Ուրբաթ, Հուլիսի 18, 2025

Շաբաթվա անցուդարձ

17-25 մայիսի 2025թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հայ-ռուսական հարաբերությունները ոչ դյուրին ժամանակներ են ապրում, եւ այդ առումով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 20-21-ի աշխատանքային այցը Հայաստան, կարծես թե, տեղում իրավիճակը պարզաբանելու, փոխադարձ պահանջներն ու հավակնությունները հարթելու նպատակ ուներ: Եվ, ինչու չէ, միաժամանակ՝ Երեւանին հասկացնելու, որ «դուք Ռուսաստանի աջակցության կարիքը դեռ շատ եք զգալու»: Իզուր չէր այցի նախօրեին ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե Մոսկվան ու Երեւանը մտքեր են փոխանակելու տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման շուրջ:

Սրանք այն զգայուն հարցերն են, որոնք ամենաշատն են մտահոգում հայ հանրությանը, հետեւաբար Ռուսաստանը փորձում է հայացքը Եվրամիությանը պարզած շրջանակներին հիասթափեցնել, որ հույսը Արեւմուտքից փչող «քամիների» վրա դնելը անտեղի ապասումներ են՝ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ այլոք անկարող են ցուցաբերել այն օգնությունը, որն ի զորու է անել մոտ հարեւանը, եւ դա բազմիցս վերահաստատվել է պատմությամբ: Կրեմլը հավաստիացնում է, որ հայ-ռուսական «խորթացումը» ինչ-որ չափով պայմանավորված է նաեւ ռուս-ուկրաինական տեւական պատերազմով, եւ դա պետք է նկատի ունենալ ու ըմբռնումով մոտենալ:

Ամեն դեպքում՝ փոխադարձ բարյացակամության պակասուրդի ընկալումն առկա է, եւ կողմերից յուրաքանչյուրը փորձում է «դատարկ տեղը» լցնել յուրովի: Փաշինյանը մայիսի 9-ին մեկնել էր Մոսկվա՝ ներկա գտնվելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Իսկ դրանից 10 օր չանցած՝ փոխայցով Երեւան է ժամանել ՌԴ ԱԳ նախարարը: Վերջինիս նախորդ այցը Երեւան՝ 3 տարի առաջ էր՝ 2022 թվականի հունիսին, իսկ հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպել էր այս տարվա հունվարին՝ Մոսկվայում, որտեղ էլ Միրզոյանը նրան Երեւան էր հրավիրել: Հիշեցնենք, որ հայ-ռուսական հարաբերությունները սկսել էին լարվել ՀՀ-ի հանդեպ ՀԱՊԿ-ի կրավորական պահվածքի պատճառով:

Այժմ, կարծես թե, «սառույցը հալչում է», եւ ԵՄ-Հայաստան սիրախաղերը դառնում են անցյալ: Մեծ հաշվով՝ փաշինյանական Հայաստանը երբեք եվրոպամետ չի եղել: Նիկոլի՝ ժամանակ առ ժամանակ բորբոքվող հակառուսական դեմարշները հանես՝ տակը բան չի մնա: Կան հիմնավոր կասկածներ, որ Փաշինյանը եվրոպամետության լարի վրա խաղում է Էրդողան-Ալիեւ զույգի հորդորով (չասեմ՝ պահանջով, որպեսզի չնույնականացվի լուրջ զիջումների պահանջների հետ): Այդ անձը, որ արդեն 7 տարի զբաղեցնում է ՀՀ  վարչապետի աթոռը, երբեք արեւմտամետ չի եղել՝ ո՛չ 2018-ից առաջ, ո՛չ դրանից հետո: Դա համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ակամա բերանից թռցրեց նաեւ նախարար Միրզոյանը:

Ռուս լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Հայաստանի ու Եվրամիության միջեւ տեղի ունեցող համապափակ գործողությունները չեն խանգարի Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին, ՀՀ ԱԳ նախարարը բաց տեքստով հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ի հետ չի բանակցում՝ «անդամակցության հարց մեր օրակարգում, առհասարակ, չկա»: Դե, եթե չկա բանակցություն, բնականաբար, անդամակցության գործընթաց լինել չի կարող: Լավրովն իր հերթին շեշտեց, որ ՌԴ-ն պատրաստ է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Պարզ է, որ ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտուց դուրս լինելու պարագայում Լավրովը նման հայտարարություն չէր անի:

Անշուշտ, ասուլիսին հնչեցին նաեւ ռուս նախարարի համար «տհաճ» հարցեր, որոնց նա խուսափողական պատասխան էր տալիս, կամ՝ դժգոհություններ, որոնց անդրադառնում էր անցյալին բնորոշ մեծապետական շահախնդրության դիրքերից: Հավասարը հավասարի հետ հաղորդակցվելու մշակույթը, ցավոք, դեռ չի մտել հետանկախության շրջանի դիվանագիտական միջավայր:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Մենք փորձում ենք կանխել Հայաստան-Ադրբեջան հակամարտության ռիսկը. այս մասին մայիսի 22-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նա նշել է նաեւ, որ հայ գերիների ազատ արձակումը ԱՄՆ-ի շարունակական դիվանագիտական ջանքերի «կարեւոր» բաղադրիչ է, որն «ուղղված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն հաստատելուն»։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունը՝ «մասնավորապես նրա հավաստիացումը, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է կանխելու Ադրբեջանի ներխուժումը Հայաստան եւ ապահովելու հայ գերիների ազատ արձակումը»:

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 20-ին առանձնազրույց է ունեցել Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։  ՊՆ-ից հաղորդում են, որ առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի ու Իրանի միջեւ համագործակցության ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Նույն օրը գեներալ Նասիրզադեին ընդունել է նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում նախարար Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 21-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ մայիսի 22-23-ը կլինի արձակուրդում. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ երկու աշխատանքային օր տեւողությամբ՝ 2025 թվականի մայիսի 22-23-ը ներառյալ: 2. Արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ վարչապետին կփոխարինի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը»,- ասված է որոշման մեջ:

Կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում մայիսի 20-ին ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ, այդ թվում՝ Երեւանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Քաղաքապետարանում ապացուցողական եւ այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այլ մանրամասներ դեռեւս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,- նշել է նա:

Բաքվի զինդատարանում մայիսի 19-ին շարունակվում էր ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ օրը հարցաքննվել է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Դատախազները նրան հարցեր են ուղղել Առաջին ղարաբաղյան պատերազմին մասնակցության վերաբերյալ։ Բացի դրանից, դատարանում հրապարակվել է ԼՂ ռազմական ղեկավարների խորհրդակցություններից մեկի տեսագրությունը։ Դրանում, ըստ АPA գործակալության, Բակո Սահակյանից բացի, պատկերված են նաեւ գեներալներ Քրիստափոր Իվանյանը, Սամվել Բաբայանը, Մովսես Հակոբյանը, Վիտալի Բալասանյանը։ Դատական նիստին, ինչպես նախորդ անգամ, ներկա չեն եղել անկախ ԶԼՄ-ների, իրավապաշտպան կառույցների եւ օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: