Հինգշաբթի, Հունվարի 20, 2022

Խմբագրական

Ընտրությունների ծուղակը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հանրության որոշ շերտերում անբացատրելի հետաքրքրություն են առաջացնում։ Այն, որ թեման հետաքրքրական է մամուլի համար, հասկանալ կարելի է՝ մամուլը պետք է օրվա լրահոսը մի կերպ լրացնի, մեկնաբանի կամ ինչ-որ պարզաբանումներ տա։ Հասկանալի է նաեւ, թե ինչու է դա հետաքրքրում քաղաքական կազմակերպություններին. նրանք պետք է «քաղաքականությամբ» զբաղվեն եւ ցույց տան, որ գործընթացներ են ծավալվում, կա քաղաքական պայքար, եւ իրենք այդ պայքարի մասնակիցն են։ Տեղերում առկա հետաքրքրությունն էլ իր պատճառն ունի. չէ՞ որ որոշվում է, թե ով է տիրանալու տեղական կառավարման լծակներին: Եվ քանի որ, ըստ Ընտրական օրենսգրքի, մասնակիցները կուսակցություններն են, ապա տեղի «խաղացողները» պետք է հանդես գան որեւէ քաղաքական ուժի հովանու ներքո, իսկ կուսակցությունների համար շատ կարեւոր է՝ տեղական «լեգեոններ» ներգրավել իրենց շարքերում։

Պարզ է, որ տեղական մակարդակի ընտրություններում համապետական ծրագրեր չես հանի մեջտեղ, ոչ էլ մեր կուսակցություններն են գաղափարական կառույցներ, որպեսզի բացահայտվի, թե, ասենք, Ապարանում կամ Արթիկում տեղաբնակները ո՞ր քաղաքական գաղափարախոսությանն են հարում կամ աշխարհայացքային ինչպիսի կողմնորոշիչներով են առաջնորդվում եւ կատարում իրենց ընտրությունը։

Առհասարակ՝ անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքական կյանքը սեւեռված է ընտրական գործընթացների վրա՝ ինչպե՞ս են դրանք կազմակերպվում, արդյոք արդա՞ր են, կեղծիքներ եղե՞լ են, ազդե՞լ են արդյոք այդ կեղծիքներն ընտրությունների արդյունքների վրա։ Սակայն ընտրությունների բովանդակությունը ոչ մեկի առանձնապես չի հուզել, թե ինչ են ընտրում ու այդ ընտրությունն ինչպես է փոխելու իրենց կյանքը։

Սա Հայաստանի յուրահատկություններից է, եւ պատճառը քաղաքական մտածողության, ըստ էության, բացակայությունն է, ինչն ակնառու կերպով երեւաց Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ի հայտ եկան բազում դժվարություններ: Մասնավորապես՝ պետությունն ի վիճակի չեղավ պատերազմ վարել, բանակն ուներ կառավարման խնդիր, սպայական կազմը մոտիվացված չէր եւ մասնագիտական առումով՝ սնանկ, իսկ հասարակությունը մոբիլիզացված չէր գաղափարապես։

Նման խնդիրներ ընտրությունների ժամանակ չէին քննարկվում, պատճառները չէին բացահայտվում, փորձագիտական ուղղվածության կուսակցություններ՝ որպես այդպիսիք, չկային։ Մինչդեռ կուսակցությունները, առաջին հերթին, պետք է լինեն մտքի ու գաղափարի կենտրոններ, այլ ոչ թե ընտրությունների ժամանակ ցանկացած ձեւով ձայն հավաքող մենեջերներ։

Ինչո՞ւ է այդպես ստացվել։ Հարցի առաջին պատասխանը հստակ է՝ Հայաստանի քաղաքական միտքը ոչնչացված է, մյուս պատասխանն արդեն կարելի է որոնել տնտեսության ոլորտում։ Հայաստանը մեկուսացված երկիր է, չունի բավարար չափով բնական պաշարամիջոցներ, շուկան փոքր է ու չի կարող լինել ինքնաբավ, զուրկ է հաղորդակցություններից, եւ արդյունքում ամենալավ «բիզնեսը» իշխանությունն է։ Ունես իշխանություն եւ ունես թիմ պահելու միջոցներ՝ ուրեմն տիրապետում ես եղած ռեսուրսներին եւ, ամենակարեւորը, պետական բյուջեին ու կոռուպցիոն սխեմաներին: Ստացվում է՝ ընտրություններն ուղղակի ծուղակ են, որոնց միջոցով ամեն անգամ իշխանություններ են գալիս, իշխանություններ են գնում, բայց երկրի վատ վիճակը դրանից չի փոխվում: Կամ փոխվում է դեպի վատթարագույնը:

Քաղաքականությունը, այո, Հայաստանում ընդամենը բիզնես է, որի դառը պտուղներն այսօր քաղում ենք։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: