Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Շաբաթվա կենտրոնական և ամենալայն արձագանք ստացած իրադարձությունը Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի բացումն էր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դիմավորել են բազմաթիվ երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Տերեզա Ռիբերային և այլոց։
COP17-ի «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի ընթացքում ընդունվել է «Երևանի հռչակագիրը», որով մասնակից պետությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային՝ պարտավորվելով մինչև 2030 թվականը կասեցնել ու հակադարձել կենսաբազմազանության կորուստը, որպեսզի մինչև 2050 թվականը հասնեն բնության հետ ներդաշնակ ապրելու գլխավոր նպատակին։ Նույն միջոցառմանն իր ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ տասնամյակներ տևող հակամարտությունները, ինչպես նաև սահմաններին չպլանավորված ու անվերահսկելի ամրաշինական կառույցները հսկայական վնաս են հասցնում կենսաբազմազանությանը, ինչը պահանջում է համատեղ միջազգային ջանքեր։
Կոլումբիայի հետ համատեղ պաշտոնապես մեկնարկել է «Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիան» (CARES), որին միացել է 16 երկիր։ Նախաձեռնությանն իր հրապարակային աջակցությունն է հայտնել աշխարհահռչակ դերասան և բնապահպան Լեոնարդո Դի Կապրիոն։
ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը պարզաբանել է, որ COP17-ի շրջանակներում Բաքվում պահվող հայ գերիների և Շիկահողում ադրբեջանական զինուժի պատճառած բնապահպանական վնասների հարցը չի քննարկվելու, քանի որ դրանք ներառված են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի տիրույթում։
Ucom ընկերությունը FPWC-ի հետ ռազմավարական գործընկերությամբ մասնակցում է COP17-ի Կանաչ և Կապույտ գոտիների աշխատանքներին՝ աջակցելով «Արևորդի» բնապահպանական կինոփառատոնի բացմանը։
Բնապահպանական գագաթնաժողովի ֆոնին լայն քննարկումների ալիք է բարձրացրել Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը։ Հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ազդարարվել է Ամուլսարի հանքավայրի գործարկումը։ Բնապահպանական մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ COP17-ին ընդառաջ Ամուլսարի բացումը հարվածում է Հայաստանի միջազգային վարկանիշին։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանքի շահագործումն անվանել է անհեթեթություն, քանի որ այն գտնվում է Ջերմուկի անմիջական էկոլոգիական միջավայրում։ Միևնույն ժամանակ, ակտիվիստները հիշեցրել են ՔՊ-ական Լենա Նազարյանի նախկին պայքարը, որին վերջինս արձագանքել է, թե մասնավոր կյանքով է ապրում ու իրեն չի հետաքրքրում։ Իրավապաշտպանները մտահոգություն են հայտնել բնապահպաններ Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ նախաձեռնված նոր դատական վարույթների (SLAPP) առնչությամբ։
Հոկտեմբերի 16-17-ին անցկացվող հանքարդյունաբերական ֆորումի ընթացքում Wood Mackenzie ընկերության փոխնախագահ Վաել Ջաբերը նշել է, որ ֆիսկալ/հարկային բարեփոխումները կարելի է ներդնել բավական արագ, ինչը երկիրը կդարձնի ավելի գրավիչ ներդրողների համար։
Մամուլի ուշադրության կենտրոնում են մնում Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հարցերը։
Բաքվի ռազմական դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին 20 հոդվածով մեղավոր ճանաչելու որոշումները, այդ թվում՝ 414 ռազմագերու և 1284 քաղաքացիական պատանդների խոշտանգման վերագրումը, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը որակել է իրավական սնանկություն, քանի որ դատավճռում չկա որևէ կոնկրետ տուժող, դեպք կամ ամսաթիվ։ «Ավրորա» մրցանակային գումարն էլ Բաքվի դատարանը դիտարկել է որպես «վարձկանության վճար»։
LIBERTAS միջազգային համաժողովում Սիրանուշ Սահակյանն անդրադարձել է Բաքվում պահվող ՀՀ քաղաքացիներին տեսակցելու դիմումի առիթով Շվեյցարիայի մոտեցման վերանայմանը։ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն էլ շեշտել է, որ ԱԺ-ն պետք է ընդունի «Անհայտ կորածների մասին օրենք» և Ադրբեջանը ճանաչի որպես ցեղասպան պետություն, ինչը չի խանգարի խաղաղության գործընթացին։
Գերությունից վերադարձած անձինք ահազանգում են ծանր հոգեբանական ապրումների և խտրական վերաբերմունքի մասին։
ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունիում բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագիրը։ ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանն էլ Իրանի դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպումից հետո ընդգծել է, որ ԹՐԻՓՓ-ի հարցում Իրանի դիրքորոշումը չափազանց կարևոր է Հայաստանի համար։
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Ֆորը մտահոգություն է հայտնել, որ ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով։
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու դեպքի առնչությամբ ընդդիմադիր պատգամավորները (Նարեկ Կարապետյան, Մամիկոն Ասլանյան) պահանջում են ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով կամ հրավիրել ՊՆ ու ԱԱԾ ղեկավարներին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը քննադատել է կառավարությանը՝ նոր 250 միլիոն դոլարի վարկ ներգրավելու համար՝ ընդգծելով, որ քաղաքացիները միայն վարկերի տոկոսների համար օրական վճարում են 1.1 միլիարդ դրամ։
«Քաղաքական պայմանագիր» կուսակցությունում քննարկել են առաջիկա ՏԻՄ ընտրություններին և Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր։
Մասնագետներն ահազանգում են դեռահասների շրջանում ծխախոտի պոպուլյարացման և չարորակ ուռուցքների թվի աճի սպառնալիքի մասին։

