Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Շաբաթվա ընթացքում լրատվամիջոցներում եւ սոցցանցերում շարունակվում էին մայիսի 8-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի շուրջ քննարկումները: Միջադեպի առնչությամբ մայիսի 11-ին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը` ընդգծելով, որ բռնությունը ոչ միայն չդատապարտվեց իշխանության կողմից, այլեւ արդարացվեց, լեգիտիմացվեց եւ խրախուսվեց վարչապետի մակարդակով: «Ցավոք, վարչապետն ընդդիմադիր քննադատական խոսքը բնութագրեց որպես «քստմնելի սադրանք»` այդկերպ խրախուսելով չհամաձայնվողներին որակել որպես սադրիչներ։ Միտումնավոր ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը։ Ավելին` սեփական սխալներն ընդունելու եւ զղջալու փոխարեն, կոչ արվեց պայքարել հորինված «սադրանքի» կազմակերպիչների դեմ»,- ասված է հայտարարության մեջ:
Ազգային ժողովում տեղի ունեցած բախումների վերաբերյալ տեսանյութն ու ԶԼՄ-ների հրապարակումները Դատախազությունը մայիսի 11-ին ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ նյութեր նախապատրաստելու համար:
…Նախորդ մեկնաբանության մեջ «Հայացքն» այս թեմային անդրադարձել էր, բայց հաշվի առնելով միջադեպի վերաբերյալ տարակարծություններն ու հանրային բուռն արձագանքները եւ, մասնավորապես, տեղի ունեցածի մեղքը դիմացինի վրա բարդելու` կողմերից յուրաքանչյուրի փորձերը, անհրաժեշտություն առաջացավ եւս մեկ անգամ անկողմնակալ հայացքով վերարծարծել թեման` գլխավորապես իրողությունների խեղաթյուրումները հնարավորինս կանխակայելու համատեքստում: Իսկ այդպիսի ճիգերն ակնհայտ են` չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացածության այսօրվա բարձր մակարդակը դրա հնարավորությունը, կարծես թե, բացառում է: Ուրեմն նախ փորձենք հրապարակի վրա եղած տեսանյութերի ու տեղեկանյութերի հիման վրա վերականգնել մայիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած զարգացումների իրական պատկերը:
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության աշխատաոճին` նշելով, որ այդ խմբակցության պատգամավորներն ամեն մի աննշան առիթով քննադատում են Կառավարության եւ իշխող ուժի տնտեսական քաղաքականությունը: Ըստ Թունյանի, նրանք քննադատում են մի բան, որից ոչինչ չեն հասկանում, հանդես են գալիս մերկապարանոց հայտատարություններով` առանց վերլուծելու խնդիրը, խորամուխ լինելու դրա էության մեջ: Պատգամավորին հատկապես դուր չէր եկել, որ ընդդիմադիրներից ոմանք քննադատում են վարչապետին` բանկային գաղտնիքներ հրապարակելու համար: Այդպիսիները, Թունյանի բնորոշմամբ, կամ բութ են, կամ սրիկա: Այս բնորոշումներն իր խոսքում նա կրկնեց եւս մեկ-երկու անգամ: Այնուհետեւ դժգոհություն հայտնեց «լուսավորականներից», որ իր հեռախոսահամարը փոխանցում են բողոքավոր ընտրողներին, որոնք հազարումի խնդիրներով հանգիստ չեն տալիս իրեն:
Հաջորդիվ ելույթ ունենալով` ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ հիշեցրեց, որ Թունյանն ինքն է իր հեռախոսահամարը հրապարակել ԱԺ ամբիոնից եւ պետք չէ ուրիշներին հանդիմանել, հետո հորդորեց խուսափել «սրիկա», «բութ» եւ նման կարգի այլ բնորոշումներից, որովհետեւ այդպիսի արտահայտություններն անհարկի լարվածություն են ստեղծում: Հետեւեցին Թունյանի` առարկություն չընդունող տոնով նետված ռեպլիկները, ապա «իմքայլական» պատգամավոր Սասուն Միքայելյանի կոպիտ արձագանքը, որ «կցխի» Մարուքյանին եւ այլն: Նա նույնիսկ ձեռքը մեկնեց սեղանին դրված ջրի պլաստիկ շշին, բայց կողքին նստած Անդրանիկ Քոչարյանը, ի պատիվ իրեն, արագ վերցրեց շիշը եւ հեռացրեց նախկին ազատամարտիկից:
Լեզվակռիվը սաստկացավ ու վերածվեց ծեծկռտուքի: Մարուքյանը ամբիոնից, իսկ Միքայելյանն առաջին շարքի իր տեղից գրեթե միաժամանակ արագաքայլ շարժվեցին միմյանց ընդառաջ, եւ առաջին ապտակախառն հարվածը հասցրեց Միքայելյանը: Ճիշտ նույն պահին վրա հասան գործընկերները եւ իրարից բաժանեցին կռվողներին, բայց Մարուքյանը, այնուամենայնիվ, կարողացավ ոտքի ոչ այնքան ուժեղ հարվածով «մանրը» վերադարձնել: Չորս-հինգ տասնյակի չափ պատգամավորներ խմբվել էին իրար գլխի, եւ այդ խառնակ պահին Մարուքյանը եւս երկու հարված ստացավ` մեջքին եւ դեմքին: Ինչպես պարզվեց, հետեւից հարված հասցնողները «իմքայլական» պատգամավորներ Արտակ Մանուկյանը եւ Վահե Ղալումյանն էին: Կրքերը որոշ ժամանակ չէին մարում, եւ նիստը նախագահող ԱԺ խոսնակը ստիպված եղավ հայտարարել ընդմիջում, որից հետո «Լուսավոր Հայաստան»-ը լքեց դահլիճը` խոստանալով չվերադառնալ, մինչեւ որ տեղի ունեցածին ու նրա հետեւանքներին չտրվի պատշաճ քաղաքական գնահատական:
Ահա ծեծկռտուքի իրական պատկերը, որը տասնյակ օրինակներով բազմացված ու սփռված է սոցցանցերում` հասանելի ցանկացած հետաքրքրվողի համար: Տեսանյութը միանշանակ վկայում է, որ սադրիչը Բաբկեն Թունյանն է, բռնություն գործադրողը Սասուն Միքայելյանը` «մեջքից խփող» իր երկու գործընկերոջ աջակցությամբ, իսկ զոհը` Մարուքյանը: Սա անառարկելի փաստ է: Հիմա անդրադառնանք այն կողմի գնահատականներին, որը, ըստ տեսանյութի, սադրողն ու բռնություն կիրառողն է եւ, անկախ դիտորդների կարծիքով, պետք է ոչ միայն ներողություն խնդրի, այլեւ վայր դնի մանդատները: Բայց նախ լսենք Նիկոլ Փաշինյանին, ով բոլոր կողմերի վարչապետն է, հետեւաբար պետք է համարժեք ու ծանրակշիռ գնահատականներ հնչեցներ: Ավաղ…
Վարչապետ Փաշինյանն Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը համարեց ԼՀԿ-ի կողմից սադրանքի արդյունք, սակայն դատապարտեց իր քաղաքական ուժին՝ այդ սադրանքին տրվելու համար: «Այո, այսօր Հայաստանում հայտարարված է բացարձակ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժաքոչարյանական հանցավոր բանդայի եւ նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից: Նրանք մեզ ուզում են դնել ընտրության առջեւ` կամ մենք պիտի դառնանք «պադյեզդներում» ծեծողներ, կամ մեր թիմակիցները պիտի վախենան «պադյեզդներ» մտնելուց: Թույլ չե´նք տա: Այո, այդ «պադյեզդներում» ձեզ ասֆալտներին կպառկեցնենք: Դուք չունեք հնարավորություն ժողովրդից վերցնելու այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին»,- ԱԺ ամբիոնից նշեց Նիկոլ Փաշինյանը: Այդ պահին էլ` ցուցամատն ուղղելով դեպի ամբիոնի առջեւ գտնվող տարածքը, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը, վարչապետն ասաց. «իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողն ա´յ, էստեղ»: Կարելի էր մտածել, որ ծեծկռտուքի բուն պատճառը դահլիճի այդ հատվածում Մարուքյանի գտնվելն էր:
Ակնհայտորեն «պադյեզդներում» ծեծելու, «ասֆալտներին» պառկեցնելու սինդրոմը, ինչպես նաեւ ժողովրդից (ասել է թե` իրենից) իշխանությունը վերցնելու վախը Նիկոլ Փաշինյանը տակավին չի հաղթահարել: Հետաքրքիր է, որ նրա խառնվածքի որոշ գծեր` անհավասարակշռությունը, տագնապի զգացողությունը, ճշմարտությունը քողարկելու հակումը, փոխանցվել են նաեւ ենթականերին: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցերին ի պատասխան` հերքում էր ծեծկռտուքի պահին դահլիճում վարչապետի գտնվելու փաստը` ասելով, թե «Նիկոլ Փաշինյանը ստեղ չի եղել»: Մեկ այլ դեպքում էլ վստահեցնում էր, որ պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը Էդմոն Մարուքյանին մեջքից չեն հարվածել, այնինչ տեսանկարահանման կադրերը պարզորոշ հակառակն են ապացուցում:
Չարիքի փոքրագույնն է, երբ մարդ ստում է` չիմանալով ճշմարտությունը: Ալեն Սիմոնյանը ստում է` իմանալով եւ թաքցնելով ճշմարտությունը: Սակայն «մախաթը պարկում չես թաքցնի», բոլորը տեսել են համապատասխան նյութերը եւ ամեն ինչի մասին քաջատեղյակ են: Եթե նման անհերքելի փաստերի առկայության դեպքում ստում ես, վնասում ես ինքդ քեզ` կորցնելով ժողովրդի հավատն ու վստահությունը: Եվ երբ դրանից հետո պնդում ես, թե այդ ծեծկռտուքը «նախապատրաստված սադրանք է եւ ունի շարունակական բնույթ», ոչ ոք քեզ չի հավատում, որովհետեւ արդեն ստել ես, եւ մարդիկ գիտեն, որ ստել ես: Այսինքն` Սիմոնյանի դեպքում գործ ունենք պատասխանատվության իսպառ բացակայության երեւույթի հետ: Բայց Ալենը մարդկային այդ տեսակի միակ նմուշը չէ իշխող մեծամասնության խայտաբղետ զանգվածի մեջ:
«Անկեղծության քննությունը» չբռնեցին նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ այլք: Մակունցը հայտարարեց, որ Սասուն Միքայելյանը եւ իրենց կողմից ծեծկռտուքին մասնակցած մյուս երկուսը պատրաստ են վայր դնել մանդատները, եթե վայր դնեն նաեւ Էդմոն Մարուքյանն ու նրա թիմից եւս երկու պատգամավոր: Փաստորեն` առաջարկվում է «մանդատափոխանակություն» հավասար հիմունքներով, որի թիրախում, կարծես թե, Մարուքյանն է` ԱԺ գլխավոր «գլխացավանքներից» մեկը: Այս վարկածն ավելի է ամրանում, եթե նկատի ունենանք, որ դրանից մեկ օր առաջ Մարուքյանին մանդատները միասին վայր դնելու առաջարկ էր արել Սասուն Միքայելյանը: «Եթե էդքան տղա է ինքը, թող մանդատը վայր դնի, ես էլ եմ դնելու»,- նրան թասիբի էր գցել նախկին ազատամարտիկը: Մարուքյանը հանգստացրել էր նրանց` հասկացնելով, որ ինքը «Իմ քայլին» այդպիսի հաճույք չի պատճառի:
Հետաքրքիր դրվագները շատ են այս պատմության մեջ, եւ դրանցից մեկով էլ ավարտենք մեր նկատառումները: Իմքայլական պատգամավորները չխորշեցին իրենց քաղաքական առաջնորդի ներկայությամբ ծեծկռտուք սարքել, իսկ առաջնորդը նրանց սասատելու քայլ անգամ չարեց:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ մայիսի 9-ին ժամանել էր Արցախ, որտեղ մասնակցել է Եռատոնին նվիրված միջոցառումներին: Ստեփանակերտի օդանավակայանում վարչապետին ու նրա տիկնոջը դիմավորել են ԼՂ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնանց հետ: Նրանք այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ վարչապետն ու տիկին Հակոբյանն այցելել են հուշահամալիրի հարեւանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 11-ին ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ 14 հարակից օրենքները, որոնք Ազգային ժողովի կողմից նախագահի ստորագրմանն էին ներկայացվել ապրիլի 21-ին: Ինչպես նշում են նախագահի աշխատակազմից, օրենքի ընդունումը Կառավարությունը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու եւ այդ համատեքստում հանցավոր գործունեության արդյունքում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու անհրաժեշտությամբ: Հաղորդագրությամբ տեղեկացվում է, որ նախագահի աշխատակազմը օրենքի նախագծի քննարկման փուլում արտահայտված մտահոգություններն ու նկատառումները հանգամանալից եւ հետեւողականորեն քննարկել է Ազգային ժողովի պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահի ու արդարադատության նախարարի հետ եւ ստացել պարզաբանումներ: «Օրենքի անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը եւ վտանգի տակ դնել դրա արդյունավետությունը»,- նշված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում ընդունեց արտակարգ դրության ժամկետը երկարաձգել եւս 30 օրով` մինչեւ հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ: Համաձայն որոշման` նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, եւ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռեւս չեն վերացել, ինչի մասին են վկայում, մասնավորապես, հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3 հազար 680 դեպքերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` արտակարգ դրության երկարաձգումն անխուսափելի է, միայն թե սահմանափակումների պայմանակարգը կմեղմացվի։
Հակառակ հանրության շրջանում առկա դժգոհություններին, ԱԺ-ն մայիսի 11-ին ընդունեց դեռեւս 10 տարի առաջ ստորագրված ու մինչ օրս չվավերացված` «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան կամ, այսպես կոչված, Լանզարոտի կոնվենցիան: Մինչ քվեարկությունը ձայն խնդրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` հայտնելով, որ ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պատգամավորներից պահանջելով չընդունել Կոնվենցիան:
Այդուհանդերձ` Ազգային ժողովը ձայների 79 կողմ, 14 դեմ ձայներով վավերացրեց Կոնվենցիայի նախագիծը: Փաստաթղթին միացած պետությունները պարտավորվում են ապահովել Կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված` դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: