Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

16-23 փետրվարի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

Փետրվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին, Ստեֆան Վիսկոնտիին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան եւ կարեւորել նրանց դերակատարությունը` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միջազգային մանդատ ունեցող ձեւաչափի: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձեւավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարեւորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություների իրականացումը:

Հաջորդ օրը` փետրվարի 21-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանից մեկնել են Բաքու, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները:

…Ամենաարտասովորն այն է, որ տարածաշրջան այցելած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ ձեռնպահ մնացին Արցախ այցելելուց: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ միջնորդների այցի անհրաժեշտություն չի եղել, քանի որ այս փուլում նրանք նախապատրաստում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը։ Հայաստանում անցած տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունից հետո Փաշինյանն ու Ալիեւը չորս հանդիպում են ունեցել եւ չորսն էլ՝ ոչ պաշտոնական միջավայրում: Ներկայիս այցի թեմատիկան, ինչպես հավաստիացնում են խնդրին տիրապետող փորձագետները, առնչվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության նոր հանդիպումների նախապատրաստմանը։

Համանախագահների այցին հետաքրքիր իրադարձություններ էին նախորդել: Հայաստանի վարչապետն իր հայտարարություններում բազմիցս անդրադարձել էր բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության հարցին, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Ադրբեջանում։ Այդ երկրի նախագահը, ի հակակշիռ, առաջ էր քաշել բանակցություններին նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների մասնակցության խնդիրը: Պատասխան խոսքում այնուհետեւ Հայաստանի ղեկավարը հիշեցրել էր, որ բանակցություններում ադրբեջանական համայնքը ներկայացնում է ինքը`Իլհամ Ալիեւը, որին ընտրել, ուրեմն եւ իրենց շահերը պաշտպանելու մանդատով օժտել են ադրբեջանական համայնքի ընտրողները: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի ձեւաչափի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, հարկ է նշել, որ Արցախում այդ սկզբունքը դրական արձագանքի է արժանացել: «Մենք ի սկզբանե ողջունել ենք այդ մոտեցումը` կարեւոր է, որ ՀՀ նոր իշխանությունները հայտարարում են, թե հետեւողականորեն փորձելու են եւ անելու են հնարավորը, որպեսզի վերականգնվի բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը: Միաժամանակ ընդգծել ենք, որ դա բարդ խնդիր է, ժամանակատար եւ աշխատատար՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝ դա Ադրբեջանի ոչ կառուցողական, կարծր, հայատյաց քաղաքականությունն է»,- ասել է Դավիթ Բաբայանը։ Եվ, իսկապես, ինչպես կարելի է երկու կողմի հանրություններին նախապատրաստել խաղաղության՝ պետական մակարդակով այլատյացություն եւ ատելություն քարոզելով, քնած մարդուն կացնահարող ճիվաղին հերոսացնելով: Բայց սա այլ թեմա է, վերադառնանք խնդրի կարգավորման միջնորդների առաքելությանը:

Եվ այսպես՝ Երեւանում Մինսկի խմբի համանախագահները, ըստ պաշտոնական հաղորդագրության, թե´ վարչապետի եւ թե´ արտգործնախարարի հետ զրույցներում մտքեր են փոխանակել հիմնահարցի կարգավորման համապատասխան մթնոլորտի ձեւավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը, կարեւորել հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: «Համապատասխան մթնոլորտ», «պայմանավորվածությունների իրականացում» եզրույթները, ամենայն հավանականությամբ, հասարակություններին խաղաղության պատրաստելու թեզի ածանցյալներն են: Մի թեզ, որի անկեղծության շատ քչերն են հավատում: Ներկայիս ռազմաքաղաքական բալանսի պայմաններում համանախագահների այցերից հազիվ թե կարելի է տեսանելի  արդյունքներ ակնկալել: Ամենաշատը, որով հարկավոր է առայժմ բավարարվել՝ իրավիճակի քաղաքական կառավարման կայուն մեխանիզմների ապահովումն է, ինչը թույլ կտա գոնե էապես նվազեցնել ռազմական ոտնձգությունները հայ-ադրբեջանական սահմանին: Այնպես որ, համանախագահների՝ Արցախ այցելել-չայցելելու կարեւորությունը պետք չէ գերագնահատել:

 

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու եւ փողերի «լվացման» հոդվածներով։ Գործը, ըստ փաստաբան Արամ Օրբելյանի, Ազգային անվտանգության ծառայության վարույթում է: Օրբելյանն «Ազատությանը» հայտնել է, որ այս գործով Սեդրակ Քոչարյանին իրավախորհրդատվություն տրամադրել է հոր՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների նույն խումբը, սակայն, քրեական գործի վերաբերյալ իրենց եւս շատ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Այժմ միայն հայտնի է, որ Սեդրակ Քոչարյանն ազատազրկված չէ, նրա նկատմամբ կիառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու վերաբերյալ։

…Փետրվարի 18-ին Քոչարյան կրտսերը հարցազրույց է տվել երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքին՝ 2rd.am-ին՝ նշելով, որ իր դեմ քրեական գործի հարուցումը Քոչարյանների ընտանիքի հանդեպ իշխանական հարձակում է: «Մեր ընտանիքի դեմ արդեն 10 ամիս ընթացող վայրագ ու բարոյականությունից բացարձակապես զուրկ իշխանական հարձակման պայմաններում հրապարակայնության միջոցին դիմելն անխուսափելի է, հատկապես մեր դեմ ստի ու կեղծիքի գերբարձր դոզայի այս պայմաններում»,- լրատվամիջոցին ասել է Սեդրակ Քոչարյանը։ Ըստ նրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց է սեւեռված Քոչարյանների ընտանիքի վրա՝ դեռեւս լրագրողական գործունեության տարիներից: «Իսկ հատուկ ուժգնությամբ՝ այն պահից, երբ խախտումներ սադրելով, փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին»,- հարցազրույցում նշել է երկրորդ նախագահի որդին:

Հետաքրքիր է, որ այս դրվագի մասին իր ցուցմունքներում մի քանի անգամ հիշատակել է նաեւ հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը, ենթագիտակցորեն կարծես ափսոսանք հայտնելով, որ Նիկոլը մարտի 1-ին աննկատ հեռացել էր հրապարակից, այլապես կարելի էր… Մի խոսքով` խորին զղջում կա թե´ հոր, թե´ որդու խոսքի մեջ, համենայն դեպս` ենթագիտակցական մակարդակում: «Նիկոլի հարցը լուծած լինեինք 10 տարի առաջ` հիմա այս օրը չէինք ընկնի»,- մոտավորապես այսպես կարելի է վերծանել հայր ու որդի Քոչարյանների այդ զղջումը: «Պատգամավոր եղած տարիներին նա որեւէ առիթ բաց չթողեց եւ հետեւողականորեն փորձեց զրպարտել ու սեւացնել մեր ընտանիքի բարի համբավը»,- զրույցի շարունակության մեջ ասել է Սեդրակը եւ նույն պահին էլ ինքը զրպարտել  Փաշինյանին, թե` այդ ընթացքում քաղաքական գործունեության համար նա ակտիվ ֆինանսական աջակցություն էր ստանում ճիշտ այնպես, ինչպես լրագրողական գործունեության տարիներին, «սակայն արդեն ոչ միայն «ծրարներով», այլ «տուփերով»՝ տարբեր անհատներից եւ կազմակերպություններից»: Սեդրակը գիտակցո՞ւմ է արդյոք, որ ասածները լուրջ մեղադրանք են ու եթե չապացուցի այն, ինչ ասում է, կարող են իրեն նոր մեղադրանք առաջադրել` զրպարտության համար:

Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), որի վարույթում է սույն քրգործը, հաղորդագրություն տարածեց առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպերի բացահայտման մասին, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել Սեդրակ Քոչարյանը։ «Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի, բավարար ապացույցների համակցությամբ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու եւ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Սեդրակ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի եւ այլ ակտիվների ձեռքբերման օրինականությունը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։ Կփորձենք հետեւել իրադարձությունների զարգացմանը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

Պուտինը սպառնում է ԱՄՆ-ի դեմ միջուկային զենք կիրառել

The Wall Street Journal-ը գրում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին նոր առաջադեմ զենքերի թիրախում կպահի, եթե Վաշինգտոնը Եվրոպայում միջին հեռահարության հրթիռներ տեղակայի՝ սպառնալիք, որը նպատակաուղղված է կարմիր գիծ մատնանշելուն, բայց միաժամանակ կարող է դիտարկվել որպես միջուկային պայմանագրի դադարեցումից հետո բանակցությունների վերսկսման հնարավորություն:

The Washington Post-ի հաղորդմամբ՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը կգործի միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգներն առաջինը քայլը կատարի, սակայն նրա խոսքերն, այնուամենայնիվ, ամենասաստիկն են եղել սպառազինությունների նոր հնարավոր մրցավազքի նախաշեմին՝ այն բանից հետո, երբ երկրները դուրս եկան Սառը պատերազմի ժամանակ կնքված միջուկային զենքի մասին պայմանագրից:  Պուտինը նաեւ զգուշացրեց, որ Ռուսաստանը «ստիպված կլինի ստեղծել եւ տեղակայել զենքի տեսակներ», որոնք կարող են օգտագործվել այնպիսի պետությունների դեմ, որոնք «ուղղակի սպառնալիքներ են» հանդիսանում: Եվ ԱՄՆ-ին հասցեագրված հստակ ուղերձում Պուտինը նշել է, որ ռուսական հրթիռները կարող են փորձարկվել այնտեղ, որտեղ գտնվում են «որոշումների կայացման կենտրոնները»,- գրում է թերթը:

Ինչպես նշում է The Independent-ը, Պուտինը հայտարարել է, որ բանակն արդեն ստանում է «Ավանգարդ» միջուկային անձայն սահող մեքենան: Նա նաեւ ասաց, որ շուտով զինվորականները կստանան «Ցիրկոն» կոչվող նոր հրթիռները: Ինչպես նաեւ «Պոսեյդոն» ստորջրյա միջուկային հրթիռը կհայտնվի գարնանը, հայտնել է Պուտինը: Նրա ելույթից հետո, պետական հեռուստատեսությունը ցուցադրել է 80 մետր երկարությամբ «Պոսեյդոն» հրթիռը: Պարբերականը հաղորդմամբ՝ Պուտինը նաեւ հավելել է, որ «Պերեսվետ » կոչվող նոր լազերային զենքը կգործարկվի մինչ այս տարվա դեկտեմբեր:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: