Եկող հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների օրվա մոտեցմանը զուգահեռ՝ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության ներսում խուճապն ահագնանում է՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է ընկնել: Մինչեւ այս պահը հրապարակված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հանրության ընդամենը 18-20 տոկոսն է պատրաստ քվեարկել նրա օգտին: Լավատեսության առումով վերջին ամիսներն էլ ավելի անհուսալի դուրս եկան՝ ոչ մի առաջընթաց, հանրային վստահության ոչ մի դրական տեղաշարժ: ՔՊ-ական իշխանակարգի հանդեպ հասարակության վերաբերմունքը երբեք այսքան սառն ու անտարբեր, հաճախ՝ նույնիսկ նախահարձակ չի եղել:
Ժամանակը սուղ է՝ ընտրություններին մնում է ուղիղ 4 ամիս: Փորձենք հասկանալ՝ կա՞ն արդյոք իրավիճակը փրկելու ելքեր: Իշխանությունը երկու հիմնական տարբերակ ունի. առաջին՝ գնալ համապարփակ ընտրակեղծիքների կամ, պարզապես, «թվեր նկարելու» ճանապարհով, ինչը, սակայն, ամենավտանգավորն է, քանի որ կարող է անկառավարելի հետեւանքների հանգեցնել: Այս մասին մամուլի իր նախորդ ասուլիսներից մեկի ժամանակ զգուշացրել էր ՀՀ երկրորդ նախագահը՝ ներկայումս ընդդիմադիր ամենամեծ քաղաքական ուժի առաջնորդը. «Կոպիտ միջամտությունների դեպքում իշխանությունը պետք է պատրաստ լինի հեղափոխական զարգացումների»,- հայտարարել էր Քոչարյանը:
Երկրորդ տարբերակը, այսպես ասած, հանրության հիասթափության վրա խաղալն է։ Եթե իշխանությանը հաջողվի մարդկանց մեջ վերջնականապես «կոտրել» ընտրությունների նկատմամբ հավատը եւ ապահովել քվեարկության իրավունք ունեցող՝ ՀՀ քաղաքացիների հնարավորինս ցածր՝ օրինակ 40 %-ը չգերազանցող մասնակցություն, ապա Փաշինյանի՝ իրականում ունեցած 20 %-ն արդեն ընտրություններին փաստացի մասնակցածների թվի մեջ կդառնա 50 %։ Սակայն այս դիպաշարը եւս դժվար իրագործելի է, քանզի քաղաքական դաշտում առկա են մի քանի ընդդիմադիր միավորումներ, որոնք ակտիվորեն աշխատելու են հանրության հետ եւ փորձելու են բարձրացնել մասնակցության շեմը։
Ընտրություններին ընդառաջ ստեղծված նմանատիպ իրավիճակը իշխանությունների համար փակուղային է, ինչն էլ դառնում է ՔՊ-ի ներսում խորացող խուճապի եւ ստեպ-ստեպ բռնկվող նյարդային խանգարումների պատճառ։ Իշխող թիմի ներկայացուցիչները լավ են հասկանում՝ իրադրության մեղավորները հենց իրենք են՝ ի մասնավորի, իրենց խմբակի առաջնորդը, որի շուրջ սկսել է լուռ դժգոհությունների միջավայր ձեւավորվել: Ոմանք ինքնակամ հրաժարական են ներկայացնում, մյուսներն՝ ուղղակի հեռացվում: Առաջին «զոհերի» անուններն արդեն հայտնի են՝ Հայկ Սարգսյան (Շիշ բռնող), ում անունը հանվել է ՔՊԿ-ի համամասնական ցուցակից, Հռիփսիմե Հունանյան, ով հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, եւ այլք:
Վերընտրվելու մոլուցքը Փաշինյանին հանգիստ չի տալիս: Իր կարգավիճակին ոչ հարիր ինչ խեղկատակությունների ասես, որ չի դիմում՝ հեծանվավազքերից ու խոհարարական համեստ հակումների ցուցադրումից մինչեւ պարի երեկոների, դիսկոտեկերի, ֆլեշմոբերի կազմակերպում, որտեղ պարում է, ուրախանում, թմբուկ զարկում, երգում իր հեղինակած «Իրական Հայաստան» երգը, նախարարներ պարեցնում եւ այլն: Տպավորություն է, թե այս մարդը ո՛չ 44-օրյա պատերազմ է պարտվել՝ տալով հազարավոր զոհեր ու հաշմվածներ, ո՛չ Արցախ է կորցրել՝ տնանկ ու հայրենազուրկ անելով 150 հազար մեր հայրենակիցներին, ո՛չ էլ Հայաստանն է հասցրել բզկտված, հուսաբեկ վիճակի:
Միջոցառումների վերոնշյալ շարքը հասցեագրված է երիտասարդությանը, բայց ոչ այն իմաստով, որ ուզում է ինչ-որ կերպ մեղա գալ իր ապաշնորհ կառավարման աղետալի հետեւանքների, մի ողջ սերնդի չապրած կյանքի համար: Իրականում երիտասարդության հետ մտերմանալու՝ Փաշինյանի նպատակն այլ է. անցած տարվա սոցհարցումներից պարզվել էր, որ ամենացածր վարկանիշը ինքն ունի 18-35 տարեկան երիտասարդության շրջանում, ուստիեւ նախընտրական տրամադրության շրջանակներում այժմ ցանկանում է ամեն ինչ անել ընտրողների այդ շերտի բարեհաճությունը շահելու, նրանց իր կողմը գրավելու համար: Իսկ դուք ասում եք՝ ՔՊ-ական վերնախավը տգետ է, բան չի հասկանում:
«Հայացք Երեւանից»

