Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Շաբաթվա անցուդարձ

18-25 մայիսի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ընթացքում շարունակվում էր հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մեկնարկած ապօրինի սահմանազատումը, որի կասեցման համար 4-օրյա քայլերթով մայիսի 9-ին Երեւան էր հասել Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ սահմանամերձ գյուղերի ներկայացուցիչների մի հոծ խմբով: Սահմանազատման արդյունքում ամենատուժածը Կիրանցն է՝ սահմանագիծն այդտեղ անցնում է գյուղին այնքան կիպ, որ մի քանի շենք-շինություններ, դաշտեր ու արոտավայրեր մնում են սահմանի ադրբեջանական մասում, ինչը հարուցել է բնակիչների իրավացի վրդովմունքը, եւ ոմանք մտածում են ընտանյոք գյուղը լքելու մասին:

Մայրաքաղաքում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 9-ին անցկացված բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները, ի նշան բողոքի, համառորեն պնդում էին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրաժարականի պահանջը՝ համարելով, որ խնդիրը միայն մարզի 4 գյուղերը չեն: Միակողմանի զիջումները անվտանգային լուրջ սպառնալիքներ են ողջ Հայաստանի համար, քանզի թշնամու վերահսկողության տակ են անցնում ռազմավարական մի քանի տասնյակ բնագծեր, Վրաստան տանող մայրուղու մի հատված, հնարավոր է նաեւ՝ ՀՀ մտնող գազատարը: Այս ամենի հետեւանքով խաթարվում է երկրի հյուսիս-արեւելյան սահմանի պաշտպանական ճարտարապետությունը, իսկ բուն երկիրը դառնում է խոցելի:

Կիրանցում իրավիճակի սրացման վերջին փուլը (եթե, իհարկե, վերջինն է) թեւակոխեց մայիսի 18-ին եւ շարունակվեց մինչեւ շաբաթավերջ: Երկուշաբթի Սրբազանն իր մի խումբ աջակիցներով որոշեց գնալ Կիրանց՝ տեսակցելու գյուղացիներին եւ տեղեկանալու անցուդարձին: Բայց գյուղի մուտքին չհասած՝ բախվեց ոստիկանների ու բերետավորների մի քանի շարքանոց պատնեշին, որոնք փակել էին ճանապարհը եւ արգելել բոլորի մուտքը Կիրանց՝ բացառությամբ կիրանցիների: Նախօրեին ոստիկանները գյուղի մուտքը փակել էին նաեւ Աժ ընդդիմադիր մի խումբ պատգամավորների առջեւ, որոնք երկար-բարակ վիճաբանություններից, քաշքշուկից հետո ստիպված էին դաշտային կածաններով, տեղ-տեղ մագլցելով՝ հասնել գյուղ:

Տեսնելով, որ ոստիկաններն անդրդվելի են, իսկ մարզային ոստիկանապետի հետ բանակցություններն՝ ապարդյուն, Բագրատ Սրբազանն ավելի հնարամիտ գտնվեց՝ նա յուրայիններին հրահանգեց մնալ տեղում եւ «անհնազանդության» տրամաբանության շրջանակում միանալ ոստիկանների՝ ճանապարհ փակելու «ակցիային»: Ստացվեց, որ ոստիկանները եւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փաստացի նույն գործի «վրա են»: Իրավապահները միառժամանակ շփոթահար իրար էին նայում՝ մինչեւ հասկացան, որ Սրբազանն իրենց «զինաթափ» է արել: Եվ էլ ավելի տհաճ կացության մեջ չհայտնվելու համար գնդապետի կարգադրությամբ բացեցին ճանապարհը՝ ասելով. «ի սեր Աստծո, գնացեք, բայց երկար չմնաք գյուղում»:

ՔՊ-ական իշխանությունները ջանք չեն խնայում Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդին վարկաբեկելու համար, բայց դա նրանց չի հաջողվում, որովհետեւ «բռնելու տեղ» չկա, եւ ստիպված են լինում ձեռքերը «փրփուրին» մեկնել՝ հաճախ իրենց ծիծաղելի վիճակի մեջ դնելով: Շարժումը, շատ փորձագետների կարծիքով, դեռ պահպանում է հաջողության հասնելու հնարավորությունը: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այդպիսի ներուժ տեսնում է՝ «նախ ի դեմս Սրբազանի կերպարի եւ, երկրորդ, ՀՀ-ում քաղաքական իրավիճակը փոխելու՝ հասարակության տրամադրվածության մեջ»։ Բայց, մեկնաբանի համոզմամբ, շատ կարեւոր է, թե հետագա գործողությունների առումով քաղաքական ինչպիսի բովանդակություն կմատուցվի հանրությանը: Այդ մասին է մեր հաջորդ դիտարկումը:

 

Պետք է փաստել, որ Տավուշից քայլերթով Երեւան գալուց հետո՝ մայիսի 9-ից այս կողմ, Բագրատ Սրբազանը տանը հանգիստ նստած չէ: Հանրահավաքային միջոցառումներին, անհնազանդության ակցիաներին, ամենօրյա ռիթմով անցկացվող հաշվետվություններին ու ճեպազրույցներին զուգահեռ՝ նա կանոնավոր հանդիպումներ է ունենում հանրության տարբեր շերտերի՝ գիտակրթական, մշակութային գործիչների, գրողների, իրավաբանների, հասարակական-քաղաքական կառույցների ղեկավարների հետ՝ ներկայացնելով հետագա անելիքների, ծրագրերի ու մտահղացումների իր տեսլականը, այսինքն՝ քաղաքական այն բովանդակությունը, որին խոստանում է ավելի հանգամանորեն անդրադառնալ մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքում:

Ասենք՝ վերը նշված բովանդակալից հանդիպումների ընթացքում Սրբազանը որոշակի չափաբաժնով հանրայնացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաքելությունն ու հիմնական նպատակները: Այդ մասին, օրինակ, առարկայական խոսակցություն էր բացվել նախկին զինվորականների, ինչպեսեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ մայիսի 18-ի հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին «Լուսավոր Հայաստան», «ՀՅ Դաշնակցություն», Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչներ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Շանթ դաշինք»-ի ղեկավար Շանթ Հարությունյանը, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը եւ այլք։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մտահղացումը, ըստ համապատասխան թեմի հոգեւոր առաջնորդի, ծագել է սահմանազատման անվան տակ կատարվող միակողմանի զիջումների համատեքստում: Գործընթացը, առաջնորդի խոսքով, ակնհայտորեն ապօրինի է եւ չի բխում սահմանագծման-սահմանազատման իրականացման միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունից. այն տեղի է ունենում Ադրբեջանի՝ տվյալ պահին ուժեղ կողմի ճնշման տակ, չկա համապատասխան Կանոնակարգ, չկա փոխհամաձայնությամբ ընտրված մեկ միասնական օրինակարգ քարտեզ եւ այլն: «Ստեղծված խայտառակ իրավիճակի պատճառը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը, որը կամ պետք է հեռանա, կամ հեռացվի»,- պնդել է Շարժման առաջնորդը:

Ուշագրավ է, որ գրեթե բոլոր հանդիպումներից հետո մասնակիցները միահամուռ Սրբազանին են մատնացույց անում՝ որպես ապագա վարչապետի թեկնածու, չնայած իրավական որոշ խնդիր կա վերջինիս երկքաղաքացիության հետ կապված: Ինքը՝ Բագրատ Սրբազանը, երբեք իր թեկնածությանը կարեւորություն չի տվել: Համենայն դեպս՝ չի հայտարարել, թե՝ «Ես կլինեմ Հայաստանի վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»: Եվ, ընդհանրապես, համեմատության եզր չկա՝ նրանք ընդգծված հակապատկերներ են:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Կառավարության ղեկավարը մայիսի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Իրան։ Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի նախագահի, ԱԳ նախարարի ու եւս վեց այլ պաշտոնյաների հարգանքի տուրքի եւ ցավակցության պաշտոնական միջոցառմանը: Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Աբդոլահիանը եւ մյուսները զոհվեցին կիրակի օրը Արեւելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արեւմուտքում գտնվող Վարզաքանի շրջանում ուղղաթիռի վթարից: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո վերադառնում էին Թեհրան:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը եւ նրանց հետ նույն ուղղաթիռում գտնվող անձինք զոհվել են վթարի հետեւանքով: «Բոլոր նահատակների ինքնությունը հստակեցվել է, ԴՆԹ թեստի կարիք չկա»,- հաղորդել են պաշտոնական աղբյուրները։ Իրանի պետական հեռուստաալիքը մայիսի 20-ին հայտնել էր, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով: Երկրի ողջ տարածքում հնգօրյա սուգ է հայտարարվել։ Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի մեկ այլ որոշմամբ՝ առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը նշանակվել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Հունիսի 28-ին նախագահական նոր ընտրություններ են անցկացվելու:

Իլհամ Ալիեւը մայիսի 18-ին այցելել է Ջաբրայիլ (Ջրական), որտեղ մասնակցել է չորս գյուղերի հիմնարկեքի արարողությանը։ Նա այցելել է նաեւ Զանգիլան (Կովսական), որտեղ նրա մասնակցությամբ տեղի է ունեցել հյուրանոցի բացում։ Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է մինչեւ այս տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել Ղարաբաղում, իսկ առաջիկա 2 տարում այդ թիվը հասցնել 140 հազարի: Ի դեպ՝ Ղարաբաղում 420 ընտանիքի համար նախատեսված բնակավայր կառուցելու ցանկություն է հայտնել նաեւ Բելառուսի շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը, որն այդ օրերին Լուկաշենկոյի գլխավորած պատվիրակության կազմում Բաքվում էր:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀԳ) ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենը մայիսի 21-ին Երեւանում քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր՝ հայտնում է ԱԽ գրասենյակը: Նույն օրը Քոհենին ընդունել է Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունում չեն փոխանցվում: 2022թ. հուլիսին ՀՀ էր այցելել ԱՄՆ ԿՀԳ ղեկավար Ուիլյամ Բըրնսը, նույն տարվա դեկտեմբերին էլ՝ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը: Հետաքրքիր է՝ ի՞նչ է կորցրել Արեւմուտքի գործակալական ցանցը Երեւանում:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Վիեննա (Ավստրիա), որտեղ մասնակցել է Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին. այն անցկացվում էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանում՝ «Ձեւավորելով ապագան» խորագրի ներքո։ Ծրագրված էին նաեւ երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կառույցների պաշտոնյաների հետ՝ հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից:

Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024
Սեպտեմբերի 22 2024
Սեպտեմբերի 14 2024
Օգոստոսի 31 2024
Օգոստոսի 24 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: