Բացառիկ նշանակալիությամբ հանդերձ` Երեւանի ավագանու ընտրությունները մի փոքր այլ հայացքով գնահատելու եւ իմաստավորելու կարիք ունեն։ Հատկապես` հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանգամանքը։ Անկասկած, ընտրակեղծիքների ու ընտրախախտումների բացառման առումով դրանք աննախադեպ էին, ինչը շատ կարեւոր է, բայց կարո՞ղ ենք արդյոք այդ ընտրությունները դիտարկել բացառապես դրական լույսով: Անշուշտ՝ ոչ:
Գարնանային հեղափոխությունից հետո կառավարության կողմնակիցները գլխավորապես մի թեզ էին խաղարկում, այն է` երկրում կա հակահեղափոխության վտանգ, եւ Ավագանու ընտրություններում հեղափոխական թիմի «ջախջախիչ հաղթանակը» կչեզոքացնի հակահեղափոխության սպառնալիքները։ Քաղաքացիները փաստորեն գնացին ընտրատեղամասեր` եւս մեկ անգամ «մերժելու Սերժին»։ Դա ոչ թե ապագայի զարգացման ուղու ընտրությունն էր, այլ անցյալը հերթական՝ երկրորդ անգամ, մերժելու կամքի դրսեւորում։ Ընտրությունները ցույց տվեցին, որ Անցյալի վերադարձի հնարավորությունը բացառվում է, սակայն Ապագայի խնդիրն այդպես էլ բաց մնաց։ Բովանդակային առումով այս ընտրությունները fake էին, այսինքն` կեղծ էին։ Ավելին` բովանդակությունն իսպառ բացակայում էր, եւ բացարձակապես կարեւոր չէր, թե մասնակիցներից ով ինչպիսի թիմով ու գաղափարներով էր հանդես գալիս։
Գաղտնիք չէ, որ «թավշյա» հեղափոխության արդյունքում Հայաստանի քաղաքական դաշտը փլուզվել է: Անցյալում ամեն ինչ պարզ էր. կար քրեաօլիգարխիկ համակարգ եւ այդ իրողությունից ելնելով` կային գործող կուսակցություններ այս կամ այն դերում: Ոմանք պայքարում էին այդ համակարգի դեմ, ոմանք հարմարվում էին։ Սակայն քաղաքական օրակարգն իշխանությունն էր թելադրում` իր ձեռքերում պահելով կառավարման բոլոր լծակները։ Ավազակապետությունը փլուզվել է, նրա հետ միասին` նաեւ քաղաքական դաշտը: Այդ համակարգը դեռեւս մինչեւ հեղափոխությունն էր բարոյալքվել ու հայտնվել փլուզման եզրին: Դա էր պատճառը, որ շատերի համար անսպասելի հեշտությամբ ընկավ: Հիմա առաջնային խնդիրը քաղաքական դաշտի ու քաղաքական նոր հարաբերությունների ձեւավորումն է:
Նոր հարաբերությունները ձեւավորվում են աշխարհայացքի, տեսլականների, դրանց իրագործման ճանապարհային քարտեզի ու փորձագիտական ռեսուրսների հիման վրա։ Քաղաքական դերակատարները պետք է գտնվեն մշտական բանավեճերի մեջ` դրանցում ներքաշելով հանրությանը։ Ահավասիկ` ժամանակակից եւ արդյունավետ քաղաքական կյանքի պարտադիր պայմանները, որոնք կարող են հիմք հանդիսանալ երկրի զարգացման համար։
Արդյոք հեղափոխությունից հետո անցկացված առաջին ընտրությունները, որոնք տեխնիկական առումով անցան առանց միջադեպերի ու ընտրակեղծիքների, կարողացա՞ն նպաստել նոր քաղաքական դաշտի, քաղաքական հարաբերությունների ու քաղաքական մշակույթի ձեւավորմանը։ Պատասխանը բավական միանշանակ է. Սերժը եւս մեկ անգամ «մերժվեց», սակայն նոր սերժերի չառաջացման մեխանիզմներ չստեղծվեցին։ Երկրներն ու հասարակությունները զարգանում են սկզբունքների շնորհիվ, երբ հասարակությանը երկընտրանքի առջեւ չեն դնում հոգեբանական ճնշումների միջոցով։ Նախկին իշխանությունները եւս հասարակությանն ահաբեկում էին պատերազմով եւ անկայունությամբ։
Հուսանք, որ սպասվող խորհրդարանական ընտրությունները կանցնեն ստեղծագործական մթնոլորտում, իսկ քաղաքացիներն ընտրություն կկատարեն առաջարկվող աշխարհայացքների ու դրանց վրա կառուցված քաղաքական օրակարգերի միջեւ։