Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Շաբաթվա անցուդարձ

Հոկտեմբերի 28 - Նոյեմբերի 4

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ից մեկնարկեցին «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումները։

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ։ Նա համոզմունք է հայտնել, որ քննարկումների արդյունքում կունենան այս պահի դրությամբ երկրի եւ քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող ու զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե 2018-ի համար։

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, պաշտոնական այցով ժամանել է Տաջիկստան: Հոկտեմբերի 30-ին Բաբլոյանը եւ պատվիրակության անդամները Դուշանբեում հանդիպումներ են ունեցել Տաջիկստանի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շուքուրդջոն Զուխուրովի եւ Վերին պալատի նախագահ Մահմադսայիդ Ուբայդոլլոեւի հետ: Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Կողմերը փաստել են, որ հայ-տաջիկական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Նրանք պատրաստակամություն են հայտնել այսուհետ եւս զարգացնելու միջխորհրդարանական համագործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 31-ի հրամանագրով՝ Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից: Ծանրամարտիկ, օլիմպիական, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի հունիսից։ Մինչ այդ նա եղել է Հայաստանի սպորտի նախարարը, ավելի վաղ՝ նախագահի խորհրդականը:

Սերժ Սարգսյանի այսօրվա մեկ այլ հրամանագրով` Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը: Նա 49 տարեկան է, ծնվել է Երեւանում, մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ է։ Եղել է նախորդ երկու գումարումների Ազգային ժողովի պատգամավոր: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նոյեմբերի 1-ին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հույս ունի Մոսկվայից նոր վարկեր ստանալ՝ ռուսական զենքեր գնելու համար: «Մենք խնդրեցինք ռուսական կողմին մեզ վարկ տրամադրել, սա առաջինը չէ, հերթականն է, եւ մենք հույս ունենք, որ սա կլինի մշտական», - ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության՝ ասել է Սերժ Սարգսյանը:

Դաշինքների մասին խոսելիս՝ Սարգսյանը բարձր է գնահատել գործակցությունը Եվրասիական տնտեսական միության կազմում՝ պնդելով, թե անդամակցության շնորհիվ բարելավվել է տնտեսության կառուցվածքը, իսկ այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստանը եվրասիական շուկային մատակարարել է 35 տոկոսով ավելի շատ ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նախագահը կարեւորել է նաեւ ռուս զբոսաշրջիկների հաճախադեպ այցերը Հայաստան, ինչը, նրա կարծիքով, թույլ կտա ամրապնդել ռուսերենը հայկական շրջանակներում:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին մեկնեց Տաշքենդ, որտեղ մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Կառավարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ մասնակից պետություններում տնտեսական, ինչպես նաեւ այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության արդյունքում Երեւանում նոյեմբերի 2-3-ն անցկացվեց «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» թեմայով միջազգային երկօրյա խորհրդաժողով։ «Այս միջոցառման նպատակը հստակ ազդարարելն է, որ ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը հիմնարար է, եւ դժվար է գտնել այլ միջավայր, որտեղ երեխան լիարժեք երջանիկ կլինի եւ կմեծանա՝ որպես հասարակության լիիրավ անդամ»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ միջազգային փորձն ու հայաստանյան իրականությունը հաշվի առնելով՝ առաջարկություններ կներկայացնեն իրավասու պետական մարմիններին ընտանիքների կարողությունների զարգացման եւ դրա արդյունքում երեխաների խնամքի հաստատությունների փակման վերաբերյալ։

Սեպտեմբերի 28 2024
Սեպտեմբերի 22 2024
Սեպտեմբերի 14 2024
Օգոստոսի 31 2024
Օգոստոսի 24 2024
Օգոստոսի 17 2024
Հուլիսի 13 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: