Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Սեպտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը դարձյալ իր ամպլուայի մեջ էր: Գործադիրի անդամները պատասխանում էին պատգամավորների հարցերին: Առանցքային դեմքը, բնականաբար, գործադիրի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձն էր: Դե, էլ ի՛նչ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան՝ առանց Նիկոլ Փաշինյանի: Դա նույնը կլիներ, ինչ խնջույքն՝ առանց պուրպուր գինու: Փաշինյանը համարում է, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը «մեր ժողովրդավարության» կարեւոր ինստիտուտներից է: «Ես սիրում եմ այս ձեւաչափը»,- Ֆեյսբուքի իր էջում՝ տեսանյութին կից, գրել է նա: Այս մարդու վրայից ժողովրդավարությունը չռռում է, ուղղակի տեսնել է պետք, որի ունակությունը ԱԺ ընդդիմությունը չունի:
Ստորեւ կներկայացնենք ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի վերջին նիստից մի փոքրիկ դրվագ, որտեղ կերեւա մեր ժողովրդավարասեր առաջնորդի կերպարը: Կերեւա, թերեւս, մեկ օրինակից՝ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի կողմից երեք էքստեռն-հարցերին Փաշինյանի տված պատասխաններից: Իսկ ավելի ստույգ՝ չպատասխաններից: Այսպես, ուրեմն՝
Պատգամավոր - Եթե ձեր հանձնած ճանապարհին (խոսքը Մեղրիով անցնող կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է) տեղի ունենա պատահար, մեր իրավապահները կարո՞ղ են միջամտել:
Փաշինյան - Ես ձեր անտրամաբանական հարցերին չեմ պատասխանի:
Պատգամավոր - Կարո՞ղ եք պատմությունից գեթ մեկ օրինակ բերել, երբ կողմերից մեկն ունենալով գերիներ ու օկուպացված տարածքներ՝ խաղաղություն է հաստատվել։
Փաշինյան - Դուք հա՞յ եք:
Պատգամավոր - Ինչպե՞ս է արդեն հաստատվել խաղաղություն, երբ Ալիեւը մեր հասարակությունն անվանում է «հիվանդ» եւ պահանջում է փոխել Սահմանադրությունը:
Փաշինյան - Դուք ո՞ղբ եք ուզում…
Հարցուպատասխանի վերջը:
Հակիրճ՝ այսքանը: Ինչպես տեսնում եք, ժողովրդավարություն ունենք՝ աշխարհը չունի: Այդ թեման ավելի մանրամասն՝ հաջորդիվ:
Հայաստանում աննախադեպ ահագնանում է պետական մակարդակով իրականացվող դատաիրավական ահաբեկչությունը: Սույն բնորոշումը մասնագիտական եւ հանրային շրջանակներում ամենագործածականն էր այս շաբաթվա ներքաղաքական անցուդարձի համատեքստում: Ցայտուն օրինակներից մեկը «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեպքն է, ով երկուսուկես ամիս է, ինչ պահվում է ԱԱԾ մեկուսարանում: Շինծու մեղադրանքներով հետապնդվող գործարարն ու բարերարը կշարունակի մնալ կալանքի տակ: Վերաքննիչ դատարանը պաշտպանների բողոքը քննել եւ որոշել է անփոփոխ թողնել առաջին ատյանի վճիռը: Դատապաշտպանները շոկի մեջ են:
«Ներկայացվել էին բացատրություններ այնպիսի անհերքելի, անաչառ իրավական տվյալներով, որոնց պայմաններում դժվար է պատկերացնել, թե ինչպես էր հնարավոր անփոփոխ թողնել կալանքը՝ որպես խափանման միջոց»,- սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրուցում ասել է փաստաբաններից Արամ Վարդեւանյանը: Կարապետյանին կալանքի տակ պահելու միակ հիմքը, ըստ նրա, «Մեր ձեւով» եկեղեցին պաշտպանելու վերաբերյալ հայտնի մեկնաբանությունն է, որին ի պատասխան՝ Փաշինյանը բացեիբաց սպառնացել էր «հոգեւորականների ակտիվացած բարեգործներին ընդմիշտ պասիվացնել»:
Հետո հասկանալով, որ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար գործարարին մեղսագրված հանցակազմն ակնհայտորեն խոցելի է, Փաշինյանի «գրպանի» իրավապահները նաեւ մտացածին այլ մեղադրանքեր են առաջադրել՝ փողերի լվացման, հարկերի չվճարման ու խարդախության կազմակերպման հոդվածներով, բայց այս մասով կալանքը երկարաձգելու հիմնավոր կասկած առաջին ատյանի դատարանը չէր տեսել: Դատախազությունը դա բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, սակայն վերջինս եւս այս մասով կասկածներ չուներ եւ մերժել էր դատախազությանը: Այսինքն՝ չկա որեւէ իրավական փաստարկ, որը կարող էր կալանքը երկարաձգելու ողջամիտ կամ համաչափ հիմք համարվել:
Ո՞վ չգիտի, որ Սամվել Կարապետյանի, ՀԱԵ Շիրակի ու Տավուշի թեմերի հոգեւոր առաջնորդների՝ Միքայել Աջապահյան եւ Բագրատ Գալստանյան արքեպիսկոպոսների, տասնյակ մյուս-մյուսների կալանավորումները քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված: Սեփական շողքից անգամ վախեցող Փաշինյանն իր ընդդիմախոսներին չի հանդուրժում ու չի ներում: Եվ քանի որ շատ է վախենում չվերընտրվելուց՝ պատրաստ է գնալ ցանկացած քայլի՝ ընդհուպ պետության կործանման, ինչպես Արցախի հետ վարվեց: Կարապետյանի փաստաբանները մտադիր են կալանքի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում։
Ինչ վերաբերում է նշանավոր բարերարին «պասիվացնելու»՝ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքին, դա նրան չհաջողվեց: Ընդհակառակն՝ Կարապետյանի ակտիվությունը մեծ թափ ստացավ. նախկինում երբեք քաղաքական գործունեությամբ զբաղվելու հայտ չներկայացրած գործիչը օգոստոսի 30-ին մեկուսարանից հրապարակավ հայտարարեց քաղաքականություն մտնելու, ժողովրդական կամավորական շարժում նախաձեռնելու եւ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իր ծրագրերի մասին: Շաբաթական պարբերականությամբ ՀՀ քաղաքացիներին հասցեագրված հրատապ ուղերձներում Սամվել Կարապետյանը ներկայացնում է Հայաստանը եւ հայ ժողովրդի կյանքը նորովի վերակազմավորելու իր տեսլականը:
Կալանավայրից հղած վերջին ուղերձում նա մարդկանց խոստանում է աշխատանք եւ բարեկեցություն: Վստահ է, որ մի շարք տնտեսական ծրագրեր շատ կարճ ժամանակում կփոխեն ժողովրդի կյանքի որակը, ի վերջո, կդադարի արտագաղթը եւ արժանապատիվ աշխատանք կլինի բոլորի համար: «Մի քանի տարում միջազգային ճանաչում ունեցող խոշոր ընկերությունները պետք է ներկայացված լինեն Հայաստանում եւ գործունեություն ծավալեն մեր երկրում, որի միջոցով ապահովվելու են զբոսաշրջության զարգացման տեմպերի որակապես նոր աճն ու նոր պայմանները»,- ասված է Սամվել Կարապետյանի ուղերձում:
«Տաշիր գրուպ»-ի սեփականատիրոջ առաջնորդած շարժումը կոչվում է «Մեր ձեւով»: Սա այն ձեւակերպումն է, որի պատճառով նա ազատազրկվեց: Շարժման մեկնարկի օրը՝ օգոստոսի 30-ին, Կարապետյանը կոչով դիմեց հայությանը՝ միանալ շարժմանը եւ դառնալ մի մեծ թիմի մաս, որն աշխատում է Հայաստանի ապագայի համար: «Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք նոր փուլ սկսել մեր երկրի կյանքում»,- վստահեցնում է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը։
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Ադրբեջանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին «Խաղաղ դիվանագիտության եւ իմաստուն առաջնորդության հաղթանակը» խորագրով հատուկ նիստում քննարկել է վաշինգտոնյան համաձայնագրերը: Ելույթների առանցքում «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումն էր, որը պաշտոնական Երեւանի համար անընդունելի է: Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է. «Իլհամ Ալիեւի նախաձեռնած «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը ծառայում է տարածաշրջանային գործակցության ընդլայնմանը»: Ադրբեջանի նախագահն, իր հերթին, «Զանգեզուրի միջանցքից» սպասվող օգուտների մասին է խոսել՝ չհստակեցնելով, թե ինչ սկզբունքներով է այն գործելու: Մեջլիսի փոխխոսնակ Ալի Ահմեդովն ավելի հեռուն է գնացել՝ հույս հայտնելով, որ «միջանցք»-ը կստանա Իլհամ Ալիեւի անունը:
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 8-ին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց նոր նշանակումների մասին։ Աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիլեն Արեւշատյանը, քաղաքապետի խորհրդական՝ Արման Լազարյանը, իսկ Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար։ Հիշեցնենք, որ Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանն անցյալ տարի կալանավորվել էր խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական կեղծիքի դրդելու մեղադրանքով։ Վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանի 12 վարչական շրջաններից 3-ի ղեկավարներ քրեական գործերով անցնելուց հետո հրաժարական են ներկայացրել ու հեռացել պաշտոններից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի գալիք տարվա առաջնության ընտրական մրցաշարում: Երեքշաբթի երեկոյան Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին 2:1 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի թիմի նկատմամբ: Խաղի հաշիվը 46-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Էդուարդ Սպերցյանը, 51-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռամոսը դարձավ երկրորդ գոլի հեղինակը, 57-րդ րոպեին Էվան Ֆերգյուսոնը կրճատեց հաշվի տարբերությունը: Որակավորման փուլի երկրորդ տուրից հետո Հայաստանը 3 միավոր ունի եւ առայժմ F խմբի երկրորդ հորիզոնականում է՝ Պորտուգալիայից հետո:
Սեպտեմբերի 11-ին ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից: «Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է»,- մասնավորապես հաղորդում է ՔԿ-ն՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։ Քննչականն այլ մանրամասներ չի հայտնում: «Սրանով ցույց են տալիս, որ իրենց վերջն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Նրա տեղեկացմամբ՝ մինչեւ տղային ձերբակալելը, որեւէ ծանուցում չի եղել:
Հայաստանի Պնախարարությունը սեպտեմբերի 11-ին հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով եւ 24 ամսվա փոխարեն սահմանել 18 ամիս՝ սկսած 2026թ. ամառային զորակոչից։ Նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ: