Կիրակի, Հոկտեմբերի 13, 2024

Խմբագրական

Ինչ էին փնտրում հետախույզները Հայաստանում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վերջին շրջանում Հայաստանում, կարծես, տարօրինակ այցերի շքերթ էր: Այն բացվեց հուլիսի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի ժամանմամբ: Հաջորդ բարձրաստիճան հյուրը ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսն էր, որի այցը գաղտնի էր պահվում՝ նախօրոք չէր հայտարարվել: Այցի մասին լուրն առաջինը հաղորդել էր ռուսական «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը, որն այդ տեղեկությունը հայթայթել էր ՀՀ-ում ռուսական սահմանապահ ծառայությունից: Դրանից տառացիորեն երկու օր անց Երեւան ժամանեց ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Վերջինիս մեկնաբանությունը իր եւ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի այցերի կապի մասին բավական խոսուն է. «Իմ երեւանյան այցը որեւէ կերպ կապված չէ ամերիկացի պաշտոնակցիս այցի հետ։ Բայց ես չեմ բացառում, որ նրա այցը հենց իմ այցի հետ է կապված»: Ուշագրավ է նրա եւս մեկ հայտարարություն. «Ռուսաստանը բավականաչափ ուժ ու ռեսուրս ունի, որպեսզի դժվար պահին պաշտպանի իր դաշնակիցներին եւ բարեկամներին»։

Կարելի է եզրակացնել, որ Հայաստանին, ըստ նրա, դժվար օրեր են սպասվում, եւ Ռուսաստանը պատրաստ է մեզ պաշտպանել: Հետաքրքիր է, որ դա ասում է ոչ թե ՌԴ նախագահը, վարչապետը կամ Պնախարարը, այլ արտաքին հետախուզության ծառայության պետը, ինչից կարելի է ենթադրել, որ «վտանգները» հետախուզական բնույթի են: Թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ անվտանգային գործերով պատասխանատուներն իրենց խոսքում կարեւորում են տարածաշրջանային զարգացումները եւ զգուշացնում դրանցով պայմանավորված հավանական վտանգներից:

Հարավկովկասյան տարածագոտում ակնհայտորեն աշխուժացած գործընթացների տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաեւ հուլիսի 19-ին Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան, որտեղ նախատեսված էին եւ տեղի ունեցան Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ղեկավարների հանդիպումներն ու սիրիական կարգավորման հարցի քննարկումը, ինչպես նաեւ առաջնորդների առանձին երկկողմ հանդիպումների անցկացումը: Այդ օրերին Իրանում էր նաեւ Սիրիայի արտգործնախարարը: «Շատ սուր, չափազանց կարեւոր հարցեր կան քննարկման համար»,- ասված է երեք երկրների ղեկավարների հանդիպման առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ։

Հատկանշական է, որ նկարագրված այցերին ու հանդիպումներին նախորդել էր ՀՀ վարչապետի մի հայտարարություն, որը մի տեսակ աննկատ մնաց: Խոսքը արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին Հայաստանի նախաձեռնությանն էր վերաբերում՝ առանց հստակեցնելու, թե որ երկրներում են գործելու Հայաստանի ապագա հետախույզները, ինչ առաջնահերթություններ են ունենալու, ում հետ են «ընկերություն» անելու եւ՝ ում դեմ: Սրանք կարեւոր հարցեր են, որոնք հատկապես հետաքրքիր են Նարիշկինի ակնարկի հենքին, ով ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի այցի նպատակը փոխկապակցել էր իր այցի հետ:

Եթե Հայաստանում հետախուզության ոլորտը կարգավորելու խնդիր է առաջացել, մենք պետք է հաշվի առնենք, որ հայերը մեծ Սփյուռք ունեն, որտեղ կան կրոնական ու ազգային հաստատություններ, որոնք վաղուց են հիմնադրվել այդ երկրներում: Այսինքն՝ կան նպաստավոր հիմքեր՝ ունենալու լավ, տեղեկացված հետախույզներ: Չմոռանանք, որ կոմունիստական դարաշրջանում հայկական Սփյուռքը խորհրդային հետախույզների դարբնոցներից մեկն է եղել: Իսկ այն, որ Հայաստանը պետք է ունենա արտաքին հետախուզական կառույց (ի դեպ՝ նաեւ հակահետախուզական), արդեն իսկ հասկանալի էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Դրա անհրաժեշտությունը ծայրաստիճան պահանջված է նաեւ ներկա պայմաններում, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանների բացումը կարող է երկրի ներսում հանգեցնել անվտանգային բարդ խնդիրների:

Այսպիսով՝ ողջ աշխարհը «եռում» է, միջազգային անվտանգային համակարգերը խափանվել են, կանխատեսվում են նոր տարածաշրջանային ռազմական բախումներ, որոնք հղի են ԱՄՆ հեգեմոնիայի փլուզման պայմաններում մեծ պատերազմների վերածվելու վտանգով: Աշխարհը նորից բաժանվում է մրցակցող դաշինքների, իսկ համաշխարհայնացման ճակատագիրը հարցական տակ է: Ամեն երկիր՝ անգամ սուղ հնարավորություններ ունեցող, կարող է ազդել աշխարհաքաղաքական դասավորությունների վրա՝ դառնալով նոր հաղորդակցությունների մասնիկ կամ դրանք խափանող տարածք:

Հայաստանի դերը կարեւորվում է՝ հաշվի առնելով Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք նոր հաղորդակցությունների խաչմերուկում գտնվելու իրողությունը: Այս տեսանկյունից պետք է դիտարկել նշված այցերի նշանակությունը: Եվ ո՞րն է այստեղ ամենակարեւորը՝ արդյոք Հայաստանը կկարողանա՞ միջազգային օբյեկտից՝ «անլեզու» տարածքից, դառնալ սուբյեկտ, թեկուզ՝ փոքր, եւ միջազգային այս խառնաշփոթի պայմաններում իր շահերն առաջ մղել: Չշտապենք ժամանակից առաջ անցնել:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: