Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Մյունխենյան Անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը, որից հետո անցկացվեց Լեռնային Ղարաբաղի թեմայով քննարկում՝ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Քննարկումը տեւել է մոտավորապես 45 րոպե, այն վարում էր «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Փաշինյանը եւ Ալիեւը հանդես են եկել ելույթներով` ներկայացնելով հակամարտության կարգավորման մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը միայն մեկ անգամ են պաշտոնապես բանակցել՝ անցած տարի մարտին Վիեննայում։ Կարճատեւ հանդիպումներ, սակայն, շատ են եղել:
Նախօրեին աշխատանքային այցով Գերմանիա էր մեկնել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում` որպես բանախոս, նա ներկայացրել է քվանտային քաղաքականությանն առնչվող իր տեսությունը` խոսելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի մասին։
…Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Մյունխենի Անվտանգության համաժողովը դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման աշխարհի առաջատար հարթակ: Անվտանգության խնդիրների, ներկա եւ ապագա մարտահրավերների արծարծման առաքելությամբ ամեն տարի փետրվարին ֆորումը մեկ հարկի տակ համախմբում է ողջ աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, հեղինակավոր վերլուծաբանների ու փորձագետների:
Հայ հանրության ուշադրության կենտրոնում, բնականաբար, Փաշինյան-Ալիեւ հանդիպումն էր, եւ դա հասկանալի է` հաշվի առնելով, որ Հայաստանի ու Արցախի քաղաքական օրակարգում այժմ ավելի նշանակալի հարց, քան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն է, չկա: Այդուհանդերձ` հասարակության հետաքրքրությունը պայմանավորված էր ոչ միայն դրանով, այլեւ Արցախի հարցում անբարենպաստ զարգացումների մտավախությամբ, որոնց նախանշաններն ակնհայտ են: Բանն այն է, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, թե բանակցային գործընթացը սկսվելու է զրո կետից, ինչը նշանակում է գիծ քաշել նախորդ գրեթե երեք տասնամյակում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վարվող բանակցությունների, այդ տարիներին ձեռք բերված պայմանավորվածությունների, փորձի, գործադրված ջանքերի, փոխհամաձայնեցված գաղափարների վրա եւ մեկեն հայտնվել «ամայի» դաշտում:
Բանակցային փորձի պակասի դեպքում երբեմն առաջին հայացքից տպավորիչ թվացող որոշ տարրեր, հարցադրումներ, հայտարարություններ կարող են իրականում վնասաբեր ու սնանկ լինել: Այդպիսին էր, օրինակ, վարչապետի այն արտահայտությունը, թե պետք է ընդունել արցախյան կարգավորման այնպիսի տարբերակ, որն ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա բավական խոցելի հայտարարություն է այն պարզ պատճառով, որ գործնականում չկա բոլոր երեք կողմերին բավարարող լուծում` մոտեցումները խիստ տարամերժ են: Հայաստանը միանշանակ պնդում է, թե Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանի համար ԼՂՀ-ի ու հայկական վերահսկողության տակ գտնվող 7 շրջանների վերադարձը եւ իր տարածքային ամբողջականության վերականգնումը կենացմահու խնդիր է, ինչի մասին բոլոր ամբիոններից նա պաշտոնապես հայտարարում է: Եթե վարչապետին հայտնի է միաժամանակ Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին գոհացնող տարբերակ, ուրեմն թող ներկայացնի, այլապես ասածը կհնչի իբրեւ «ձայն բառբառո յանապատի»:
Այժմ հիշենք, թե Մյունխենում Փաշինյանն ինչ պատասխանեց բանավեճը վարողի այն հարցին, թե ինչ են ակնկալում երկու ղեկավարները ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից: Մեր վարչապետի ակնկալիքը հետեւյալն էր` հայտարարել, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Եվ սա այն դեպքում, երբ սույն դրույթը ԵԱՀԿ-ի պաշտոնական փաստաթղթերում բազմիցս շրջանառվել է: Ալիեւի ակնկալիքն ավելի պրագմատիկ էր` համանախագահները թող ճնշումներ գործադրեն Հայաստանի վրա, որպեսզի զորքերը դուրս բերի «գրավյալ» տարածքներից, եւ ադրբեջանցի տեղահանվածները վերադառնան իրենց տները: Քննադատության չի դիմանում նաեւ խնդրի կարգավորման այն թեզը, որը Մյունխենում Փաշինյանի կողմից անվանվեց «նախ` միկրո-հեղափոխություններ, մինի-հեղափոխություններ, ապաեւ` ճեղքում»: Սա ոչ այլ ինչ է, քան վաղուց մերժված հայտնի «փուլային» տարբերակի մի փոքր քողարկված տարատեսակ:
Այս ամենը գալիս է նրանից, որ Արցախի խնդրի լուծման վերաբերյալ Հայաստանը չունի հստակ մշակված հայեցակարգ: Մինչդեռ այդպիսի ռազմավարության մշակումը խիստ կարեւոր է: Հանպատրաստի, անօրակարգ բանակցություններն ու հանդիպումները վերջին շրջանում հանգեցրել են նրան, որ Ադրբեջանը` հմտորեն օգտվելով հայկական կողմի անխոհեմ մոտեցումից, արդյունավետ քայլեր ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքին սուբյեկտայնության կարգավիճակ տալու եւ այդ «համայնքի» ղեկավարների հետ Բաքվում հավատարմագրված` ԵԱՀԿ երկրների դեսպանների հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Ադրբեջանն ուզում է այդ գործընթացի խորացմամբ, այսինքն` գոյություն չունեցող համայնքի ճանաչմամբ, նվազեցնել Արցախի խնդրի կարեւորությունը` այն եւս հասցնելով ընդհուպ համայնքի մակարդակի, եւ խնդիրն աշխարհին ներկայացնել որպես միջհամայնքային վեճ:
Թող ոմանց չթվա, թե իրադարձությունների` այս դիպաշարով զարգացումը շատ է հեռու իրականությունից: Այդպես մտածողները լավ կանեն եւս մեկ անգամ ուշադիր դիտեն արցախյան խնդրի շուրջ փետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցած` Փաշինյան-Ալիեւ բանավեճի տեսագրությունը: Արժանին չմատուցել Ադրբեջանի նախագահի հարուստ երեւակայությանն ու դիմացինին գլխավորից (օրինակ` ինքնորոշման իրավունքի հարցից) շեղելու եւ պատմության բավիղներում մոլորեցնելու տաղանդին` կնշանակի թերագնահատել հակառակորդին կամ չհասկանալ, թե ում հետ գործ ունենք:
Երկուշաբթի օրը` փետրվարի 17-ին, մեկնարկեց Սահմանադրական դատարանի նախագահի եւ 6 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցով հանրաքվեի քարոզարշավը, թեպետ այն, ըստ էության, ավելի վաղ էր սկսվել: Սա իշխանությունների արդեն երրորդ փորձն է լուծել սահմանադրական ճգնաժամը եւ, միեւնույն ժամանակ, առաջինն է, երբ հայաստանցիները պետք է հանրաքվեի գնան որոշելու համար Սահմանադրության մեջ փաստորեն միայն մեկ փոփոխության անհրաժեշտությունը:
…Նախ` մի կարճ անդրադարձ նորանկախ Հայաստանի Հիմնական օրենքների ընդունման պատմությանը: Այսպես` 1995 թվականին Սահմանադրության ընդունումից հետո վերջին 25 տարում երեք անգամ Մայր օրենքը փոխելու ջանք էր գործադրվել: Առաջինը 2003 թվականի տապալված փորձն էր, որ նախաձեռնել էր Ռոբերտ Քոչարյանը: Նույն տարում նա նախագահ վերընտրվեց կեղծված, վիճահարույց ընտրությունների միջոցով, ինչպես արձանագրել էին ընդդիմությունը եւ ընտրությունները դիտարկած միջազգային կառույցները: Եվ ամիսներ անց խորհրդարանական ընտրություններին զուգահեռ` քվեարկության դրված Սահմանադրության փոփոխությունների փաթեթն արժանացավ ավելի քան 550 հազար քաղաքացիների միահամուռ «Ոչ»-ին եւ, չստանալով անհրաժեշտ քանակի ձայներ, չընդունվեց:
Բայց այն, ինչ չէր ստացվել 2003 թվականին, ստացվեց երկու տարի անց` 2005-ին: Ի տարբերություն նախորդ հանրաքվեի, որի քարոզարշավի ընթացքում իշխանություններն առանձնապես ջանքեր չէին գործադրել «Այո»-ի համար, այս անգամ ակտիվ քարոզիչներ էին դարձել նախագահին սատարող քաղաքական ուժերը` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն, ինչպես նաեւ մտավորականների ճնշող մեծամասնությունը: Ընդդիմությունը սխալ մարտավարություն էր որդեգրել` երկու տասնյակի չափ ընդդիմադիր կուսակցություններ միասնաբար «Ոչ» ասացին հանրաքվեին, ապա «Ոչ»-ը փոխեցին բոյկոտով` մտածելով, որ այդկերպ իշխանությունը հազիվ կարողանա հանրաքվեի համար անհրաժեշտ քվորում ապահովել: Հետեւանքը եղավ այն, որ իշխանությունը հնարավորություն ստացավ հանրաքվեի մասնակիցների անհավանական թիվ «նկարել»` մեկուկես միլիոն ընտրող, որից ընդամենը 82 հազարն էր «Ոչ» ասել փոփոխություններին: 2005-ի հանրաքվեն պատմության մեջ մնաց «ուրվականների հանրաքվե» անվամբ։
Եվ, վերջապես, 2015 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր երկրի կառավարման մոդելի փոփոխություն` կիսանախագահականից խորհրդարանականի։ Չնայած տասնամյա նախագահությունն ավարտող Սարգսյանի հավաստիացումներին՝ ընդդիմադիրները վստահ էին, որ այս փոփոխությունների նպատակը 2018-ից հետո էլ նրա` իշխանության ղեկին մնալն էր։ Այս քարոզարշավի նորարարությունը եթերում էր. հեռարձակվում էր հեռուստաշոու, որում «Այո»-ի եւ «Ոչ»-ի արշավախմբերը համատեղ քարոզի էին մեկնում մարզեր։ «Այո»-ի թիմում նաեւ Հրայր Թովմասյանն էր` ներկայիս ՍԴ նախագահը: Ընդդիմադիրների` ՀԱԿ-ի, «Նոր Հայաստան ազգային փրկության ճակատ»-ի, ՀԺԿ-ի ջանքերը հաջողությամբ չպսակվեցին` ընտրակեղծարար մեքենան կատարեց իր «սեւ» գործը: Հանրաքվեի պաշտոնական արդյունքը՝ ընտրությանը մասնակցել է ավելի քան մեկ միլիոն 302 հազար քաղաքացի, «այո» են ասել 825 հազար 292-ը:
Ինչ վերաբերում է ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին, պետք է նկատել, որ վերջինս` հետհեղափոխական գործընթաց լինելով հանդերձ, խիստ տարբերվում է իր երեք նախորդներից, ընդ որում` ոչ լավագույն հատկանիշներով եւ հասարակական-քաղաքական ոչ ավելի բարվոք մթնոլորտով: Շատ դիտորդների կարծիքով` ընթացիկ սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման ողջ ընթացակարգն անցել է ՀՀ Սահմանադրության պահանջների կոպիտ խախտումներով, իսկ ապօրինի այդ ձեռնարկի նպատակը իշխանությանը հլու-հնազանդ ծառայող Սահմանադրական դատարան ունենալն է: Դատապարտող հայտարարություններով եւ, ի նշան բողոքի, հանրաքվեին չմասնակցելու կոչով հանդես են եկել Ազգային ժողովում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաեւ արտախորհրդարանական ուժերից` ՀՀԿ-ն, «Ժառանգություն»-ը եւ այլք:
Հանրապետական կուսակցության տարածած հայտարարության մեջ, ի մասնավորի, ասված է. «Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարեւոր խնդիրներից շեղելու եւ իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է»: Սահմանադիր ժողով գումարելու եւ նոր, օրինակարգ Սահմանադրության նախագիծ մշակելու կարեւորությունն է իր պաշտոնական խոսքում ամրակայել «Ժառանգություն»-ը` գրելով. «Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի դառնալու ՀՀ քաղաքացու, հայ մարդու նվիրյալության ինքնակոչ դատավորը՝ բաժանելով երկիրը հակապետական եւ նվիրյալ հատվածների: Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ»:
Հանրաքվեին բոյկոտ հայտարարած քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, ակտիվ քաղաքականությամբ զբաղվող բազում անհատներ ու շարքային քաղաքացիներ համոզված են` հանրությանը գույների բաժանելու եւ ատելություն քարոզելու արատավոր երեւույթների հենքին «Այո»-ի եւ «Ոչ»-ի հանրաքվեն կարող է նոր ջրբաժան դառնալ: Այդ պատճառով «Ոչ»-ի դրոշը ոչ մի քաղաքական ուժ չվերցրեց: Մինչդեռ իշխանությունները հուսով էին, որ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները կձեւավորեն «Ոչ»-ի միասնական շտաբ, որի առանցքի ներքո էլ կհավաքվի ընդդիմադիր ողջ ռեսուրսը` լեգիտիմացնելով գործընթացը: Բայց նման բան տեղի չունեցավ, փոխարենը ձեւավորվեց 61 քաղաքացու նախաձեռնած «Ոչ»-ի շտաբը, ինչի մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտարարել է:
Եվ այսպես, իշխանությունն ամեն կերպ կջանա ապրիլի 5-ին շուրջ մեկուկես միլիոն մարդ դուրս բերել ընտրատեղամասեր` ապահովելու «Այո»-ի համար պահանջվող 650 հազար հաղթական քվեն: Ամենայն հավանականությամբ` իշխանության երազանքն ի կատար կածվի: Մնում է միայն պարզել հետեւյալ հարցը. իրականում ի՞նչ խնդիր է կոչված լուծելու բազմաչարչար այդ «Այո»-ն` հանրային շահի՞, թե անձնական ամբիցիայի:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով
Փետրվարի 20-ին նշվեց Արցախի վերածննդի օրը: 32 տարի առաջ` 1988-ի այս օրը ԼՂԻՄ-ի Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջանում ընդունեց որոշում` դիմել Ադրբեջանական ու Հայկական ԽՍՀ-ների եւ ԽՍՀՄ-ի Գերագույն խորհուրդներին` ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանին միացնելու խնդրանքով։ Մարզխորհրդի արտահերթ նիստը շարունակվել էր մի ամբողջ օր: Արդեն ուշ գիշեր էր, երբ ժողովրդական պատգամավորներն ընդունեցին պատմական որոշումը: Այդ պահին դրսում հանրահավաքի հազարավոր մասնակիցներ ցնծությամբ ողջունում էին սեփական անկախության եւ ազատության առաջին րոպեներն ու ժամերը:
Դա պայքար էր, որի համար ոտքի էր ելել համայն հայությունը: Այդ օրը դարձավ հայ ժողովրդի սխրանքի, վճռականության, տոկունության եւ մեր համազգային միասնականության խորհրդանիշը: Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ մտքեր են փոխանակել նախագահ Արմեն Սարգսյանը եւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին փետրվարի 18-ին նախագահի նստավայրում կայացած հանդիպման ժամանակ։ Զրուցակիցները
հեռանկարային են համարել նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում հնարավոր գործակցությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել արհեստական բանականության եւ մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոն:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ Սահմանադրությունում փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի շուրջ:
Բոննում գործող BICC միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցի համաձայն, որը հրապարակվել է փետրվարի 20-ին, Հայաստանը երրորդն է աշխարհի ամենառազմականացված 154 երկրների շարքում եւ առաջինը՝ Եվրոպայում: Երեւանը, ըստ հետազոտական կենտրոնի տվյալների, ռազմական ծախսերին տրամադրում է ՀՆԱ-ի 6,5 տոկոսը՝ անցած տարվանից մի փոքր ավելի: Ընդ որում` այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին, որը դիտարկված երկրների շարքում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Ուսումնասիրության մեջ, ի մասնավորի, նշված է. «Ղարաբաղյան չկարգավորված հակամարտության պատճառով կողմերը շարունակում են էական միջոցներ ներդնել բանակում, թե՛ Երեւանը, թե՛ Բաքուն արդիականացնում են սպառազինությունները` մեծածավալ համաձայնագրեր կնքելով Ռուսաստանի հետ»: