Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Նոր գաղափարների վրա հիմնված նոր քաղաքական համակարգի սպասումով

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Խորհրդարանական ընտրություններն ունեն մի պարզ նպատակ՝ կուսակցությունները հանրությանը ներկայացնում են երկրի զարգացման վերաբերյալ իրենց առաջարկած ուղենիշները, իսկ հանրությունը կատարում է ընտրություն, որի արդյունքներով ձեւավորվող Կառավարությունը ստանում է կառավարելու իրավունք կամ, ինչպես ընդունված է ասել, լեգիտիմություն, եւ երկիրը տանում է այն ուղղությամբ, որը խոստացել է: Իսկ խորհրդարան անցած կուսակցությունների համամասնությունը ցույց է տալիս զարգացման ուղենիշների մասին հասարակության ունեցած կարծիքների համամասնությունը:

Սա է խորհրդարանական ընտրությունների իմաստն ու նպատակը, սակայն կյանքն ավելի հարուստ է, լինում են դեպքեր, երբ պետք է ճակատագրական որոշում կայացվի, եւ խորհրդարանական ընտրությունները վերածվում են հանրային հարցման։

Ինչպես տեսնում ենք, ցանկացած տարբերակում քաղաքական դերակատարները պետք է հանրությանը ներկայացնեն քաղաքական ծրագրահենքեր (պլատֆորմներ), իսկ հանրությունը կատարի իր ընտրությունը: Եթե այս տեսանկյունից մոտենանք հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին, կտեսնենք, որ որեւէ հասկանալի քաղաքական ծրագրահենք հանրությանը չի ներկայացվում, մասնավորապես՝ Արցախի ճակատագրի, անվտանգային համակարգի, տնտեսության զարգացման, աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող հաղորդակցությունների կառուցման գծով: Խնդիրների թվարկումը կարելի է շարունակել, սակայն դա չէ մեր խնդիրը:

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսները միտված են ազդելու մարդկանց զգացմունքների վրա, ելույթները միմյանց դեմ ուղղված մեղադրանքներ են, նախկինում թույլ տված սխալների հիշեցումներ, հաճախ՝ ուղղակի հայհոյանքներ, անվանարկումներ, անձնական վիրավորանքներ։ Հանրային կարծիքը շարունակում է մնալ «սեւ-սպիտակի», «հեղափոխական-հակահեղափոխականի» սանդղակում: Կուսակցությունների միջեւ փոխադարձ ատելությունն ու միմյանց հանդեպ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքները տարածվում են հանրության մեջ, որտեղ արդեն միջանձնային հարաբերություններ են խաթարում։

Սա է առաջիկա ընտրությունների պատկերը, եւ ակնհայտ է, որ անկախ ընտրության արդյունքից, հանրությանը համակած փոխադարձ ատելությունը չի հանդարտվելու, որովհետեւ «սեւ-սպիտակի» վերածված հանրության հատվածները դառնում են  անհամատեղելի: Անհանդուրժողականությունն ու փոխադարձ ատելությունը տեղափոխվելու են ապագա խորհրդարան, եւ յուրաքանչյուր նիստի ժամանակ մենք տեսնելու ենք դրա դրսեւորումները, որոնց սեւ էներգետիկան արծարծվելու է մամուլում, սոցցանցերում ու եթերում՝ մտնելով փողոցներ, աշխատավայրեր ու ընտանիքներ։

Սա է մեր հավանական ապագան, որից խույս տալը մոտակա ժամանակում, կարծես թե, չի հաջողվելու, եւ միակ լուծումը դառնալու է իրական քաղաքական կյանքի տեղափոխումը խորհրդարանից դուրս՝ նոր գաղափարների վրա հիմնված նոր քաղաքական համակարգ ստեղծելու համար։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: