Երկուշաբթի, Սեպտեմբերի 20, 2021

Խմբագրական

Ինքնության ճգնաժամ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ամենավառ երեւակայության դեպքում անգամ դժվար է պատկերացնել, որ արտաքին քաղաքականությունը տապալած քաղաքական ուժը, որի ապիկարությունը երկրին դաժանագույն պարտություն բերեց, կարող էր ձայների մեծամասնություն ստանալ ընտրություններում եւ վերընտրվել: Սակայն այսօր դա փաստ է, եւ ֆենոմենալ այս երեւույթը հասկանալ է պետք: Ինչո՞ւ ընտրություններին մասնակցած՝ Հայաստանի քաղաքացիներն ընտրեցին պարտությունը՝ դրա կործանարար հետեւանքներով հանդերձ: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հայ հանրությունը որոշել է հանձնվել թշնամուն, չպայքարել, թեկուզ շարունակական կապիտուլյացիայի շնորհիվ հանգիստ ապրելու հնարավորություն ձեռք բերել, ինչը, ինչպես տեսնում ենք, չի ստացվում:

Տարօրինակ չէ՞: Ի՞նչ է կատարվում ՀՀ քաղաքացիների գլխներում, ի՞նչ մտքեր ու բնազդներ են այնտեղ մոլեգնում:

Խորհրդային շրջանում հայաստանցիների քաղաքական պատկերացումները շատ պարզունակ էին, նախ՝ կար դժգոհություն վատ ապրելուց եւ ազատություններից զրկված լինելուց, ապա կար պետականորեն սերմանվող պահանջատիրությունը, որը խարսխված էր Ցեղասպանության բարդույթի վրա։

Հաջորդ փուլը Երրորդ Հանրապետությունն էր: Անկախության շրջանում Հայաստանի քաղաքացու ինքնության հիմքերն էին դարձել անկախությունը, որը մոտ 800 տարի անց մենք վերականգնեցինք (եթե Կիլիկայի կործանումից սկսենք հաշվել), Արցախի համար պայքարը, որը միավորում էր ողջ հայությանը եւ տարածքային դարավոր կորուստներից հետո մեր ընդարձակվելն ու Արցախի հաղթանակը՝ հաղթական բանակ, հաղթանակած ժողովուրդ։ Այս երեքն էին Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքացիների ինքնության հենասյուները։

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում մեր ինքնության երեք հենասյուներն էլ փլուզվեցին: Արցախում ունենք կորուստներ, բանակն արդեն հաղթական չէ, իսկ անկախության հարցում մեծ կասկածներ կան՝ անգամ սեփական սահմանների անվտանգությունը չենք պաշտպանում, իսկ սոցիալական կարիքներն արտաքին պարտքերի եւ արտաքին ողորմությունների վրա են կառուցված։

Եթե մեր ինքնության երեք հենասյուները տապալվել են, ապա ի՞նչն է մեզ միավորելու։ Եթե չկան միավորող գաղափարներ, ապա չեն կարող լինել որեւէ միասնականություն, որեւէ համախմբում: Հանուն ինչի՞։

Այսօր սահմաններում դարձյալ անհանգիստ է, ունենք զոհեր ու վիրավորներ, ունենք տարածքային կորուստներ, որոնց վերջը չի նշմարվում, սակայն մենք արդեն փոխվել ենք, մարդկանց ուղեղներն ինչ-որ շղարշ է պատել՝ չկան նախկին էնտուզիազմը, նախկին համարձակությունը, նախկին մտահոգությունը։ Հայաստանը, կարծես, մեզ համար ժամանակավոր ապաստան է դարձել, իսկ գործող կառավարությունը ժամանակ է շահում, որպեսզի մենք այս ժամանակավոր վիճակից ելք գտնենք։ Գուցե դրա համար է Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն այս կառավարությանն ընտրել։

Մյուս ելքը նոր ինքնության որոնումն է, դրա նոր  հենասյուների հայտնագործումը, որն ի զորու կլինի մեզ համախմբել եւ նպատակ ու կորով հաղորդել։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: