Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Արդիականացման պահանջ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երկրների կյանքում միշտ գալիս է մի ժամանակաշրջան, երբ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել պետության եւ հասարակության «վերբեռնում»` եթե համացանցային եզրութաբանություն օգտագործենք։

Հաջողելու դեպքում «վերբեռնման» կամ մոդեռնացման (արդիականացման, նորացման) հեղինակների անունները «ոսկե» տառերով են գրվում պատմության էջերում։ Օրինակ` Ռուսաստանի արդիականացման հեղինակը համարվում է Պետրոս Առաջինը, չնայած իրականում ոչ պակաս, եթե ոչ ավելին, այդ երկրի համար արել է Եկատերինա Երկրորդը: Ֆրանսիայի` որպես առաջավոր երկրի, կայացման գործում մեծ ներդրում է ունեցել Կարդինալ Ռեշիլյեն։ XIX դարում Ճապոնիայում սկսվեց Մեյձիի ժամանակաշրջանը` դա երկրի մոդեռնացման ժամանակաշրջանն է։ Աշխարհից կտրված փակ, ավանդական երկիրը կարողացել էր կարճ ժամանակում «շտկել մեջքը» եւ շատ արագ արդիականանալ։ «Չինական հրաշք»-ի գլխավոր ճարտարապետն ու այսօրվա Չինաստանի հիմքը դնողը Դեն Սյաոպինն էր։

Այս ցուցակը կարելի է երկար շարունակել ու բերել Սինգապուրի, Հարավային Կորեայի, Միացյալ արաբական էմիրությունների եւ այլ երկրների օրինակները։ Ի՞նչն է հատկապես հետաքրքիրը. բոլոր վերը թվարկվածներն առաջադիմական մարդիկ էին եւ հեղափոխություն անում էին նախեւառաջ մարդկանց ուղեղներում, կրթական ոլորտում, տնտեսական հարաբերություններում ու պետական կառավարման համակարգում: Եվ դա անում էին գիտակցված, նախօրոք մտածված պլանի համաձայն, սակայն չէին ջարդում պետական համակարգերն ու մարդկանց «հների» ու «նորերի» չէին բաժանում։ «Նորերը» նրանք էին, ովքեր ընդունում էին հրապարակավ հայտարարված նոր արժեքները։

Հայաստանում 2018-ին իշխանության եկած նոր կառավարությունը շատ է խոսում հեղափոխությունների մասին` տնտեսական, մշակութային, իրավական եւ այլ բնորոշիչներով, սակայն երկրի մոդեռնացման հստակ հաշվարկված ծրագիր դեռեւս չենք տեսնում։ Եղածն էլ ավելի շուտ «PR» արշավներ են հիշեցնում, քան գիտակցված քաղաքական նախագծեր։

2018-ի իշխանափոխությունը, որին մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ, չէր կարող իրականանալ, եթե չլիներ ամրապնդված հանրային համոզմունք, որ կյանքն այսպես շարունակել այլեւս անհնար է, դրանից ոչինչ չի ստացվի, հետեւաբար պահանջվում են փոփոխություններ: Դա բոլորի համար հասկանալի էր: Բայց թե հատկապես ի՞նչ փոփոխությունների մասին էր խոսքը, Հայաստանի քաղաքական միտքը չէր կարողացել ձեւակերպել այնպես, որպեսզի դրանք դառնային հասարակության սեփականությունը, հասնեին յուրաքանչյուրի մտքին ու սրտին, ինչը կդներ «ներքեւից» եկող փոփոխությունների սկիզբը կամ էլ կդառնար հենց քաղաքական էլիտայի սեփականությունը, եւ այդ փոփոխությունները կնախաձեռնվեին «վերեւից»։ Այսօր նույն փակուղու մեջ են հայտնվել թե´ «վերեւները», թե´ «ներքեւները»։

Թերեւս ճիշտն այն կլինի, եթե մենք մոռանանք «հեղափոխություն» բառը եւ սկսենք օգտագործել «մոդեռնացում» եզրույթը` փոփոխությունների անհրաժշտության գիտակցումը եւ նորի ու արդիականի ռազմավարական ուղենիշները խորապես արմատավորելով հասարակության մեջ: Միգուցե դա օգնի ճիշտ ձեւակերպել խնդիրը, որից հետո էլ լուծումները կորոնենք արդեն ճիշտ դրված խնդրի պայմաններին համապատասխան։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: