Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Պոպուլիզմի ժամանակն ավարտվում է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Պոպուլիզմը (ամբոխահաճություն) քաղաքականության անքակտելի մասն է: Ժողովրդի կողմից ընտրվող իշխանությունը պետք է նախեւառաջ հասկանալի լինի ժողովրդի համար: Այդպիսի իշխանության կարգախոսներն ազդեցիկ են, եթե առաջացնում են հույզեր, իսկ բարդ խնդիրների լուծման համատեքստում առաջարկում են մեկ կամ երկու քայլանոց պարզ լուծումներ: Դա է պատճառը, որ հաղթելու հավանականություն ունեցող քաղաքական կազմակերպությունը ջանում է հնարավորինս պարզեցնել երկրի առջեւ ծառացած խնդիրները եւ, ընդհանրապես, կենսական բոլոր երեւույթները: Եթե ավելի կարճ ու պատկերավոր ձեւակերպենք, ապա ժողովուրդն ընտրում է ոչ թե «մտքի», այլ «սրտի» իշխանություն:

Մինչեւ 2018 թվականը պոպուլիզմի մասին գրեթե չէր խոսվում, որովհետեւ դա մի շրջան էր, երբ ընտրությունների հանդեպ վստահություն չկար: Ընտրություններից առաջ իշխանությունն ուղղակի հավաքագրում, հրահանգավորում էր մի քանի հազար մարդու, որոնք պատասխանատու էին ընտրական գործընթացների համար: Այնուհետեւ գործի էր դնում ֆինանսական ու վարչական ռեսուրսների շտեմարանը, ստեղծում ընտրաձայները «հաշվելու» արդյունավետ համակարգ, եւ իր իշխանության վերարտադրության մեքենան պատրաստ էր։ Նման պայմաններում պոպուլիզմը դադարում էր գործոն լինելուց, եւ իշխանության հիմնական զենքը դառնում էր ցինիզմը` պարզ լկտիությունը։ Դա վատ է, ժողովրդի բացարձակ մեծամասնության համար` անընդունելի: Սակայն բացասական հատկանիշներից զերծ չէ նաեւ հակառակ երեւույթը, երբ իշխանություն ընտրում է ժողովուրդը՝ միջինացված, պարզունակ մտածողությամբ, ինչը տեղի ունեցավ 2018-ին:

Այդ թվականից սկսած` քաղաքական տեքստերում ամենաշատ օգտագործվող բառերը դարձան «պոպուլիզմ»-ը, «մանիպուլյացիա»-ն եւ այլն։ Սա օրինաչափ երեւույթ է, ժողովրդավարությունը եւ պոպուլիզմը հարազատ եղբայրներ են` անգամ «պոպուլիզմ» բառի ստուգաբանության հիմքում «ժողովուրդ» եզրն է։ Այս հանգամանքից օգտվելով, որոշ քաղաքական գործիչներ ժողովրդավարության շղարշի տակ գեներացնում են պոպուլիստական հռետորաբանություն, որը լավագույնս է ազդում միջինացված լսարանի զգացմունքների վրա` միաժամանակ չխաթարելով ժողովրդավար գործչի նրա քաղաքական կերպարը:

Այդպիսով` եթե 2018-ից առաջ Հայաստանի քաղաքական համակարգի առանցքում, ինչպես ասվեց, ցինիզմն էր եւ ակնհայտ սուտը, ապա դրանից հետո այն փոխարինվեց իրերի պարզունակեցմամբ ու լուծումների պարզեցմամբ, այսինքն` ասպարեզ իջան պոպուլիզմը եւ մանիպուլյացիան։

Կորոնավիրուսի համավարակը, սպասվող տնտեսական խորքային ճգնաժամը Հայաստանի քաղաքական համակարգի համար «անկեղծության պահ» են։ Պարզ բացատրություններ, պարզ լուծումներ այլեւս չեն լինելու։ Մեզ դժվար ժամանակներ են սպասվում։ Պոպուլիզմը պարտություն է կրում, երբ կյանքը որոշակիանում է, եւ ձախողումներն ու ձեռքբերումներն արդեն կարելի է թվերով արտահայտել։ Իսկ թվերը մտահոգիչ են։

Վարչապետի «լայվերը», ժողովրդին ուղղված հաճոյախոսությունները, «թալանչիներին» հասցեագրված սպառնալիքները, փողոցային ակցիաները արդեն կորցնում են իրենց հմայքն ու ազդեցությունը։ «Հաց եւ տեսարաններ» բանաձեւից մնալու է միայն «հացը», իսկ տեսարանների մասին կմտածենք հետագայում, երբ կյանքը բնականոն հուն վերադառնա: Բայց դա մոտակա օրերի խնդիր չէ։

Զգացմունքների ժամանակն անցնում է, գալիս է բանականության ժամանակը, երբ մարդկանց հետ այլեւս պետք է խոսել ըստ էության, բացատրել իրական վիճակը, անպատասխանատու խոստումներ չտալ, առաջարկել լուծումներ, որոնք կարող են եւ դուր չգալ ժողովրդին, որովհետեւ հարկադրված են լինելու ձգել գոտիներն ու գնալ զոհողությունների։ Այդպիսի իրադրությունում պոպուլիզմը նահանջում է, եւ առաջին պլան են դուրս գալիս ազնիվ ու անկեղծ խոսքը, հիմնախնդիրներին արագ եւ ամբողջական լուծումներ տալու ունակությունները։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: