Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

6-13 ապրիլի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ի առավոտյան այցելել է Նորագավիթի ավտոմաքսատուն, շրջել տարածքում, ծանոթացել պայմաններին: Նրան ուղեկցում էր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը: Վարչապետը դժգոհել է մաքսատանը տիրող վիճակից, ինչպես նաեւ հերթերից, որոնց պատճառով մարդիկ ստիպված են մի քանի օր հերթ կանգնել: Նա առաջարկել է ժամկետ սահմանել, որից երկար չպետք է տեւի մեկ անձի սպասարկումը: Ավտոմաքսատուն այցից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս` Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է դիմել ԵՏՄ գործընկերներին, որպեսզի հնարավորություն ստանա երկարացնել այլ երկրներից մեքենաներն էժան գնով ներկրելու ժամկետները։

Մաքսատան սենյակներից մեկում նկատելով անկյունում անփութորեն գցած ՀՀ պետական դրոշը` կեղտոտ վիճակում, վարչապետը խիստ զայրացել եւ հրահանգ է տվել աշխատանքից ազատել որոշ աշխատողների, այդ թվում մաքսային ծառայության ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանին: Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր չէր սահմանափակվել նկատողությամբ, Փաշինյանը բացասաբար է պատասխանել:

…Դրոշի հետ կապված միջադեպը լուրջ խորհրդածությունների տեղիք է տալիս: Սա ցայտուն վկայությունն է այն բանի, որ մեզանում տակավին ձեւավորված չէ պետության խորհրդանիշների` դրոշի, օրհներգի, զինանշանի հանդեպ պատշաճ վերաբերմունքի մշակույթ: Դրոշը կարող է փոշոտ մի անկյունում տարիներ շարունակ մնալ լքված ու անտարբերության մատնված, օրհներգն անընդհատ ոմանց սրտով չէ, եւ պարբերաբար այն փոխելու առաջարկներ են հնչում, իսկ զինանշանը վաղուց մոռացված մի իր է ասես, որը եղած-չեղած մի հաշիվ է: Նման վերաբերմունքը բնորոշ է զարգացող երկրների համար, որտեղ չկան կայացած քաղաքացիական հասարակություններ: Հայաստանի պարագայում դրան գումարվում է նաեւ պետության խորհրդանիշների նկատմամբ հարգանքի պակասը պայմանավորող երկու կարեւոր հանգամանք` հայերիս ներհատուկ պրագմատիկ մտածողությունը եւ պետականության տեւական բացակայությունը:

Նկատողությամբ բավարարվելու` լրագրողների դիտարկմանը Նիկոլ Փաշինյանը ուշագրավ պատասխան էր տվել. «Հնարավոր կլիներ նկատողությամբ բավարարվել, եթե խնդիրը կապված չլիներ դրոշի հետ: Ինչպե՞ս կարող է մարդ ամեն օր մտնել իր աշխատասենյակ, տեսնել դրոշը կեղտոտ ընկած է մի անկյունում եւ ուշադրություն չդարձնել… Սա անթույլատրելի վերաբերմունք է»: Եկեք ընդունենք, որ վարչապետն իրավացի է: Մեր պետական խորհրդանիշները մեր հպարտության առարկան պետք է լինեն, մեր պետության վեհության, հզորության առհավատչյան: Շատերը տեսած կլինեն, թե ինչպես են Ամերիկայի, եվրոպական ցանկացած պետության քաղաքներում բնակելի շենքերի պատշգամբներից փողփողում այդ երկրի պետական դրոշները: Կամ` ինչպես են մարզիկները ձիգ ու հպարտ կեցվածք ընդունում, երբ, ի պատիվ իրենց հաղթանակի, մարզադահլիճում հնչում է տվյալ պետության օրհներգը: Այդ երկրների քաղաքացիները խորին հարգանք են տածում պետական խորհրդանիշների նկատմամբ, հպարտանում դրանցով եւ ի ցույց դնում իրենց  նվիրվածությունը: Մենք դրան դեռ չենք հասել:

Որոշ իրավապաշտպաններ անդրադարձել են Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպին՝ անթույլատրելի համարելով մարդկանց աշխատանքից ազատելու առնչությամբ Նիկոլ Փաշինյանի կտրուկ հրահանգը: «Գործադիրի ղեկավարը չարաշահել է իր լիազորությունները... Էթիկայից դուրս է մարդուն նվաստացնել հրապարակայնորեն։ Եվ, բացի դրանից,  վարչապետն իրավունք չունի այդ մարդուն ազատել աշխատանքից, նրան աշխատանքից կազատեր այն անձը, ով աշխատանքի էր ընդունել նրան»,- մամուլի ներկայացուցիչներին ասել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ «Ազատությունն» էլ դիմել է վարչապետին, թե փորձագետներն իրավական առումով խնդիր են տեսնում մարդկանց աշխատանքից ազատելու ձեր հրահանգում, ինչին հետեւել է վարչապետի արձագանքը. «Եթե որեւէ մեկն իրավական առումով գտնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի կարող պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը, ուրեմն պետության մասին մեր պատկերացումները տարբեր են»։

 

Ապրիլի 8-ին «Սպայկա» ընկերության աշխատակիցները մոտ 45 րոպե փակել էին Երեւանի Տիգրան Մեծի պողոտան՝ ի նշան բողոքի ընդդեմ դատարանի որոշման, որով բավարարվել էր ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը: Վերջինս պնդում է, որ բեռնափոխադրումներ իրականացնող այս խոշոր ընկերությունը հարկային պարտավորություններից խուսափելով՝ վերջին չորս տարում պետությանը հասցրել է 7 միլիարդ դրամի վնաս: «Սպայկա»-ն չի ընդունում այդ մեղադրանքը:

Ցուցարարները մասնավորապես շրջափակել էին այն ավտոմեքենան, որով Դավիթ Ղազարյանին դատարանից տեղափոխում էին կալանավայր: Ոստիկաններին, ի վերջո, հաջողվել է բացել մեքենայի ճանապարհը, սակայն «Սպայկա»-ի աշխատակիցները միառժամանակ շարունակում էին բողոքի ակցիան:

…«Սպայկա» ընկերությունը, որը զբաղվում է գյուղմթերքների արտադրությամբ եւ բեռնափոխադրումներով, որոշ չհերքված տեղեկությունների համաձայն, պատկանում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ով տարիներ առաջ ընկերությունը գնել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից։ Ըստ ՊԵԿ-ի, «Սպայկա»-ի ղեկավարությունը եվրոպական տարբեր պետություններից՝ այդ թվում Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015 թթ. ընթացքում ձեռք է բերել պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ եւ այլ ապրանքներ, որոնք 2015-ի հունվարի 1-ից մինչեւ 2016-ի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի տարածքով ներմուծել է Հայաստան: Բայց ներմուծելիս Հայաստանի մաքսային մարմիններին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր առ այն, որ ներմուծված ապրանքը մաքսատուրքի եւ ավելացված արժեքի հարկի վճարումից ազատված տեսականի է, իսկ որպես ներմուծող կազմակերպություն հանդես է եկել «Սպայկա»-ի տնօրինության կողմից կառավարվող «Գրինպրոդուկտ» ընկերությունը: Այդպիսով՝ վերը նկարագրված ստվերային եղանակի կիրառմամբ՝ «Սպայկան», ՊԵԿ-ի հաշվարկներով, պետբյուջե չի վճարել 7 միլիարդ 36 միլիոն դրամ մաքսատուրք եւ հարկ: «2016 թվականի մնացած ամիսների, ինչպես նաեւ 2017 եւ 2018 թվականների մասով պետությանը պատճառված վնասը պարզելու համար քննչական ու դատավարական գործողությունները շարունակվում են»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Ակամայից մտաբերում ես խորհրդակցություններից մեկի ժամանակ գողերին «գլխից բռնելու» անհրաժեշտության մասին Սերժ Սարգսյանի թատերականացված հրահանգը, որն ուղղված էր իրավապահ մարմինների պատասխանատուներին: Այն տարիներին կոռուպցիոն երեւույթների հետ կապված` «գլուխներից» բռնելը խիստ վտանգավոր էր, քանի որ «ամենագլխավորը» հենց ինքը երրորդ նախագահն էր՝ իր մերձավոր շրջապատով: Մարդիկ, որոնք իրենց վեր էին դասում օրենքից: Ո՞ր մաքսայինն էր գլխից ձեռք վերցրել ծուռ աչքով նայել փեսա Միքայելի բեռնասայլերի քարավանի կողմը կամ ո՞ր իրավապահը կհանդգներ կանգնել անաշխատ եկամտով օրեցօր բարգավաճող Մինասյանների ճանապարհին: Իրավապահների «դուխը» հազիվ մանրաձկներին էր հերիքում՝ 200-300 դոլար թռցնող չինովնիկներին, որոնց ավելի շուտ, ասես, պատժում էին ոչ այնքան մեղքի, որքան այդաստիճան մանրանալու համար՝ չէ՞ որ գողական թասիբի հարց կար: Ահա թե ինչու տեղի ունեցածը Դավիթ Ղազարյանի խոստովանությամբ՝ շոկ էր իր համար: «Ընկերությունը պարալիզացնում են… ի՞նչ ա նշանակում միջնորդություն կալանքի վերաբերյալ: Ասում ա՝ կա՛մ ստորագրում ես, կա՛մ կալանավորվում ես: Եվ ես ՊԵԿ-ի հետապնդումն եմ տեսնում «Սպայկայի» նկատմամբ»,- լրագրողներին ասել է Ղազարյանը: Նա համոզված պնդում է, որ իրենք ոչ մի պարտք չունեն: Մինչդեռ ՊԵԿ-ի հավաստմամբ՝ 7 միլիարդ դրամի հարկեր չվճարելու մեղադրանքի համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցները՝ այդ թվում օտարերկրյա պետություններից ստացված հարցապնդումների պատասխանները:

Այնպես որ, «Սպայկայի» անհոգ օրերն այլեւս անցյալում են: Մնում է` սույն պարոններն ընտելանան նոր իրողություններին եւ հանգիստ նստեն տեղները:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ (ԵԽ): Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանն ապրիլի 11-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով եւ պատասխանել պատգամավորների հարցերին: ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Փաշինյանը եւ եվրակառույցների ղեկավարները ԵԽ կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես բացել են «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Ապրիլի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Պորտուգալիա: Սարգսյանը` որպես բանախոս, մասնակցել է Horasis վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է: Կենտրոնն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների հետ: Հանրապետության նախագահը դասախոսությամբ հանդես է եկել «Ձեւավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում: Այցի ընթացքում Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի եւ վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ: Հայաստանի նախագահը հանդիպել է նաեւ Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ներհայկական միասնականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է Հայ Առաքելական եկեղեցու կարեւոր դերակատարությունը պետականաշինության, հայ ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) դեպի Իրան շարժվեց ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանը օժանդակություն ցուցաբերելու նպատակով մարդասիրական օգնության շարասյունը: ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ օգնության խմբաքանակը Իրանի բարեկամ ժողովրդին տրամադրվել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում: Այն ներառում է 40 վրան, 250 մահճակալ եւ 4000 ծածկոց: Շարասյան ավարտական կետը Իրանի Թավրիզ քաղաքն է, որտեղ եւ խմբաքանակը կփոխանցվի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությանը: Միջոցառմանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին եւ Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներ:

Ազգային ժողովը ապրիլի 9-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է մի շարք օրենքներ` մասնավորապես «Տնտեսական մրցակցության» եւ «Ծառայությունների կարգավորման պետական մարմնի» մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը: Օրինագծի օգտին միաձայն կողմ են քվեարկել դահլիճում ներկա բոլոր 107 պատգամավորները: Նույն արդյունքն է գրանցել նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քվեարկությունը, որը ենթադրում է սեղմված գազի կիլոգրամներով վաճառք: «Պետական տոների եւ հիշատակի օրերի» մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագծին կողմ է քվեարկել 97, դեմ` 3 եւ ձեռնպահ` 6 պատգամավոր:

 

Միջազգային մամուլ

Բենիամին Նեթանյահուն հաղթեց հինգերորդ անգամ

Reuters-ը տեղեկացնում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաղթել է Իսրայելի ազգային ընտրություններում՝ ապահովելով իշխանավարման ռեկորդային հինգերորդ ժամկետը: «Նեթանյահուն, որպես Իսրայելի վարչապետ, իր հինգերորդ ժամկետը կծառայի այն բանից հետո, երբ նրա բոլոր մրցակիցներն ընդունեցին ընտրություններում իրենց կրած պարտությունը»,- ամփոփում է պարբերականը:

The Guardian-ը գրում է, որ քվեարկության 97 տոկոսի հաշվարկով՝ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը եւ բանակի նախկին գեներալ Բեննի Գանտի գլխավորած «Կապույտ եւ Սպիտակ» կուսակցությունը՝ յուրաքանչյուրը զբաղեցնում են 35 տեղ 120 տեղ ունեցող Քնեսեթում: Այնուամենայնիվ՝ Նեթանյահուի աջակողմյան բլոկը ստանում է 65 տեղ՝ ձեւավորելով բացարձակ մեծամասնություն:

 

ԱՄՆ-ն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը ահաբեկչական խումբ է ճանաչել

The Wall Street Journal-ի տեղեկացմամբ՝ Միացյալ Նահանգներն Իրանի էլիտար զինվորական իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը որակել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն, «քանի որ Թրամփի վարչակազմը Թեհրանի վարչակարգի վրա տնտեսական եւ քաղաքական ճնշումներն ուժեղացնելու նոր ուղիներ է փնտրում»: Պարբերականը նկատում է, որ Վաշինգտոնն առաջին անգամ է օտարերկրյա կառավարական կազմակերպությունը ահաբեկչական խումբ որակում՝ չմտահոգվելով անգամ, որ այդ որակումը, որպես նախադեպ, կարող է մի օր օգտագործվել հենց ԱՄՆ-ի դեմ: 

Washington Post-ը գրում է, որ Իրանի առաջնորդները միասնական ճակատով են ընդդիմացել ԱՄՆ այս քայլին: Երեքշաբթի խորհրդարանի պատգամավորները ձիթենու կանաչ գույնի հագուստներ էին կրում՝ այդպիսով իրենց համերաշխությունը հայտնելով զորակազմին, իսկ նիստը բացել էին «Մահ՝ Ամերիկային» երգով: Նախագահ Ռուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի այս քայլը «միայն կխթանի զորակազմի ժողովրդականությունը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում»:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: