Մինչ Հայաստանի հասարակությունը ջանում է, ի վերջո, հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ մեզանում անցած տարի, իսկ ավելի ստույգ՝ գտնել մեր հարազատ «հայրենասեր օլիգարխիային» իշխանությունից հեռացնելու գործում «Սորոսի եւ միջազգային իմպերիալիզմի ականջները», արեւմտյան աշխարհը համակել են ժողովրդական բողոքների հարաճուն ալիքները: Չկա մի օր, որ եվրոպական որեւէ երկրում երթեր ու հանրահավաքներ չանցնեն: Ալիքը հասել է արդեն մինչեւ Աֆրիկա եւ Լատինական Ամերիկա: Եվ հատկանշականն այն է, որ յուրաքանչյուր բողոքավոր շարժում ունի իր թեման: Ֆրանսիայում «Դեղին բաճկոնակները» բողոքում են ընդդեմ հարկային բռնությունների, Միլանի բնակիչները՝ ընդդեմ ռասսայականության, Բելգիայի եւ Գերմանիայի երիտասարդությունն՝ ընդդեմ գլոբալ տաքացման հարցում վերնախավերի անգործունեության: Իսպանացիներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Կատալոնիայի ինքնորոշման դեմ, բրիտանացիները պատրաստվում են բողոքել Բրեքսիթի դեմ եւ այդպես շարունակ: Յուրաքանչյուրի հոգում ինչ-որ բան է կուտակվել, բայց ամենից հաճախ սկսում են ի հայտ գալ կառավարությունների հրաժարականի ունիվերսալ պահանջներ: Ավելի շուտ՝ հենց դա մենք շատ շուտով կտեսնենք ամենուրեք:
Շատ հետազոտողների կարծիքով՝ պատճառն արեւմտյան հանրություններում սոցիալական համախմբվածության քայքայումն է: Մենք ընտրախավերի դեմ աճող բունտի ականատեսներ ենք դառնում: Լիովին ապահովված հասարակությունները դժգոհություն են ցուցաբերում հաստատվող կարգերից ու դրանց անարդարացի լինելուց: Վերնախավերն էլ իրենց գործողությունների համար արդարացումներ են փնտրում: Ամենեւին պատահական չէ, որ արեւմտյան շատ երկրներ սկսել են իրենց հասարակություններում հայրենասիրություն արմատավորել: Հավանաբար, միայն դրանում են նրանք տեսնում հանրությունների համախմբվածության քայքայմանը հակազդելու հնարավորությունը: Սակայն հազիվ թե դա է այն ճանապարհը, որտեղ կարելի է համախմբել հասարակությանը: 21-րդ դարում հանրությունների խնդիրները, ինչպես երեւում է, շատ ավելի խորն են: Սոցիալական գործընթացների շեշտակի արագացման եւ քաղաքացիների իրավունքների ընդլայնման պայմաններում հանրությունների կազմակերպման մինչեւ այժմ եղած սկզբունքները փոխակերպումների են ենթարկվում:
Պետությունների ազատական-ժողովրդավարական կառուցվածքի հանգուցային հակասությունը պետության թելադրանքից ազատ տնտեսությունն է, որն ավելի ու ավելի է հանգեցնում մարդկանց եկամուտների բեւեռացման եւ հասարակության ու վերնախավերի միջեւ ճեղքվածքի: Մեծամասնությունը կորցնում է բարեկեցության հնարավորությունը, ընդ որում` պահպանելով պետական իշխանությունը ազատ ընտրությունների միջոցով կազմավորելու` ազատական ժողովրդավարության սրբազան իրավունքը: Այդկերպ ազատական ուղեգիծ վարող կառավարությունները կորցնում են վստահությունը եւ ազատ ընտրությունների արդյունքում զրկվում իշխանությունից: Ահա այսպիսի պարադոքս: Իսկ նրանց փոխարինելու եկած սոցիալիստները ուժեղացնում են տնտեսության նկատմամբ հարկադրանքը, բարձրացնում են հարկերն ու սոցիալական կորուստների մակարդակը` դրանով իսկ նվազեցնելով տնտեսության արդյունավետությունը: Հետեւանքը լինում է այն, որ շատ դեպքերում հասարակություններն աղքատացման են գնում: Հանգուցային այդ հակասությունը ոչ ոք առայժմ չի կարողացել լուծել: Առաջանում է մի իրավիճակ, որը հաճախ անվանվում է «աղքատությամբ հավասար»: Վարչակարգերը կորցնում են այդպիսի հասարակության վրա ազդեցությունը եւ մնում անզորության վիճակում:
Տիպիկ օրինակ է ներկայում քաղաքականապես պառակտված Վենեսուելան: Այս երկրի աղքատացումը շատերը նավթային տնտեսության հետ են կապում՝ «նավթը Վենեսուելայի անեծքն է» բանաձեւով: Ըստ երեւույթին, նկատի ունեն «համաշխարհային տերությունների կողմից երկրների թալանի» մասին տխրահռչակ թեզը: Բայց Մերձավոր Արեւելքի նավթային երկրների չտեսնված առաջընթացը հերքում է նշյալ թեզը: Այս միապետությունները գտել են նավթի եկամուտների արդյունավետ օգտագործման ուղիները եւ կառուցել 21-րդ դարի քաղաքներ՝ համայն աշխարհին ցույց տալով զարգացման օրինակ: Ընդ որում` նրանք ցույց են տվել իրենց հասարակությունների սոցիալական խնդիրները լուծելու մեծ ունակություններ: Հատկապես վերջին հանգամանքը թույլ է տալիս այդ վարչակարգերին պահպանել իրենց երկրների ներքին կայունությունը:
Ո՞րն է բազմաթիվ երկրների աստիճանական զարգացման եւ մյուսների աղքատացման գաղտնիքը: Առայժմ միանշանակ պատասխան չկա: Բայց կարելի է նշել, որ զարգացումը նկատվում է այնտեղ, որտեղ երկրի ազատական-ժողովրդավարական կառուցվածքի հանգուցային հակասությունը բացակայում է, որտեղ իշխող վարչակարգերը ստեղծել են ազատ տնտեսության պայմաններ, բայց երաշխավորված են հասարակության նկատմամբ քաղաքական հարկադրանքից: Եվ, ընդհակառակն, աղքատացում նկատվում է այնտեղ, որտեղ հաստատվում են ազատ տնտեսությունը խեղդող գաղափարականացված վարչակարգեր:
Իսկ այնտեղ, որտեղ ազատ տնտեսությունը աննախադեպ զարգացում է ապրում, բայց պահպանվում է հասարակության նկատմամբ հարկադրանքի սպառնալիքը (ազատ ընտրությունների միջոցով վարչակարգերի փոփոխությունը), մենք այժմ տեսնում ենք սոցիալական պայթյունի էներգիայի կուտակում, որը միայն հիմա է իրեն զգալ տալիս: Հենց սա է տեղի է ունենում արեւմտյան հասարակություններում:
Աշխարհը փոխվում է արմատապես: Անհուսալիորեն հնացած քաղաքական ինստիտուտներն այլեւս անզոր են ինչ-որ կերպ կասեցնել այդ գործընթացը...