Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Ազգային ժողովը ապրիլի 16-ին մեկնարկած հերթական քառօրյայում մի շարք հարցերի թվում անդրադարձել է նաեւ Կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագծի քննարկմանը: Առաջարկվող օրինագծերի փաթեթի նպատակն է ունենալ կառավարության գործառնական կառուցվածք, ինչը թույլ կտա էապես բարձրացնել նրա գործունեության արդյունավետությունը։ Այս մասին ԱԺ նիստում ասել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը օրենսդրական փաթեթը ներկայացնելիս: Նրա խոսքով՝ առաջարկվում է միավորել օպտիմալացման ենթարկվող նախարարությունները, կրճատել փոխնախարարների թիվը, մասնավորապես` առաջին փոխվարչապետի պաշտոնը, նախարարությունների թիվը կրճատել 5-ով, այսինքն` 17-ից դարձնել 12։ Բացի դրանից, նախատեսվում է լուծարման ենթակա Սփյուռքի նախարարության փոխարեն ստեղծել այդ ոլորտի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, որը կլինի կառավարության ղեկավարի ներկայացուցիչը սփյուռքի հետ հարաբերություններում: Զեյնալյանի պարզաբանմամբ` կառավարության կառուցվածքի ձեւավորման ժամանակ հաշվի է առնվել միջազգային, այդ թվում` Ճապոնիայի եւ Վրաստանի փորձը։
…Անշուշտ, կառուցվածքային փոփոխությունների իրագործումը կառավարության բացառիկ իրավունքն է: Վերջին հաշվով` գործադիրն է պատասխանատու Ազգային ժողովի դատին ներկայացրած եւ նրա հավանությանն արժանացած իր ծրագրի անթերի կատարման համար: Հետեւաբար՝ տրամաբանական է, որ կառավարությունն ինքն էլ ընտրի իր ծրագրի իրականացման գործիքակազմը՝ նախարարությունների եւ մյուս պետական մարմինների կառուցվածքային փոփոխությունների մարտավարությունը: Կառավարության խնդիրն անսխալ ընտրությունն է՝ այն հաշվով, որպեսզի ապահովվի բոլոր ոլորտների արդյունավետ, փոխկապակցված եւ ճկուն աշխատանքը: Հենց սրանով է թելադրված պետական գերատեսչությունների օպտիմալացման անհրաժեշտությունը, որի մեկնարկը տրված է: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա վերջինս կոչված է ոչ միայն կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելու կամ, ինչպես ասում են, նրան հակակշիռ ծառայելու, այլեւ նպաստավոր օրենսդրական միջավայր ստեղծելու, գործադիրի ներկայացրած ծրագրի կենսակոչմանն ըստամենայնի նպաստելու համար:
Կառավարությունն անսխալական չէ, առավել եւս՝ «թավշյա» հեղափոխությունից հետո հապշտապ կազմավորված երիտասարդ, մասամբ փորձի պակաս ունեցող նոր կառավարությունը: Այսօր թույլ տրված աննշան թվացող վրիպումը վաղը կարող է մեծ դժվարությունների առջեւ կանգնեցնել: Հանրությունը եւ նրա մունետիկը հանդիսացող խորհրդարանը՝ ավելի ստույգ ԱԺ-ի ընդդիմադիր փոքրամասնությունը, գործադիրի իրականացրած կառուցվածքային փոփոխություններում, ինչպես նաեւ օպտիմալացման գործընթացներում լուրջ թերություններ են մատնանշում: Կառավարությունը չի կարող հաշվի չառնել իր ընդդիմախոսների տեղին դիտողություններն ու չշտկել ակնհայտ բացերը: Օրինակ՝ ի՞նչ հաշվարկով է Գյուղատնտեսության նախարարությունը, որը տալիս է մեր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 17-18 տոկոսը, երկրորդական դերակատարությամբ կցվել Էկոնոմիկայի նախարարությանը, այլ ոչ թե Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, որի կազմում, գոնե, ավելի տրամաբանական կլիներ: Մանավանդ որ, Ջրային պետական կոմիտեն եւս ընդգրկված է «Տարածքայինի» մեջ: Հաջորդը՝ ինչպե՞ս կարելի է բազմադարյա մշակույթ ունեցող եւ այդ բրենդով աշխարհին հայտնի երկիրը թողնել առանց ոլորտը պատճաշ ներկայացնող գերատեսչության: Ընդհանրապես՝ կրթությունը, գիտությունը, մշակույթը եւ սպորտը մեկ նախարարությունում «փաթեթավորելը», շատերի կարծիքով, ճիշտ որոշում չէ: Նման կարգի անխոհեմ ձեռնարկումները շատ են: Եվ ամենազարմանալին այն է, որ ի պատասխան հարցի, թե ի՞նչ չափանիշով է կառավարությունն առաջնորդվել այս կամ այն փոփոխությունը կատարելիս, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դեմքի լուրջ արտահայտությամբ պատասխանել է. «Առաջնորդվել ենք համոզմունքով, ներզգացողությամբ, ինտուիցիայով»:
Բա լավ, էդպես «ինտուիցիայով» էլ պետությո՞ւն ենք կառավարելու:
Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած` Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Էլմար Մամեդյարովը եւ Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային հանդիպմանը քննարկել են իրադրությունը սահմանին եւ շփման գծում։ Քննարկվել են նաեւ հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները եւ մտքեր են փոխանակվել կարգավորման հիմնարար հարցերի շուրջ: Հանդիպմանը միացել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը` շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը:
…Մամուլին հայտնի դարձած տեղեկությունների համաձայն` բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ընդգծվել է հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացմամբ շահագրգռվածությունը` մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ փոխադարձության հիման վրա թույլատրել կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջեւ շփումների վերականգնման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով: Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին հայտնի էր դարձել դեռեւս մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպումից անմիջապես հետո, իսկ ապրիլի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցությունների ավարտին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ հանդիպումն անցնելու է եռակողմ ձեւաչափով, եւ ներկա է լինելու նաեւ Սերգեյ Լավրովը։ Վերջինս հանդիպմանը մասնակցում էր որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի արտգործնախարար։ Չնայած Ռուսաստանը, որոշ փորձագետների կարծիքով, արցախյան բանակցություններում նորից փորձում է ստանձնել գլխավոր միջնորդի դերը, ինչպես դա եղել է 2009-2011 թվականներին, երբ Ռուսաստանի այդ տարիների նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախաձեռնել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների շուրջ տասը հանդիպում։ Մեդվեդեւի նախաձեռնությունը, սակայն, տապալվեց Կազանում 2011-ին, երբ վերջին պահին Իլհամ Ալիեւը հրաժարվել էր ստորագրել արդեն համաձայնեցված փաստաթուղթը։
Հիշեցնենք, որ ավելի քան երկու շաբաթ առաջ Վիեննայում կայացած` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը հետեւել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրությունը: Դրանում, մասնավորապես, նշված էր, որ բանակցություններին Ալիեւն ու Փաշինյանը ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման կարեւորությունը եւ հետագայում կոնկրետ ու շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ բանակցային գործընթացում խաղաղ լուծում գտնելու նպատակով։ Ըստ նույն հաղորդագրության, երկու երկրների ղեկավարները համաձայնել են քայլեր մշակել հումանիտար ոլորտում ուղիղ երկխոսությունը շարունակելու համար։
Մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, առանց փակագծերը բացելու, ադրբեջանցի լրագրողներին ասել է, որ քննարկումները տեղի են ունեցել 2016 թվականին ռուսական կողմից արված պլանի հենքի վրա: «Հանդիպման օգտակարությունն այն է, որ մենք ավելի խորը հասկացանք, թե ինչ խնդիրներ կան եւ որոնք պետք է լուծել»,- ասել է Մամեդյարովը: Հայաստանը, օրինակ, ըստ նրա, կարեւորում է կարգավիճակի եւ անվտանգության հետ կապված հարցերը, իսկ Ադրբեջանը` առաջին հերթին օկուպացված տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու եւ հարկադրաբար հեռացած մարդկանց վերադարձի հարցերը: «Այս չորս հարցերի շուրջ մենք բազմակողմանի քննարկումներ ունեցանք: Կարծում եմ՝ համաձայնեցինք շարունակել քննարկումները»,- հավելել է Մամեդյարովը:
Ռուսական «Կոմերսանտ»-ի գնահատմամբ` կարգավորման գործընթացում երկար տարիների ընթացքում առաջին անգամ դրական տեղաշարժ է արձանագրվել. Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել լուծել գերիների հարազատների փոխայցելությունների հարցը, ինչպես նաեւ ակտիվացնել լրատվամիջոցների այցերը: Ադրբեջանցի քաղաքագետ Արզու Նաղիեւը մոսկովյան հանդիպումից երեք կարեւոր կետ է առանձնացրել հումանիտար ոլորտում. առաջին՝ ռազմագերիների ընտանիքների անդամների հնարավորությունը` այցելելու նրանց, երկրորդ՝ հակամարտ կողմերի բնակիչների միջեւ շփումների, այդ թվում` լրագրողների փոխայցելությունների կազմակերպում, եւ երրորդ՝ հակամարտ գոտում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ կայուն իրավիճակի ապահովում: Քաղաքագետի կարծիքով` այդ երեք կետերը կարեւոր բաղադրիչներ են առարկայական բանակցությունների համար: Ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկն էլ քիչ հավանական է համարում, որ ԱԳ նախարարներն ու միջնորդները հավաքվեին զուտ հումանիտար հարցեր քննարկելու համար: «Եռակողմ հանդիպման կարեւորությունն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերին հիշեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Մոսկվայի դերակատարության մասին: Վիեննայի հանդիպումից հետո կարեւոր էր ցուցադրել, ընդգծել ու միաժամանակ արտահայտել հանձնառությունները Ղարաբաղի հարցով նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնություններին»,- ադրբեջանական Minval.az կայքին ասել է ռուս փորձագետը:
Այսպիսով` չնայած որոշակի լավատեսությանը, կարծիքներն, այնուամենայնիվ, հակասական են, խնդրի ապագան` անորոշ: Թե ինչով կավարտվի հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների ներկա փուլը, ցույց կտա ժամանակը: Ցավոք, մեծ հույսեր փայփայելու հիմքեր չունենք:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով
Ապրիլի 17-19-ը Հայաստանում էր ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել իշխանության գործադիր ճյուղի պաշտոնատար անձանց, ԱԺ պատգամավորների, ինչպես նաեւ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: Պատվիրակության անդամները կազմակերպել են քննարկում Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ եւ այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Սբ. Էջմիածին: Այցի նպատակը Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հնարավոր ուղիների դիտարկումն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագա´հ, ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության եւ ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից եւ սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի ու հոգեւոր ժառանգության յուրատեսակ մարմնավորումն է, որի հետ մենք նույնացրել ենք Փարիզն ու նրա բազմադարյա պատմությունը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել են Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ։ Վարչապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մալաքե Թաուսը խորհրդանշում է նոր հույս ու երազանք, գարնանային վերածնունդ, ուստի մաղթում եմ, որ Նոր տարին լիակատար խաղաղություն, ներդաշնակություն եւ նորանոր ձեռքբերումներ բերի՝ ի շահ եւ ի բարօրություն մեր Հայաստանի ու մեր սիրելի եզդի հայրենակիցների»։ Շնորհավորանքի իր խոսքում նախագահ Սարգսյանը նույնպես խաղաղություն եւ հաջողություններ մաղթելով եզդիական համայնքին, ասել է. «Մենք միասին ենք անկախություն հռչակել եւ միասին ենք լծվել Հայաստանի Հանրապետության կառուցմանը, բանակի հզորացմանն ու սահմանների պաշտպանությանը: Այսօր էլ մենք միանում ենք ձեր տոնախմբությանը՝ ձեզ հետ կիսելով տոնական բերկրանքն ու ուրախությունը»:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 16-18-ը աշխատանքային այցով Փարիզում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի եւ այլ պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր: Այնուհետեւ Մնացականյանը ելույթով հանդես է եկել Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, այցելել Փարիզի Աստվածամոր տաճար եւ իր զորակցությունը հայտնել Ֆրանսիայի ժողովրդին ու ղեկավարությանը։
Միջազգային մամուլ
Թուրքիայի ընդդիմադիր թեկնածուն պաշտոնապես հայտարարվեց Ստամբուլի քաղաքապետ
Reuters-ը հայտնում է, որ մարտի 31-ին կայացած տեղական ընտրությունների արդյունքների վերահաշվարկից հետո չորեքշաբթի օրը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության թեկնածու Աքրամ Իմամօղլուն հայտարարվել է Ստամբուլի քաղաքապետ:
The Independent-ը գրում է, որ 25 տարիների ընթացքում առաջին անգամ Ստամբուլը Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կուսակցության ձեռքում չէ: «Մենք երբեք մեր հույսը չենք կորցրել այս քաղաքում ապրող 16 միլիոն մարդու միասնության եւ համախմբման հարցում»,- Ստամբուլի քաղաքային իշխանության հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր՝ Ժողովրդական-հանրապետական կուսակցության ծագող աստղը:
The New York Times-ը գրում է. «Մինչ Էրդողանի իշխող ուժը շարունակում է մնալ երկրում ամենաբարձր վարկանիշն ունեցող կուսակցությունը, այն այժմ կորցրել է երկրի գլխավոր քաղաքները՝ ներառյալ Անկարան, որը նույնպես քառորդ դար վերահսկվում էր նրա կուսակցության կողմից»: Պարբերականի տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի կուսակցությունը երեքշաբթի երեկոյան դիմել է երկրի ընտրական հանձնաժողովին՝ Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնելու պահանջով, սակայն երկու շաբաթ տեւած բողոքներն եւ քվեաթերթիկների վերահաշվարկը, միեւնույն է, հաղթող են դուրս բերել ընդդիմության թեկնածուին:
The Associated Press-ը տեղեկացնում է, որ ընդդիմադիր կուսակցության պնդմամբ՝ իշխող կուսակցության ստացած արդյունքների առարկություններն անհիմն են: Պարբերականի փոխանցմամբ՝ ընդդիմադիրները նաեւ հղում են անում իշխող կուսակցության՝ նախքան ընտրությունները կատարած հայտարարություններին, երբ վերջինս հաստատում էր, որ ընտրությունների անվտանգությունն ապահովված է եւ բացառվում է որեւէ խարդախության հնարավորություն:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը