրվակ լինել հայտարարության մեջ արտացոլված տագնապներն ու նախազգուշացումները անտեսելու համար։

Արմեն Սարգսյանի հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչել ու հնչում, սակայն ոչ ոք նրան չի մեղադրել հիմար կամ անկիրթ լինելու մեջ։ Գոնե հրաժարականի համար հիմնավորումներ բերելու՝ նրա ձեռնհասությունը թույլ է տալիս պատշաճ կերպով ներկայացնել ցավոտ խնդիրները։ Մնում է՝ մեր փորձագիտական մտքի ընկալունակությունը հասցնել ներկայացվածը համարժեք ըմբռնելու աստիճանին:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: