Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Անցած շաբաթավերջին` հունվարի 31-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ղազախստան, որտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ Ալմաթիում անցկացված միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Քննարկվել են ԵԱՏՄ ֆունկցիոնալության հետագա բարձրացման, կառույցի իրավապայմանագրային բազայի կատարելագործման, ԵԱՏՄ շուկայում խոչընդոտների վերացման, ազգային տեղեկատվական համակարգերի սերտաճման, ընդհանուր շուկաների ձեւավորման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու եւ պաշտպանական միջոցառումները բարելավելու հնարավորությունները:
Ֆորումի շրջանակներում տեղի են ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:
…Ռուսաստանի դաշնության վարչապետի հետ զրույցում Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է երկրի տնտեսական զարգացման գործում Ռուսաստանի կառավարության աջակցությունը: «Իհարկե, մեր երկրների, մեր կառավարությունների միջեւ մշտապես եղել են եւ կլինեն լավ, ջերմ հարաբերություններ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը` հույս հայտնելով, որ Միշուստինի հետ մոտ ապագայում կհանդիպի Երեւանում, որտեղ այս տարի կանցկացվի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերից մեկը: Ընդհանրապես` Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերությունները ռազմավարական ու գործընկերային լինելուն զուգընթաց` ունեն շատ զգայուն մի շերտ, որը պատմականորեն առնչվել ու առնչվում է Հայաստանի անվտանգության խնդրին: Ադրբեջանա-ղարաբաղյան չկարգավորված հակամարտության օրակարգով պայմանավորված` այդ խնդրի արդիականացումը միանգամայն բնական է:
Միշուստին-Փաշինյան առաջին գործնական հանդիպումը լավ առիթ է եւս մեկ անգամ անդրադառնալու բոլոր ասպարեզներում երկու երկրների փոխգործակցությանը, ինչպես նաեւ այն խնդիրներին, որոնք ժամանակ առ ժամանակ իրենց զգալ են տալիս` երբեմն ստվերելով բարեկամ երկրների` դարերից եկող ավանդական հարաբերությունները: Կարծես թե միշտ գտնվում են մարդիկ, որոնք սեփական նախաձեռնությամբ կամ ոմանց հրահրմամբ փորձում են սեպ խրել այդ հարաբերությունների մեջ: Այդպես եղավ նաեւ Ալմաթիում Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետների հանդիպման նախօրեին, երբ բանավեճերի հուժկու ալիք բարձրացավ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանի այն դիրքորոշման պատճառով, թե օտարերկրյա հեռուստածրագրերի, այդ թվում նաեւ ռուսականների հեռարձակումը, սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության համար: Սա հարուցել էր ՀՀ-ում ՌԴ դեսպանության անհանգստությունը:
Այդ առնչությամբ դեսպանության մամլո ծառայությունը տարածեց հայտարարություն, որտեղ ասված է. «Ռուսաստանի հետ եղբայրական, դաշնակցային ու ռազմավարական բնույթի հարաբերությունների մասին ՀՀ կառավարության հայտարարությունների ֆոնին տարակուսանք են առաջացնում պնդումները, թե ռուսական հեռուստաալիքները սպառնալիք են ազգային անվտանգության համար»: Դիվանագիտական առաքելությունը հորդորում է օտարերկրյա հեռարձակողների անտեսմամբ «նվազագույն սոցիալական փաթեթ» ստեղծելու որոշում կայացնելիս գոնե հաշվի առնել Հայաստանում ռուսական ալիքներին մշտապես հետեւող բազմահազար քաղաքացիների շահերը: Տիգրան Հակոբյանի արձագանքը չուշացավ. նա հանդես եկավ լրացուցիչ պարզաբանմամբ` նշելով, որ իր ասուլիսի ընթացքում, որի տեսագրությունը տեղադրված է ՀՌԱՀ-ի կայքում եւ ֆեյսբուքյան իր անձնական էջում, չի օգտագործել «ռուսական հեռուստածրագրեր», «ազգային անվտանգություն» բառակապակցություններ, այլ խոսել է «հանրային թվային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման անհրաժեշտության մասին», ինչից տեղյակ էր նաեւ Ռուսաստանի դեսպանը: «Մարդիկ, որոնք «անկեղծ» զարմանում կամ ընդդիմանում են իմ կարծիքին եւ առաջարկներին, պարզապես չեն հասկանում` ինչ բան է երկրի սուվերենությունը, ինչ բան է ազգային մեդիատարածքը, ինչու է այն հարկավոր պաշտպանել»,- ասել է ՀՌԱՀ նախագահը:
Անշուշտ` Տիգրան Հակոբյանը կարող էր եւ «արդարանալու» ջանքեր չվատնել, քանի որ ռուսական դեսպանատան բուռն արձագանքը, խոշոր հաշվով, ոչ թե իրեն էր ուղղված, այլ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, որը, հակառակ Ռուսաստանին ու նրա հետ ռազմավարական ուխտին բազմիցս տված հավատարմության երդումների, կարծես թե, չի ուզում հայացքը կտրել Արեւմուտքից: Կրեմլի ուղերձը, որը փոխանցվեց դիվանագիտական իր առաքելության ներկայացուցիչների շուրթերով, ըստ էության, պաշտոնական Երեւանի արտաքին ուղեգծի վերջնական ու միանշանակ ընտրության պահանջ է: Հակառակ դեպքում մեր հյուսիսային գործընկերն ու ռազմավարական դաշնակիցը օրերից մի օր կդադարի հավատ ընծայել երկդիմի խաղեր տվող հայ ղեկավարության անկեղծությանը:
Այդժամ վախենամ չօգնի նույնիսկ Ալմաթիում Միխայիլ Միշուստինի հետ Նիկոլ Փաշինյանի «սելֆին»:
Հունվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ներկայությամբ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի գերեզմանատանը հուղարկավորեցին երեք օր առաջ մահացած` Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Վահրամ Ավագյանին։ Վերջինիս հարազատներն առավոտյան ցանկանում էին Ավագյանի դագաղը մայրաքաղաք բերել` պնդելով, որ տղան ինքնասպան չի եղել, նրան սպանել են: Ոստիկանները նրանց չէին թողնում Երեւան շարժվել: Նախարար Տոնոյանն իր հերթին հարազատներին հորդորում էր գյուղ վերադառնալ եւ հողին հանձնել մահացածի դին: «Ինձ համար սա ինքնասպանություն չէ»,- հարազատներին ասում էր նախարարը` երաշխավորելով, որ գործը կբացահայտվի:
Քննչական կոմիտեն դեպքի օրը հայտարարել էր, որ շարքային Ավագյանը իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել էր նրա կենսաբանական մահը: Քրգործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով ինքնասպանության հասցնելը։
…Դժվար է ասել՝ դեր խաղա՞ց արդյոք նախարարի աներկբա պնդումը, թե ոչ, բայց Քննչական կոմիտեն շատ արագ հայտարարություն տարածեց, որ Վահրամ Ավագյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են նրա երեք համածառայակիցները` Խաչիկ Գասպարյանը, Սպարտակ Ավետիսյանը եւ Դավիթ Մովսիսյանը։ Վերջինս Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդին է, ով երկու օր անց` փետրվարի 4-ին, կալանավորվեց: Նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային նորմերը խախտելը` նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
2020-ի հունվար ամսում սա բանակում տեղի ունեցած 3-րդ ինքնա/սպանությունն էր: Առկա իրավիճակի համատեքստում չի կարելի օրինաչափ համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 10-ի հայտարարությունը, թե «2019-ի ընթացքում բանակում բոլոր պատճառներով զոհերի քանակի պատմական մինիմում է արձանագրվել, այսինքն` մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, որքան 2019-ին»,- հայտնել էր վարչապետը: Նախ` պետք է նկատել, որ տեղին չէ այսօրինակ հայտարարությունն առնչակցել մահվան դեպքերի հետ, նույնիսկ մեկ զինվորի մահը չի կարող «պատմական մինիմում» անվանվել: Բոլոր մարդկային կյանքերը հավասարապես թանկ են, իսկ յուրաքանչյուրի կյանքը թանկ է յուրովի: Եվ, երկրորդ` ողբերգական դեպքերի թիվը Զինված ուժերում շարունակում է մտահոգիչ մնալ, օրինակ` վարչապետի հիշատակած «պատմական մինիմումի» տարում` 2019 թվականին, 49 մահ է գրանցվել: Ճիշտ է` սա նախորդ տարվա համեմատ պակաս է 14 դեպքով, բայց նման վիճակագրությունը ոչնչով չի մեղմում 49 սեւազգեստ մայրերի ցավը: Այնպես որ, ուրախանալու ոչ մի առիթ չկա:
Ամենացավալին այն է, որ ոլորտին քաջատեղյակ փորձագետների տվյալներով` բանակում տիրող հոռի բարքերը, ապօրինությունները, կոռուպցիան, մյուս հակոտնյա երեւույթները չեն նվազել: Հենց դրանք էլ դժբախտ դեպքերի գեներացման ակունքն են: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի վկայությամբ` բանակում սպանության դեպքերը, որպես կանոն, չեն բացահայտվում, քանզի ամեն մահվան համար միշտ մեղքի իր մեծ բաժինն ունի սպայակազմի որեւէ պատասխանատու: Իսկ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է ամեն գնով պարտակել սպայի մեղքը, միայն թե բանակի պատիվը չարատավորվի: Իրավապաշտպանը պատմում է, որ «թավշյա» հեղափոխությունից հետո բանակում որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել:
«Տարիներ շարունակ կատարվող սպանությունները որակվում են որպես ինքնասպանություններ, եւ այդ գործերն այդպես էլ մնում են չբացահայտված: Սակայն քննությունն ու մահացած զինվորների հարազատները միշտ ապացուցել են, որ իրենց զավակներն ինքնասպան չեն եղել, այլ սպանվել են սպաների կողմից հարձակումների, ծեծի ու ստորացումների հետեւանքով»,- նշել է Ալեքսանյանը: Նրա խոսքով` Զինված ուժերի համակարգում կա մի կառույց, որը բռնությունների միջոցով ղեկավարության ուզած ցուցմունքը կորզելու վայր է: Դա Ռազմական ոստիկանությունն է, որը, ըստ իրավապաշտպանի, ավելորդ օղակ է եւ պետք է դուրս բերվի ԶՈԻ համակարգից:
Այսքանից հետո զոհվածների հարազատներն ինչպե՞ս կարող են հավատալ իրենց զավակների` ինքնասպանության վարկածներին, մանավանդ երբ նրանց մահվան հանգամանքները տարիներ ի վեր մնում են չբացահայտված: «Սա աղետ է։ Ինչո՞ւ չեն պոկվում գեներալական ուսադիրներ։ Ամեն գնով կասեցնել այս ինքնաոչնչացման ընթացքը»,- Ֆեյսբուքում իր զայրույթն է պարպել փաստաբան Նորայր Նորիկյանը` հիշատակելով 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի՝ սեփական կրծքավանդակին կրակոցներ (կրակոցնե՞ր…Գ.Լ.) արձակելու եւ մահանալու մասին ՀՔԾ հաղորդագրությունը։
Դավիթ Տոնոյանի վստահ պնդումը, որ տեղի ունեցածն ինքնասպանություն չէ, կարծես թե, որոշակի դեր խաղաց նախաքննությունը ճիշտ հունով տանելու գործում: Թեպետ չի բացառվում, որ նախարարի հայտարարությունը պարզապես վշտից ու անարդարության զգացումից բորբոքված հարազատներին հանգստացնելու համար էր:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով
Փետրվարի 4-ին նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում են ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ պետք է ավելի շատ կարեւորել երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման եւ հիմնադրել ու ներդնել ռազմավարական կառավարման տրամաբանությունը: Անդրադառնալով Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես միանշանակ կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ»: Նախագահ Սարգսյանն էլ նշել է, որ էական է ինստիտուտների կայանալը երկրում, «հավասարակշի՛ռ ինստիտուտների, որովհետեւ եթե խոսում ենք երկարաժամկետ, կայուն զարգացման մասին, առանց դրա հնարավոր չի լինի»:
Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ փետրվարի 3-ին հայտարարություն է տարածել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն` կիսելով ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների մտահոգությունները, որոնք արտացոլված են նրանց հունվարի 31-ի հայտարարության մեջ: «Ես կցանկանայի հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները, որ ՍԴ դատավորների համար ներդրված վաղաժամկետ կենսաթոշակային ցանկացած համակարգ պետք է լինի իսկապես կամավոր, բացառի որեւէ անհարկի քաղաքական ճնշում դատավորների վրա եւ չպետք է ազդի դատական ընթացիկ գործերի արդյունքի վրա»,- հայտարարել է Բուքիքիոն: Ըստ նրա, հանրային վերջին հայտարարությունները եւ գործողությունները չեն բավարարում այդ չափանիշներին եւ չեն նպաստի լարվածության թուլացմանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները եւ համապատասխան իրավական հիմնավորումներով ու փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրանց համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Այս առնչությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության՝ փետրվարի 6-ին տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սույն օրենքներն «առերեւույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից»:
Ազգային ժողովը փետրվարի 6-ին գումարված արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ չընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը` 87 պատգամավոր քվեարկեց ձեռնպահ, 36-ը՝ դեմ։ Պատգամավորները հաջորդիվ քննարկեցին նույն հարցը հանրաքվեի դնելու որոշման նախագիծը: Իշխանությունը հղում կատարեց Սահմանադրության 202-րդ հոդվածին, ըստ որի՝ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:
Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ վեց անդամների լիազորությունները։