Ի՞նչ է նշանակում «հեղափոխություն»։ «Հեղափոխություն»-ը, առաջին հերթին, մշակույթի փոփոխությունն է, իսկ մշակույթը սկսվում է միմյանց հետ խոսել կարողանալու արվեստից։ Համապետական ընտրությունը նույնպես միմյանց հետ խոսելու եւ վերջում որոշում ընդունելու մշակույթ է՝ այս անգամ արդեն համաժողովրդական մասշտաբով։
1995-ից ի վեր մենք չենք կարողացել հաստատել այդ մշակույթը, այսինքն՝ նախընտրական փուլում համաժողովրդական քննարկում սկսել, իսկ վերջում քվեարկությունների միջոցով համաժողովրդական որոշում կայացնել։ Կարծես թե տվյալ մշակույթի ներդրումը պետք է լիներ այն հիմնական խնդիրը, որը պետք է հաստատեր «հեղափոխությունը»։ ԱԺ վերջին ընտրությունների օրինականությանը ոչ ոք չի կասկածում, սակայն արդյո՞ք ընտրություններից առաջ համաժողովրդական քննարկում էր տեղի ունեցել։ Իհարկե՝ ոչ։
Քննարկում՝ դիսկուսիա, լատիներեն «discussio» բառից է առաջացել, որը բառացի նշանակում է «ուսումնասիրել», այսինքն՝ հիմքում ոչ թե «վիճաբանել», այլ «ուսումնասիրել» եզրն է, որին կարելի է հանգել միմյանց լսելու, միմյանց կարծիքը հարգելու միջոցով։ Արիստոտելը՝ համաշխարհային գիտության հիմնադիր հայրը, դիսկուսիայի 4 տեսակ է ձեւակերպել․
- քննարկում, որի նպատակը ճշմարտության հասնելն է՝ որոշակի տրամաբանական կանոններ պահելով.
- քննարկում, որի նպատակը դիմացինին քո տեսակետի հետ համաձայնության բերելն է.
- սոփեստական քննարկում, որի նպատակը ցանկացած եղանակով՝ օգտագործելով տրամաբանական ծուղակներն ու մանիպուլյացիայի մեթոդաբանությունը, դիմացինին քո տեսակետը պարտադրելն է.
- դիալեկտիկական քննարկում, որն ավելի շուտ ֆարս է՝ քննարկման տպավորություն ստեղծելու համար։
Արիստոտելի կողմից նշված՝ դիսկուսիայի չորս տեսակներից Հայաստանին ամենաբնորոշը սոփեստական քննարկումն է, ինչին բազմիցս ենք ականատես լինում, սակայն դրա գլուխգործոցը Սահմանադրական դատարանի «անդամ» կամ «դատավոր» լինելու եւ ՍԴ նախագահի լեգիտիմության շուրջ ծավալված քննարկումներն են։
Կարծես թե Հայաստանում լուրջ իրավական բանավեճ կարող էր ծավալվել, որից կշահեր երկրի իրավական եւ քաղաքական միտքը, իսկ արդյունքը լուրջ ազդակ կլիներ կարեւոր քաղաքական հարցերում իրավական լուծումներ գտնելու մշակույթի զարգացման առումով։ Սակայն հակառակ պատկերն ենք տեսնում՝ տեսակետները հնչում են ոչ թե իրավական ճիշտ լուծում գտնելու համար, այլ սեփական քաղաքական շահից ելնելով։
Մամուլում, ԱԺ ամբիոնում, թոք-շոուներում, սոցցանցերում քաղաքական մոտիվացիաներից կամ սեփական կարծրատիպերից ելնելով՝ յուրաքանչյուրը փորձում է իր տեսակետը պարտադրել, արդյունքում մենք ոչ թե ճշմարտությունն ենք որոնում, այլ զբաղված ենք պարզ մանիպուլյացիաներով։