Հարցին, թե որն էր Միացյալ Նահանգներում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրարշավի առանձնահատկությունը, փորձագետների գերակշիռ մեծամասնությունն իր պատասխանում, ամենայն հավանականությամբ, կմատնանշի ընտրական մրցապայքարի հիմքում արժեքային համակարգի տարրերի ընդգծված առկայությունը: Նախընտրական խոսույթի հարթակներ էին դուրս բերվել մեծիմասամբ արժեհամակարգային թեմաներ ու մարդակենտրոն խնդիրներ՝ ընտանիք, գենդերային ռազմավարություն, կրոն, հայրենիք, մշակույթ, պատմություն եւ այլն:
Իսկ արդյունքը, որն ավանդական պահպանողականության ու նեոազատականության միջեւ ընթանում էր փոխնիփոխ առավելություններով, վերջնահաշվում գրանցվեց հօգուտ առաջինի: Թրամփի թիմին այս անգամ հաջողվեց հետեւում թողնել ձախ ծայրահեղ ազատականներին, որոնց պարտությունը, կարծես թե, վարակիչ էր: Մենք տեսանք, թե ինչպես Եվրոպայում Օրբանը, Վրաստանում «Վրացական երազանքը», Սլովակիայում Ռոբերտ Ֆիցոն եւ էլի շատ պահպանողականներ «նեղը գցեցին» ազատականներին: Տեսանք նաեւ, որ Վրաստանի իշխանության դեմ քարոզարշավի առանցքում ԼԳԲՏ-ի, օտարերկրյա գործակալների (իրականում՝ ձախ ազատական գաղափարախոսության պրոքսիների) օրինագծերի խնդիրն էր դրված:
Սա նշանակում է, որ պայքարը, նախեւառաջ, արժեհամակարգի համար էր: Պատահական չէ, որ Թրամփը ամերիկահայերի ձայները շահելու համար զանգահարել էր ոչ թե ձախ ազատական թեւում ծվարած կամ իրեն լիբերալ արժեքների հետեւորդ համարող՝ ՀՀ ղեկավարությանը, այլ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, որին էր հատկապես տեսնում իբրեւ միջնորդ տեղի հայերի հետ հարաբերություններում: Ակնհայտ է, որ միջազգային գործերում Հայաստանը հետզհետե լուսանցք է մղվում: Այդ մասին առաջինը բարձրաձայնեց Ռուսաստանը՝ Մարինա Զախարովայի շուրթերով. «Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա»,- օրերս հայտարարեց ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակը:
Արդարեւ, Հայաստանն այսօր՝ բառի բուն իմաստով, դարձել է ձախ ազատականության կղզյակ՝ շրջապատված պահպանողական ուղեգիծ որդեգրած երկրներով՝ Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Ռուսաստան… Իշխող քաղաքական ուժը հայտնվել է տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումների հետնաբեմում: Դրանում համոզվելու համար բավական է աչքի անցկացնել ՔՊ-ի գաղափարախոսությունը կամ ուղղակի հետեւել գործող վարչապետի չարագուշակ հայտարարություններին, նրա տիկնոջ սադրիչ ելույթներին ու ԿԳՍՄ նախարարի կրթական «ռեֆորմներին», եւ բոլորի համար պարզ կդառնա ՔՊ-ի գաղափարաքաղաքական սնանկությունը:
Իսկ նրանց համար, ովքեր ծանոթ չեն ՔՊ-ի գաղափարախոսությանը, որն իրականում ազգակործան ծրագիր է, կներկայացնենք մի քանի դրույթներ: Ի՞նչ է, ուրեմն, քարոզում ՀՀ հետանկախական շրջանի ամենից ապազգային իշխանությունը. ա/ հրաժարվել Արցախից եւ Հայոց ցեղասպանության ճանաչումից; բ/ հրաժարվել Սփյուռք հասկացությունից; գ/ վերաշարադրել հայ ժողովրդի պատմությունն ու հայագիտական մյուս ուսումնական ձեռնարկները, վերանայել պետական-ազգային խորհրդանիշները; դ/ սահմանափակել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը՝ այն հավասարեցնելով կրոնական այլ կառույցների կարգավիճակին; ե/ խրախուսել միգրանտների ներհոսքը՝ բնակչության ազգային կազմի փոփոխության միտումով եւ այլն:
Ընդհանուր առմամբ՝ «Քաղպայմանագիրը» վաղուց է սպառել ինքնիրեն։ ՀՀ կառավարող քաղաքական ուժին ոչ ոք այլեւս լուրջ չի վերաբերվում՝ ո՛չ Հայաստանի ավանդական դաշնակիցներն ու բարեկամ երկրները, ո՛չ միջազգային հանրություն կոչվող արեւմտյան դերակատարները, ո՛չ էլ, նույնիսկ, տեղական յուրայինները, որոնց վերջին խմբակային պաշտոնանկությունները գործող իշխանակարգի մայրամուտի առհավատչյան են: Բայց այս թեմային արժե առանձին անդրադառնալ: