Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Արցախյան պատերազմը բացեց «Պանդորայի արկղը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հարավային Կովկասում ընթացող վերադասավորումները մեր տարածաշրջանում նոր իրավիճակ են ստեղծել, ինչը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ Մերձավոր Արեւելքից մինչեւ Միջին Ասիա ընկած տարածագոտու ապագայի համար։ Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր արտացոլում Արցախի հարցում գերակա շահեր ունեցող երկրների ցանկը։ Այժմ պարզ է դառնում, որ Ռուսաստանից բացի, առանցքային խաղացողներ են նաեւ Թուրքիան եւ Իրանը, որոնք վերոնշյալ ցանկում ներկայացված չէին։ Պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, առաջին «ջութակների» դերում են Ռուսաստանն ու Թուրքիան, իսկ սեփական իրավունքների մասին հայտարարող Իրանն իր զորքերը մոտեցրել է Ադրբեջանի սահմաններին։

Տարածաշրջանը եռացող կաթսա է հիշեցնում: Խնդրի «կարգավորման» մասնակից լինելու հայտ ներկայացնողները շատ են։ Վրաստանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում է Թբիլիսիում նոր ձեւաչափ ստեղծել, Թուրքիան ավելի վաղ առաջարկում էր «3+3» ձեւաչափը՝ հարավկովկասյան երեք երկրների եւ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ներառմամբ: Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ եռակողմ բանակցություններ են ընթանում, Մինսկի խմբի անտեսված անդամները՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ջանում են վերակենդանացնել ՄԽ ձեւաչափը՝ փորձելով դրանով ապահովել իրենց ներկայությունը ծավալվող խմորումներին:

Սակայն վերը նկարագրվածը բոլոր խաղացողների ամբողջական ցանկը չէ։ Ներկայումս Հարավային Կովկասում պայքարը հիմնականում բանակցությունների ձեւաչափի շուրջ է: Խաղադրույքը մեծ է՝ հաղորդակցությունների ստեղծում կամ դրա խոչընդոտում, աշխարհաքաղաքական նոր դասավորումների, անգամ՝ տարածաշրջանային հնարավոր պատերազմի նախագծում եւ այլն։

Առաջին հայացքից տարօրինակ է, որ Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը հրապարակավ խուսափում են հանդիպել իրենց հայ պաշտոնակիցների հետ՝ դրանով, ըստ էության, ցուցադրելով, որ Հայաստանի հետ խոսելիք չունեն, քանի որ Հայաստանի ճակատագիրը որոշվում է առանց վերջինիս մասնակցության: Հասկանալի է, որ նրանք բանակցում են ՌԴ-ի հետ, որովհետեւ Հայաստանը, նրանց համոզմամբ, այն սուբյեկտը չէ, որի հետ իմաստ ունի խոսել։ Սեպտեմբերի 29-ին Սոչիում տեղի ունեցած՝ Պուտին-Էրդողան հանդիպումը դրա խոսուն վկայությունն է:

Տեղի ունեցողը շատ նման է երկու դար առաջվա իրավիճակին, երբ Կովկասի համար թեժ պատերազմ էր գնում Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ, որին միացել էր Ռուսաստանն ու իր տիրապետության տակ վերցրել Կովկասը։ Հիմա ամեն ինչ, կարծես թե, վերադառնում է «ի շրջանս յուր». Ռուսաստանի թուլացմանը զուգահեռ՝ Կովկասի համար նոր պայքար է վերսկսել, եւ Արցախյան 44-օրյա պատերազմը բացեց «Պանդորայի արկղը»:

Այդ պայքարը կարող է նորից վերածվել պատերազմների, իսկ խաղադրույքը բարձր է, առավել եւս, որ երեք երկրների համար խնդիրը ոչ միայն նվաճողական է, այլեւ տարածքային ամբողջականության պաշտպանության միջոց՝ Թուրքիայում քրդերի խնդիրն է, Իրանում՝ ադրբեջանցիների ու քրդերի, Ռուսաստանում՝ մոտ 20 միլիոն մուսուլմանների, որոնց զգալի մասը թյուրքեր են։ Նրանցից յուրաքանչյուրի համար Հարավային Կովկասին տիրապետելը սեփական տարածքի ամբողջականության պահպանման երաշխիք է, եւ այդ ամբողջը եկել, հանգել է Արցախի հիմնահարցին։

Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում։ Խնդիրը միայն պետության տիրույթում չէ, այլ նաեւ՝ մեծ քաղաքականության հայտ ներկայացնող քաղաքական կազմակերպությունների, որոնց պարտքն է՝ հանրության դատին փոխանցել Հայաստանի ապագայի իրենց տեսլականը, զարգացման ու անվտանգության ռազմավարության հայեցակարգը, ճանապարհային քարտեզի նախագիծը, հնարավոր դաշնակիցների ցանկը, եւ փորձել ստանալ հանրության հավանությունը։ Սա է այսօր Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներից ամենաառաջնայինը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: