Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Մայիսի 4-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որը, անտարակույս, կարեւորագույն իրադարձություն է: Երեւան էին ժամանել Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Լեհաստանի վարչապետները, Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ այլք: Առաջին անգամ այս ձեւաչափով հավաքին իբրեւ հյուր մասնակցում էր Կանադայի վարչապետը: Եվրամիության առանցքային երկրներից միայն Գերմանիայի կանցլերը չէր ժամանել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ:
Չնայած հրավերին՝ Հայաստան չեկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Անկարան, ըստ էության, խախտելով գագաթաժողովի ձեւաչափը՝ հավաքին գործուղել էր փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազին: 2008-ին նախագահ Աբդուլահ Գյուլի այցից հետո Ջեւդեթ Յըլմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ հարեւան երկիր էր եկել: Փաշինյանը բացման ելույթում կարեւորեց Յըլմազի այցը եւ միաժամանակ բարձր գնահատեց առաջին անգամ ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառմանն Ալիեւի մասնակցությունը, փույթ չէ, թե տեսակապով։ «Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Բաքվի հետ՝ ամրապնդելու խաղաղությունը երկու երկրների միջեւ»,- հայտարարել է Փաշինյանը։
Մեր խելոքը հույս է փայփայում, որ հնարավորություն կունենա Ադրբեջան այցելել 2028-ին, «երբ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովն այնտեղ անցկացվի»: Դրա համար է, թերեւս, «երեսատեղ» թողնում՝ չարձագանքելով Ալիեւի հակահայկական կոշտ հռետորաբանությանը, երբ վերջինս անջատողականներ եւ պատերազմի հանցագործներ է անվանում պապենական հողի համար պայքարած արցախյան հերոսներին ու Բաքվում ապօրինաբար երկարաժամկետ կամ ցմահ դատապարտված ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը: Ալիեւը, որ էթնիկ զտման է ենթարկել ողջ Արցախը, ՀՀ-ից բռնազավթել մոտ 240 քառ/կմ տարածքներ, տեսակապով լուտանքներ էր թափում Հայաստանի վրա, եւ մնում անպատասխան, եթե չասենք ավելին:
Սեպտեմբերյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը ճիշտ այդպես «սպիտակ ֆոսֆոր» էր թափում Արցախի վրա՝ թունավորելով մարդկանց ու շրջակա միջավայրը եւ պատասխան չտալով այս անգամ արդեն իր ռազմական հանցագործությունների համար: Ֆոսֆորային զենքը նա ստանում էր Ուկրաինայից, որի ղեկավարը՝ Վոլոդիմիր Զելենսկին, Երեւանում անցկացված համաժողովում Նիկոլ Փաշինյանի ամենասրտակից հյուրն էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից հետո: Ուշագրավն այն է, որ երբ News.am-ի լրագրողը Զելենսկուն հիշեցրեց Ադրբեջանին ֆոսֆորային զինամթերք մատակարարելու մասին, նա բառիս բուն իմաստով ծլկեց պատասխանից։
Չծլկեր՝ կարելի էր հարցնել նաեւ այն մասին, թե ինչու 2020-ի նոյեմբերին Ուկրաինան շնորհավորեց Ադրբեջանին՝ «հայերի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ», եւ իր խոշոր քաղաքների փողոցներում տարածեց «Ղարաբաղն Ադրբեջան է» խորագրով պաստառներ։ Կարելի էր նաեւ հարցնել, թե ինչու Ուկրաինայի դիրքորոշումը չփոխվեց նույնիսկ այն բանից հետո, երբ մարդամեկի նախկին ընկերուհին ցուցադրական այցով մեկնեց Կիեւ՝ Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնության բեռով: Այս ամենը՝ որպես չնչին դիպվածներ, կարելի է անտեսել ու մոռացության մատնել, բայց երեւանյան ամբիոնից Ուկրաինայի առաջնորդի հնչեցրած հակառուսական հայտարարությունները Հայաստանի վրա թանկ են նստելու:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը խստորեն քննադատել է Ուկրաինայի նախագահի մասնակցությունը Երեւանում ընթացող գագաթաժողովին։ Ըստ քաղաքագետի՝ նման հրավերը ոչ միայն վտանգում է հայ-ռուսական հարաբերությունները, այլեւ հարվածում է Հայաստանի ազգային արժանապատվությանը։ Սուրենյանցը մատնանշում է Զելենսկու եւ Ալիեւի միջեւ օրերս Բաքվում կայացած ռազմական նոր գործարքները՝ մասնավորապես զենքի համատեղ արտադրության պայմանավորվածությունը։ Քաղաքագետի պնդմամբ՝ պատվով ընդունել մի առաջնորդի, ով սերտ դաշնակցային հարաբերություններ ունի թշնամուդ հետ՝ մանավանդ երբ հայ գերիները դեռ Բաքվի բանտերում են, նշանակում է անարգել նահատակների հիշատակը:
Երեւանում կայացած՝ Եվրոպական համայնքի 8-րդ գագաթաժողովը, որը, ըստ էության, պետք է բարձրացներ ՔՊ-ական իշխանակարգի առաջնորդի վարկանիշը, օգներ նրան՝ կեղծելու ընտրությունները եւ միամիտ հայերին տալու նոր պատրանքներ, պարզվեց՝ շատ ավելի անկեղծ է, քան մենք կարծում էինք։ Քաղաքակիրթ Եվրոպայի ներկայացուցիչները, ովքեր, հավանաբար, երկար փնտրում էին ՀՀ-ն քարտեզի վրա՝ հասկանալու, թե ուր են թռչում, անգամ չփորձեցին ձեւացնել, թե Հայաստանն իրենց իսկապես հետաքրքրում է։ Փոխարենը՝ անմիջապես քննարկումներ սկսվեցին այցի ամենագլխավոր, ամենահրատապ թեմայի շուրջ՝ պատերազմի շարունակությունը Ուկրաինայում եւ ռազմական օգնության վերատրամադրումը Զելենսկուն։
Այնուամենայնիվ՝ այս ամենում խորհրդանշական մի բան կար. Նիկոլ Փաշինյանը 2018-ին իր վարչապետությունը սկսեց Ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների՝ Երեւանում անցկացված բարձրակարգ գագաթաժողովով եւ, հնարավոր է, որ ավարտի Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովով։ Այն, ինչ նախատեսված է իբրեւ ներքաղաքական խթան, կարող է վերածվել ռազմավարական սխալի։
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի միջոցառումներին զուգահեռ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն այդ օրերին բողոքի ակցիաներ էր անում: Մայիսի 5-ին կուսակցության բողոքի գործողություններն ավարտվեցին նախագահի նստավայրի մոտ: Ընդդիմադիր ակտիվականները եվրոպացի առաջնորդների ուշադրությունը հրավիրում են քաղբանտարկյալների խնդրի վրա. նրանց գնահատմամբ՝ Հայաստանում շուրջ 5 տասնյակ քաղաքացի հետապնդվում է իշխանությանը քննադատելու համար: «Եկել ենք պաստառներով, մեր ասելիքով, մեր քաղբանտարկյալների նկարներով, Եվրոպայի այսօրվա կեցվածքը բնորոշող մեր ձեւակերպումներով: ԵՄ-Հայաստան հարաբերություններն առ այսօր խարսխված են Սերժ Սարգսյանի օրոք ստորագրված ՍԵՊԱ-ի հիման վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հայաստանը եւ Ֆրանսիան մայիսի 5-ին ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել: «Վերջին տարիներին ցանկացել ենք արդիականացնել ՀՀ զինված ուժերը, ամրապնդել ինքնիշխանությունը: Կարելի է ասել, սա մեր երկկողմ հարաբերությունների կարեւոր հիմնասյունն է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Երկու պետությունների ղեկավարների ներկայությամբ ստորագրվեցին մի շարք այլ փաստաթղթեր եւս, այդ թվում՝ Ռազմական տեխնոլոգիաների եւ պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման եւ նորարարության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, Արհեստական բանականության, կիբեռանվտանգության եւ կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ մտադրությունների նամակը, Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրը:
Ավելի վաղ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր էին ստորագրել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: «Ստորագրված համատեղ հռչակագրով բացում ենք նոր, խոստումնալից էջ մեր հարաբերություններում, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների եւ ամրապնդված համագործակցության վրա»,- X-ի իր էջում գրել է Փաշինյանը:
Մայիսի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Հայաստանի դեսպանը: Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ: «Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է ԵՄ հովանու ներքո վերջին միջոցառումների շրջանակում Հայաստանում Կիեւի նացիստական ռեժիմի պարագլուխ Վ. Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելու կատեգորիկ անընդունելիության մասին», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում: - «Ընդգծվել է, որ Մոսկվայում այդ կապակցությամբ արդարացի վրդովմունք են ապրում եւ պաշտոնական Երեւանի կողմից պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը համարում են ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին չհամապատասխանող»: Հայկական կողմը դեռ չի արձագանքել:
Նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետը մայիսի 8-ից գտնվում է արձակուրդում։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է մայիսի 7-ին նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ: «Այն կընդհատվի միայն մայիսի 28-ին, որպեսզի պետական տոնի օրը որոշակի պարտականություններ ունեմ, այդ պարտականությունները կատարեմ… Բայց, ընդհանուր առմամբ, պլանավորում եմ քարոզարշավի մեջ լինել»,- ասել է Փաշինյանը: Արձակուրդ են մեկնել նաեւ Արմավիրի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզպետները, Պաշտպանության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության, Ֆինանսների, Արդարադատության, ԿԳՄՍ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարները:
Նիկոլ Փաշինյանը այս տարի չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Հինգշաբթի պատասխանելով լրագրողների հարցին, Փաշինյանն ասել է, որ դեռեւս Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում՝ Պուտինին ասել, որ չի լինելու Կարմիր հրապարակում։ «Ես ՌԴ կատարած իմ այցի ընթացքում նախագահ Պուտինին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին»։ Փաշինյանը չի հստակեցրել, թե իր փոխարեն հայաստանցի այլ պաշտոնյա կմեկնի՞ Մոսկվա, թե՝ ոչ։ Փաշինյանը՝ «ՌԴ այլ բարեկամ երկրների շարքում» հրավիրվել է
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի հորդորից հետո կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազ մականունով Արթուր Ավանեսյանը մայիսի 4-ին դադարեցրել է հացադուլը: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Արմեն Ֆերոյանը: Ավանեսյանը հացադուլ հայտարարեց ձերբակալվելուց մեկ օր անց: Վարդաշենի բանտում պահվող նախկին զինվորականը մեղադրվում է ընտրակաշառք տալու համար: Մեղքը չի ընդունում:

