Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Խմբագրական

Արձանագրենք անհույս իրականությունը, որպեսզի կարողանանք առաջ շարժվել

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ժամանակն է գնահատել հունիսին տեղի ունեցած ընտրությունների քաղաքական եւ հասարակական-սոցիալական արդյունքները: Դա կարեւոր է՝ նոր իրողությունները հասկանալու եւ մինչեւ հիմա տեղի ունեցած զարգացումների «տակ» թավ գիծ քաշելու համար:

Նախ՝ պետք է ավարտված համարել 2018-ին տեղի ունեցած իշխանափոխության կատեգորիաները՝ «Նոր Հայաստան», «հեղափոխություն», «նոր սերունդ», «վեթթինգ» եւ այլն։ Հիմա տիրում է «սովորական» իրավիճակ, պայքարը տարվում է ոչ թե հանուն ինչ-որ վեհ գաղափարների, այլ ավանդական եղանակներով իշխանության համար. շատ կոնկրետ շահերի վրա հիմնված սեփական խմբավորումների ձեւավորում, իսկ քաղաքական կյանքում՝ սուտ ու կեղծիք, ավտորիտար կուսակցություններ եւ այլն: Այսինքն՝ այն ամենը, ինչ տեսել ենք մինչեւ 2018 թվականը եւ լավ գիտենք։

Երկրորդ՝ պետք է արձանագրենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի պարտության պատճառների ներքին ու արտաքին, համազգային գնահատականը նույնպես անորոշ ժամանակով հետաձգվում է։ Դրան առանց շահարկումների հնարավոր կլինի վերադառնալ, երբ «ներկաներն» ու «նախկինները» անցնեն պատմության գիրկը եւ հնարավորություն ստեղծվի (եթե, իհարկե, ստեղծվի) անաչառորեն գտնել դրանց պատասխանները: Իսկ մինչ այդ, բոլորի համար պարզ է, որ հայ ժողովուրդը չկարողացավ ստեղծել արդյունավետ պետություն ու բարոյահոգեբանական առումով առողջ հասարակություն։

Երրորդ՝ նորից խորհրդարանում ունենք իշխանություն եւ ընդդիմություն, որոնցից յուրաքանչյուրը պայքարում է իր խմբակային շահերի համար, եւ «երկիր փրկելու» կարգախոսը մնում է անցյալում։ Լավագույն դեպքում նոր խորհրդարանում ականատես կլինենք նույն փոխադարձ մեղադրանքներին, անիմաստ լեզվակռվին, գործող իշխանության հետ ստվերային պայմանավորվածություններին։ Այսինքն՝ այստեղ նույնպես որեւէ նոր բանի հույս չի առկայծում։

Չորրորդ՝ արտաքին կողմնորոշումների հռետորաբանությունն իրեն նույնպես սպառել է: Լուսատտիկի կյանքի տեւողություն ունեցող «մաքուր» արեւմտամետ եւ «մաքուր» ռուսամետ կազմավորումները՝ ընտրությունների ժամանակ հավաքելով խորհրդանշական ձայներ, արդեն տոկոսների տեսքով ստացան իրենց լուսանցքային կարգավիճակի գնահատականը։

Այսպիսով՝ Ազգային ժողովում տեղ զբաղեցրած երկու ընդդիմադիր խմբակցությունները մեզ պարբերաբար կհիշեցնեն գորշ անցյալը, իսկ իշխող խմբակցությունը՝ տխուր ու անհեռանկար ներկան: Ցավոք, հուսառատ ապագա խոստացող խմբակցություն խորհրդարանում չկա, դեռեւս այն չկա նաեւ «քաղաքացիական կյանքում»՝ արտախորհրդարանական ընդդիմության տեսքով։

Սա է այն իրողությունը, որը պետք է հասկանանք եւ, ուզենք-չուզենք, ընդունենք։ Իրականությունից փախչել չենք կարող, որովհետեւ դա անհնարին է: Այն պետք է պարզապես ընդունել՝ առաջ գնալու ելքեր գտնելու համար։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: