Կիրակի, Օգոստոսի 07, 2022

Խմբագրական

Հայաստանի երրորդ դժբախտությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ռուսական հայտնի ասացվածքում ասվում է. «Ռուսաստանը երկու դժբախտություն ունի՝ տխմարները եւ ճանապարհները» («В России две беды: дураки и дороги»): Հայաստանի պարագայում եւս այդ երկուսն արդիական են, սակայն կարելի է ավելացնել եւ երրորդ դժբախտությունը՝ դա  ընդդիմությունն է:

Մեր անկախության երեսուն տարվա փորձը վկայում է, որ ամբողջ այդ ընթացքում գործած ընդդիմությունների հիմնական նպատակը եղել է իշխանափոխությունը, այսինքն՝ պայքարն ընթացել է իշխանության համար, առանց որեւէ հիմնավորող հայեցակարգերի, տեսլականի, թե ինչ են անելու իշխանության գալուց հետո: Միակ «հիմնավորումը» եղել այն, որ իրենք ավելի հայրենասեր են:

Հաջորդ փուլում, երբ իշխանությունն ու ընդդիմությունը տեղերով փոխվում էին, պատկերը կրկնվում էր, նույն առանցքային հիմնավորմամբ, որ նախկին իշխանավորները՝ այժմ ընդդիմադիրներ, ավելի հայրենասեր են, քան ներկա իշխանությունը, որը նախկինում ընդդիմություն էր: Այս կարուսելը կարող է անվերջանալիորեն պտտվել, եթե չփոխվեն խաղի կանոնները, բայց առաջին հերթին՝ հանրության գիտակցությունը:

Ցանկացած միջին կամ անգամ փոքր բիզնեսի համար վարկ ստանալու դեպքում պետք է բանկին ներկայացնել բիզնես ծրագիր՝ ծախսերի արդյունավետության հիմնավորում, շուկայի ուսումնասիրություն եւ մոտակա մի քանի տարիների կտրվածքով արդյունքների կանխատեսում: Պետության ղեկը ստանձնելիս՝ դրան գումարվում են անվտանգության խնդիրները, սոցիալական, մշակութային, գիտակրթական, արտաքին ու ներքին քաղաքականությունը եւ այլն:

Հասկանալի է, որ այս ամենը ապահովելու համար քաղաքական կուսակցությունները պետք է լինեն որոշակի առումով հետազոտական հիմնարկներ՝ համալրված տարբեր մասնագետներով, որոնք պետք է պարբերաբար անցկացնեն համագումարներ, թեմատիկ խորհրդաժողովներ, համագործակցեն հետազոտական ինստիտուտների ու համալսարանական շրջանակների հետ, հրատարակեն ամսագրեր, պատրաստեն կադրային խարիսխ, նախաձեռնեն հանրային-կազմակերպական այլ միջացառումներ:

Ինչպես տեսնում ենք, ծանրակշիռ ու աշխատատար առօրյա պետք է ունենան այդ կուսակցությունները: Մեծ քաղաքականությամբ զբաղվելու, այսինքն՝ պետության կառավարման հայտ ներկայացնելու համար նախ պետք է «տնային աշխատանք» կատարել՝ փորձել կայանալ տեղական ինքնակառավարման մարմիններում, որից հետո ներկայացնել նման պատասխանատու առաքելության հայտ:

2018 թվականը ցույց տվեց, որ պարզունակ «մերժման» գաղափարի վրա կարելի է փողոցից մարդիկ բերել կառավարություն ու խորհրդարան եւ փորձել կառավարել երկիրը: Արդյունքը տեսնում ենք, թե որքան ողբերգական կարող է լինել, սակայն, միեւնույն է, դա մեզ համար դաս չի դառնում, եւ գործող ընդդիմությունը դարձյալ ջանում է կրկնել 2018-ի դառը փորձն ու դարձյալ, «մերժման» տեխնոլոգիայի օգտագործմամբ, իշխանության բերել արդեն «նոր փողոցը»:

Քաղաքական կուսակցություններին այդքան անհրաժեշտ եւ այդքան սպասելի ստեղծագործ աշխատանք մենք նորեն չենք տեսնում: Այդպիսի ավանդույթ տակավին չունենք: Միգուցե պետք է հենց այդօրինակ աշխատանքներից սկսել եւ միայն դրանից հետո՞ իշխանության հայտ ներկայացնել: Արժե այս մասին մտածել:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: