Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025

Խմբագրական

Իշխանության անձեռնհասությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մի խումբ մարդկանց կողմից բոլոր մյուսների ճակատագիրը որոշելու իրավունքը պետք է ինչ-որ ձեւով հիմնավորվի եւ արժանանա համընդհանուր ճանաչման: Եթե առաջ իշխանության իրավունքն ուներ սակրալ հիմք, այսինքն՝ եկեղեցին հայտարարում էր, որ միապետն Աստծո ընտրյալն է եւ ժառանգականության հիմքով պայմանավորված՝ ունի մյուսների վրա իշխելու իրավունք, ապա աշխարհիկացման ժամանակաշրջանում, երբ կրոնը Արեւմտյան քաղաքակրթությունում դուրս է մղվել հանրային կյանքից ու դարձել անհատի անձնական գործը, իշխանության օրինակարգությունը որոշվում է ընտրությունների միջոցով: Ասել է թե՝ մեծամասնությունն իշխելու իրավունքը փոխանցում է իր կողմից ընտրված անձանց:

Այլ եղանակ դեռեւս հայտնագործված չէ, սակայն ընտրությունների միջոցով, ինչպես ցույց է տալիս մարդկության փորձը, միշտ չէ, որ ընտրվում են լավագույնները կամ ամենաձեռնհասները, այստեղ սկսում է դեր խաղալ հասուն ու պատասխանատու որոշում կայացնելու գործում ընտրող մեծամասնության պատրաստվածությունը։ Ամբոխավարները, պոպուլիստներն ու անպատասխանատու խոստումներ տվողները, որոնք կարողանում են ազդել այդ մեծամասնության զգացմունքների վրա, հաճախ կարողանում են օրինական ճանապարհով վերցնել իշխանությունը եւ հանրությանը տանել դեպի անդունդ։ Այդպիսի օրինակները շատ են եւ, ցավոք, մենք հիմա գտնվում ենք նմանատիպ իրավիճակում։

Պետության կառավարումը բարդ արվեստ է, իսկ պետական մեքենայի անխափան աշխատանքի համար պահանջվում են լավ պատրաստված, որոշակի դպրոց անցած մարդիկ, որոնք՝ ունենալով համապատասխան կրթություն եւ տիրապետելով երկրի արժեքային համակարգին ու նորմերին, դառնում են պետության կառավարման մեքենայի պտուտակները։ Նման «մեքենայի» առկայությունն է հանրությանը տանում դեպի զարգացում եւ ապահովում արդյունավետ կառավարում։

Այժմ գանք Հայաստանի ներկայիս վիճակին։ «Հեղափոխությունները», «հեղաշրջումներն» ու «ապստամբությունները» մեծ ցնցումներ են ցանկացած պետական կառավարման համակարգի համար: Այդ ցնցումների արդյունքում մարդիկ «փողոցից» հայտնվում են կառավարման համակարգի պատասխանատու օղակներում՝ չունենալով դրա համար անհրաժեշտ մասնագիտական ու բարոյական հատկություններ։ 1988-ից հետո գրեթե մեկ տասնամյակ մեզ վիճակված էր վերապրել այդպիսի ծանր մի փուլ, երկրորդ անգամ այն մեզ այցելեց 2018-ին եւ շարունակում է իր աղետաբեր երթը: Հետանկախական երեսուն տարվա ընթացքում երկու պարբերական ցնցումները պետության համար շատ են, առավել եւս՝ Հայաստանի նման փոքր եւ մեծ մարտահրավերներ ունեցող պետության համար։

Մերօրյա Հայաստանի բազում դժվարություններից մեկը անձեռնհաս եւ դրա արդյունքում նաեւ ինքնահավան ու գոռոզամիտ կադրերի խնդիրն է, որոնք հեղեղել են կառավարման համակարգը։ Անձեռնհասությունը մեր ժամանակների չարորակ գոյացությունն է: Ովքեր այս կամ այն առիթով շփվել են գործող կառավարիչների հետ, սեփական մաշկի վրա զգացել են պետական կադրերի անիրազեկությունը։ Եվս երեսուն տարի սպասել, որպեսզի խելքի բերվի կառավարման մեքենան՝ մենք չենք կարող, իսկ ինչ անել իրավիճակը փոխելու համար՝ նույնպես պարզ չէ, որովհետեւ անձեռնհասությունը բնորոշ է ոչ միայն կառավարման համակարգին, այլեւ ողջ քաղաքական համակարգին, որը վերջնականապես փլուզվեց 2018-ին։

Ցավոք, այս թեման հանրային քննարկումներում պատշաճ տեղ չի գտնում: Մինչդեռ խնդիրը համակարգային լուծման կարիք ունի, ուստիեւ պահանջում է համակարգային մոտեցումներ:

Նոյեմբերի 08 2025
Նոյեմբերի 01 2025
Հոկտեմբերի 11 2025
Հոկտեմբերի 04 2025
Սեպտեմբերի 27 2025

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: