Եթե հավատանք գործող վարչապետին, ապա հունիսի 20-ին մեզ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Իսկ ինչո՞ւ գործող վարչակարգը ստիպված եղավ համաձայնվել ընտրություններին եւ, առհասարակ, ի՞նչ են խորհրդարանական ընտրությունները՝ ի՞նչ խնդիրներ են լուծվում դրանց միջոցով։
Հարցն առաջին հայացքից պարզունակ է թվում. չէ՞ որ բոլորին է հայտնի, որ իշխանության ձեւավորման այլ ճանապարհ գոյություն չունի, ուստիեւ մենք պարբերաբար մասնակցում ենք ընտրությունների։ Նման պատասխանը մակերասային է՝ այդ երեւույթի խորը գործառութային նշանակությունը հասկանալու համար։ Ավելի խորքային մոտեցում ցուցաբերելու դեպքում կսկսենք այլ կերպ վերաբերվել այդ միջացառմանը։
Այսպիսով՝ փորձենք շարադրել ընտրությունների հիմնական խնդիրները: Դրանք են․
- հասարակության տարբեր սոցիալական շերտերի շահերի բացահայտում՝ այդ շահերը քաղաքական տեսքի բերելով հանդերձ,
- իշխանության ձգտող տարբեր քաղաքական դերակատարների պայքարի օրինական հանգուցալուծում,
- իշխանության համակարգի լեգիտիմացում,
- քաղաքական դաշտի մասնակիցների թարմացում, այսինքն՝ սոցիալական լիֆթերի համար աշխատանքի հնարավորության ընձեռում,
- քաղաքական գործընթացներում քաղաքացիների ներգրավում եւ նրանց համախմբում այս կամ այն նախաձեռնության շուրջ։
Մենք շատ համառոտ ներկայացրինք ընտրությունների հիմնական նշանակությունը։ Իսկ ի՞նչ է կատարվել Հայաստանում, որն արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն է առաջ բերել։
2018-ի խորհրդարանական ընտրություններն իսկական աղետ էին քաղաքական համակարգի համար. հին դերակատարները լքեցին Ազգային ժողովն ու Կառավարությունը, իսկ այնտեղ հայտնվեցին քաղաքականության եւ կառավարման զրո փորձ ունեցող, բայց բավական ինքնագոհ ու մեծամիտ նոր մարդիկ։ Թե ինչ բերեցին նրանք մեր գլխին՝ տեսանք բոլորս։ Հիմա նոր ընտրությունների միջոցով պետք է նոր քաղաքական համակարգ ձեւավորվի, բայց արդյո՞ք մենք հիմա պատրաստ ենք դրան։ Տարածված կարծիքն այն է, որ ոչ։
Սակայն ընտրությունները, կարծես թե, հայտարարված են, եւ մենք հարկադրված ենք ինչ որ բան անել: Նախեւառաջ պետք է ընտրենք երկրի ու ժողովրդի ապագան որոշող ինչ-որ մարդկանց, որոնց ընտրության չափանիշները եւ մոտիվացիան քաղաքացիների համար տակավին անհայտ ու անհասկանալի են։ «Ո՛չ ներկա, ո՛չ նախկին» պարզունակ ու դեմագոգիկ կարգախոսը ոչնչի մասին է եւ, բացի դրանից, այն մեկ անգամ արդեն իրականացվել է՝ 2018-ին, եւ արդյունքը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ:
Կարծես թե, հերթական անգամ մենք ստիպված ենք լինելու մտնել «նույն գետը»՝ վարչապետի թեկնածուների միջից ընտրելու ենք ոչ թե կուսակցությունների, այլ անձանց՝ ճիշտ 2018-ի հանգույն, երբ ընտրվեցին անձ եւ նրա շուրջ հավաքված անհայտ մարդիկ։ Հիմա պատմությունը կարող է կրկնվել, եւ մենք գնալու ենք տեղամասեր, փաստորեն, վարչապետ ընտրելու համար։ Եվ այնքան էլ հասկանալի չէ՝ դա լինելու է խորհրդարանակա՞ն ընտրություն, թե՞ վարչապետական։