Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

Խմբագրական

Քաղաքացիական հասարակության երկիմաստ վիճակը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մամուլում եւ հանրային բանավեճերում սկսել են ավելի հաճախակի քննարկվել քաղաքացիական հասարակության խնդիրները։ Ճանաչված իրավապաշտպանները հանրային հարթակներում հանդես են գալիս կոշտ դիրքորոշումներով, երբեմն օգտագործում են ոչ պարկեշտ բառապաշար ու որակումներ, արդեն իսկ կան նաեւ ֆիզիկական բռնության դեպքեր։ Նման միջադեպեր առաջ տեղի չէին ունենում՝ իրավապաշտպաններն իրենց գործով էին զբաղվում, բնապահպաններն՝ իրենց եւ այլն։ Իրավապաշտպանների եւ, առհասարակ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոչումը մարդու իրավունքների ու արժանապատվության պաշտպանումն է։ Ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ է փոխվել քաղաքացիական հասարակության կյանքում անցյալ տարվա մայիս ամսից այս կողմ։

Պատասխանը կարծես թե ակնհայտ է՝ փոխվել են քաղաքացիական հասարակության եւ իշխանության փոխհարաբերությունները կամ, ավելի ճիշտ, քաղաքացիական հասարակության ակտիվ զանգվածի մի մասը դարձել է իշխանություն, մի զգալի հատված էլ՝ իշխանության գաղափարական ու ֆունկցիոնալ գործընկերը։ Սա իշխանություն-քաղաքացիական հասարակություն հարաբերությունների փոխակերպություն է։

Միջազգային իրավունքում հասարակական կազմակերպությունը (ՀԿ) բնորոշվում է որպես «ոչ կառավարական» կամ «ոչ պետական», որով շեշտվում է նրա անկախ լինելու հանգամանքը։ Բնականաբար, այդ կազմակերպությունները կարող են տարբեր առաքելություններ ունենալ եւ մասնագիտանալ տարբեր ոլորտներում, սակայն «ոչ կառավարական» արտահայտությունը նրանց հիմնական էությունն է։ Սա է առանցքային գաղափարը։

Քաղաքացիական հասարակության հիմնական կոչումն է, ինչպես նշվեց վերը, պաշտպանել մարդու իրավունքները, որոնք, ըստ էության, խախտում է պետությունը: Ստացվում է՝ մարդու իրավունքները պաշտպանել իշխանությունից կամ, ավելի ստույգ, վերջինիս ամենաթողությունից։ Մարդու իրավունքների պաշտպանության մասին միջազգային համաձայնագրերը ստորագրում է պետությունը եւ հենց ինքն էլ պարտավորվում է դրանք ապահովել։

Տվյալ դեպքում Հայաստանում քաղաքացիական հասարակությունը պետք է մարդու իրավունքները պաշտպանի այն իշխանությունից, որի մի մասն է արդեն հենց ինքը։ Սա է այսօրվա Հայաստանի ողջ զավեշտը եւ քաղաքացիական հասարակության հիմնական հակասությունը։

Նոր կարգավիճակում քաղաքացիական հասարակությունը կարող է իշխանության գործընկերը դառնալ շրջադարձային փոփոխություններ իրականացնելու հարցում՝ այնպիսի փոփոխություններ, որոնք անկյունաքարային են մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների համար: Սակայն իշխանության կողմից նման բարեփոխումներ հստակորեն հայտարարված չեն, ճիշտ հակառակը՝ գործող իշխանությունը հրաժարվել է մի շարք «հեղափոխական» խոստումներից՝ իշխանությունների հավասակշռության հաստատում, կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, դատաիրավական բարեփոխումների իրականացում եւ այլն։

Ատելության քարոզչությունը եւ դատական իշխանության աշխատանքներին գործադիր իշխանության միջամտությունը ՀԿ-ների կողմից չի դատապարտվում։ Ավելին՝ երբեմն նրանք այդ ամենի մասնակիցն ու համակիրն են դառնում։ Դա հիշեցնում է ոչ թե քաղաքացիական հասարակության կոչմանը հարիր գործելաոճ, այլ իշխանության համար պայքարի մեջ ուղղակիորեն ներգրավվածություն՝ վատ իմաստով։

Ստենֆորդի համալսարանի 1971թ. կատարած հայտնի գիտափորձը, որի ժամանակ կամավորները բաժանվում են երկու խմբի՝ բանտարկյալների եւ բանտապահների, ցույց տվեց, որ կարգավիճակը որոշակի հոգեբանական փոփոխություններ է մտցնում մարդու գիտակցությունում։ Եթե նախկին իշխանությունը եւ նախկին ընդդիմությունը տեղերով փոխվում են, ինչը եւ եղավ Հայաստանում, կա վտանգ, որ փոխվում է նաեւ նրանց հոգեբանությունը։ Դա սպասելի փոխակերպություն էր, քանզի հնարավոր չէ միաժամանակ լինել մարդու իրավունքների պաշտպան եւ դրանց համար պատասխանատու։

Քաղաքացիական հասարակությունը չի կարող լինել բարիկադի որեւէ կողմում։ Սա արդեն ինստիտուցիոնալ ճգնաժամ է, որի մասին խոսելուց պետք չէ խուսափել։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am