Տնտեսվարող սուբյեկտների եւ պետական այս կամ այն մարմինների միջեւ պարբերաբար ծագող վեճերը, ինչպես երեւում է, սովորական են դառնում: Իրենց տնօրենի կալանավորման կապակցությամբ «Սպայկա» ընկերության աշխատողների բողոքի հուժկու ալիքը բերում է այն մտքին, որ երկիրը գործ ունի ոչ թե մասնավոր դիպաշարի, այլ ինչ-որ օրինաչափության հետ: Ավելի պարզ ասած՝ տնտեսվարող սուբյեկտների գործունեության նոր պայմաններին առնչվող անլուծելի խնդիրների մի կծիկի հետ: Թե ուր կարող է տանել այդ միտումը՝ առայժմ դժվար է ասել: Բայց մի բան պարզ է, որ «սեփականություն-աշխատանք-պետություն» եռանկյունում հարաբերությունների ոլորտը մտնում է երկարատեւ ճգնաժամի վիճակի մեջ, ինչը այդ հարաբերությունների արմատական վերանայում է պահանջում:
Հարկ է նշել, որ ստեղծված իրավիճակը միանգամայն սպասելի էր: Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման գլխավոր հետեւանքներից մեկն այն եղավ, որ խոշոր սեփականատերերը զրկվեցին պետական իշխանության լծակներից: Կապիտալը հեռացավ իշխանությունից, եւ այսուհետեւ ստիպված է նորովի կազմավորել իր հարաբերությունները նոր իշխանության հետ: Սեփականության եւ ձեռնարկատիրության պաշտպանվածության երաշխիքների նախկին մեխանիզմը (կենտրոնացված ռէկետի հետ մեկտեղ՝ ազդեցության ոլորտների բաժանման մասին օլիգարխիկ պայմանագիրը) վերացված է:
Տնտեսվարող սուբյեկտներին առաջարկվել է աշխատել օրենքի շրջանակներում: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոշոր օբյեկտների մեծամասնության սեփականատերերը մինչեւ այժմ նախկին կոռումպացվածներն ու ստվերային գործարարներն են, որոնցից իշխանությունները պահանջում են պետությանը վերադարձնել ապօրինաբար ձեռք բերած միջոցները, շատ սեփականատերերի վիճակը սաստիկ բարդացել է: Այն էլ ավելի է բարդանում նրանով, որ հանրությունը չի ճանաչում խոշոր սեփականության օրինականությունը: Կառավարությունը՝ հրաժարվելով ստվերային տուրքեր (ռէկետ) հավաքելուց, ակամա նրանց անպաշտպան է թողել իրավապահ մարմինների եւ հարկային ու մաքսային ծառայությունների պահանջների դեմհանդիման: Ռէկետ մուծելու դիմաց սեփականատիրության եւ ձեռնարկատիրության երաշխավորված պաշտպանվածություն ստանալն այլեւս հնարավոր չէ՝ իշխանություններն այդպիսի գործարքի չեն գնում:
Նման պայմաններում խոշոր սեփականատերերը, փաստորեն, հայտնվել են իրավազուրկ վիճակում: Տնտեսական իր ուղեգիծն իրագործելու եւ, միաժամանակ, քաղաքական խնդիրներ լուծելու համար կառավարությունը տնտեսական օբյեկտների տերերի նկատմամբ վերահսկողության ուղիներ է փնտրում: Այդպիսի ձգտումը պայմանավորված է թեկուզ նրանով, որ խոշոր սեփականատերերն են հովանավորում ԶԼՄ-ների մեծամասնությունը, որոնք նոր իշխանություններին խիստ քննադատության են ենթարկում (ընդհուպ մինչեւ բացահայտ հետապնդումներ): Նոր կառավարությունը սեփականատերերի վրա ազդելու միայն մեկ միջոց ունի՝ օրինական պահանջների ներկայացում վերջիններիս եւ նրանց անօրինական գործողությունների բացահայտում: Բայց սեփականատերերը չեն կարողանում կատարել կառավարության պահանջները՝ չափազանց շատ թելերով են կապված անցած տարիների ստվերային մեխանիզմների հետ: Նրանք չեն կարողանում նույնիսկ իրենց աշխատողներին դուրս բերել ստվերից եւ լրացուցիչ հարկեր վճարել պետությանը: Մնում է միայն մեկ միջոց՝ դիմակայել կառավարության, առաջին հերթին՝ հարկային ծառայության ու քննիչների գործողություններին, որոնք բացահայտում են ձեռնարկություններում այս կամ այն անօրինականությունները: Բայց դրա համար ռեսուրսներ են հարկավոր:
Արդեն նկատելի է, որ հայտնվելով կառավարության անսովոր պահանջների ու գործողությունների առջեւ, խոշոր սեփականատերերը դրանց դիմակայելու համար դիմում են սեփական ձեռնարկությունների աշխատողների օգնությանը: Սակայն շատ հարցերում աշխատավորական անձնակազմերի եւ ձեռնարկությունների սեփականատերերի շահերը չեն համընկնում: Ընդհակառակն՝ շատ առումներով աշխատողների շահերը համահունչ են կառավարության շահերին, որն աշխատողների օրինական ձեւակերպում է պահանջում: Սկզբնական շրջանում ձեռնարկությունների սեփականատերերը, սովորության համաձայն, դեռ կարողանում են շանտաժ կիրառել՝ աշխատողներին բողոքի ակցիաների հավաքագրելու նպատակով: Սակայն նման մոտեցումը չի կարող երկար ժամանակ արդյունավետ լինել՝ աշխատողներն օբյեկտիվորեն ձեռք են բերում իրենց պահանջները սեփականատերերին թելադրելու հնարավորություն: Իրավազուրկ ստվերային աշխատողներից նրանք, օբյեկտիվորեն, վերածվում են տնտեսական գործընթացների լիիրավ մասնակիցների:
Փաստորեն երկրում կազմավորվում են դիմակայության կայուն գծեր՝ երկու ուղղություններով. «կառավարություն-խոշոր սեփականատերեր» եւ «խոշոր սեփականատերեր-ձեռնարկությունների աշխատողներ»: Նոր հարաբերությունների երկու գծերում էլ առաջանում են անլուծելի խնդիրներ: Այս հարաբերությունների մեխանիզմները արմատական վերանայում են պահանջում: Դիմակայության կողմերն ուզո՞ւմ են գնալ դրան, թե՝ ոչ, այնքան էլ կարեւոր չէ՝ կյանքը չի հարցնում նրանց համաձայնությունը, այլ ստիպում է: