Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին, Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած միասնության հանրահավաքը, որը բավական մարդաշատ էր: Այն մեկնարկեց ՀՀ օրհներգով եւ Տերունական աղոթքով: Շատ քաղաքացիներ եկել էին՝ ձեռքներին դրոշակներ, որ թափահարում էին եւ ստեպ-ստեպ վանկարկում՝ «Սամ-վե՛լ, վար-չա-պե՛տ»: Քանի որ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, հանրահավաքին մասնակցեց հեռավար կարգով եւ հանդես եկավ ծրագրային տեսաուղերձով, որին դեռ կանդրադառնանք:
Հանրահավաքում ելույթ ունեցան «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Նարեկ Կարապետյանը, Ալիկ Ալեքսանյանը, համանուն դաշինքի անդամներ, պատգամավորության թեկնածուներ, համակիրներ եւ այլք: Ելույթներում շեշտադրվում էր Սամվել Կարապետյանի առաջնորդության դերը՝ որպես մեր երկրում դրական փոփոխություններ բերելու ունակ հզոր գործոնի: Մասնավորապես՝ այնպիսի մի վճռորոշ շրջափուլում, երբ աննախադեպ սրված է սոցիալ-տնտեսական, անվտանգային, բարոյահոգեբանական խնդիրների հրատապ լուծման, Հայաստանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հրամայականը:
Դաշինքի հրավիրած հանրային միջոցառումը, որին, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» աերոնկարահանման տվյալների՝ մասնակցում էր շուրջ 12.500 մարդ (այլ հաշվարկներով՝ մինչեւ 30 հազար), թերեւս, ամենահարմար առիթն էր` ներկայացնելու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուներին, բայց հրապարակումը չծանրաբեռնելու համար մենք կներկայացնենք առաջին տասնյակին՝ ըստ հերթականության. Նարեկ Կարապետյան, Արամ Վարդեւանյան, Գոհար Մելոյան, Դավիթ Ղազինյան, Ռուբեն Մխիթարյան, Արեգա Հովսեփյան, Մամիկոն Ասլանյան, Հայկ Ֆարմանյան, Մարիաննա Ղահրամանյան, Հայկ Սուքիասյան:
Իշխանամերձ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակել, թե ինչպես են «քաղաքացիներին ավտոբուսներով բերում՝ մասնակցելու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի հանրահավաքին»: Այո, «Ուժեղ Հայաստան»-ի մարզային աջակիցներն իրենց նախընտրելի քաղաքական ուժին սատարելու, ծրագրերին ծանոթանալու համար ավտոբուսներով էին գալիս մայրաքաղաք, որովհետեւ հասկանալի պատճառով ոտքով հնարավոր չէ այդքան հեռու ճանապարհ կտրել: Տողերիս հեղինակը եւս այդ օրն Աբովյանից տիկնոջ հետ Ազատության հրապարակ էր եկել համաքաղաքացի մի մեծ խումբ աջակիցներով միասին՝ վարձված ավտոբուսով, որը պարտավորված էր հավաքից հետո էլ բոլորին ետ տուն տանել:
Այնպես որ, այստեղ հանցավորություն պետք չէ փնտրել: Սա այն դեպքը չէ, երբ նույն հիմնարկից կազմակերպված կոլեկտիվներ են հավաքագրում, բերում՝ շատ հաճախ մարդկանց կամքին հակառակ, անգամ աշխատանքից հեռացնելու սպառնալիքի տակ: Անշուշտ, քննադատելու տեղեր «Ուժեղ Հայաստան»-ն էլ ունի, բայց պետք չէ «թացը չորին խառնել»: Օրինակ՝ անդուր է, երբ ամենամերձավորները խոսքի մեջ պրն Կարապետյանին «հաջորդ վարչապետ» անվամբ են դիմում կամ ուղղակի «ՀՀ վարչապետ», ինչն ավելորդ անհամեստություն է, եթե չասենք՝ մեծամտություն: Համբերություն պետք է ունենալ եւ սպասել հունիսի 7-ի քվեարկության արդյունքին: Կոռեկտ չէ առուն չթռած՝ «հոպ» ասել…
Իսկ քննադատություն փնտրողների ուշադրությունը կարող ենք հրավիրել սոցցանցերի կողմը, որտեղ գեներացվող ատելությունը՝ իշխանություն-ընդդիմախոսներ փոխադարձ թշնամանքի դրսեւորումները, որի ճարտարապետն, ի դեպ, իշխանության գալու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանն է, անցել են բոլոր կարմիր գծերը: Բանավեճեր՝ որպես հաղորդակցության քաղաքակիրթ միջոց, մեզանում վաղուց գոյություն չունեն: Դրանց փոխարինում են գրեթե հանրակարգայնացված իշխանական վարձու ֆեյքերը, որոնք հանրության որոշ շրջանակներում հայտնի են «կապից արձակված շներ» պիտակով:
«Ֆեյքախտի» վարակը սկսել է ներթափանցել այլ ոլորտներ եւս, մասնավորապես՝ իրավապահ համակարգ, որտեղ շինծու ձայնագրությունների հիման վրա անմեղ մարդկանց նկատմամբ քրգործեր են «կարում»՝ քաղաքական նկատառումներով, եւ ամիսներով, անգամ մեկ տարի եւ ավելի նրանց պահում քրեակատարողականներում: Ահա թե որտեղից կարող են քննադատության սիրահարներն իրենց հրապարակումների համար առատորեն նյութեր քաղել:
Ինչպես ասվեց ամենասկզբում՝ մոտ մեկ տարի ապօրինաբար կալանքի տակ եւ խոսքի սահմանափակության պայմաններում գտնվելուց հետո Սամվել Կարապետյանը ապրիլի 11-ի հանրահավաքի ավարտին հանդես եկավ տեսաուղերձով: Առաջին լուրը, որն ամենաուշագրավն էր, նրա պատրաստակամությունն է՝ հայաստանյան բիզնեսի կառավարումը փոխանցել զավակներին, իսկ իրեն թողնել Հայաստանին ամբողջանվեր ծառայելու առաքելությունը: «Ուժեղ Հայաստան»-ը, Կարապետյանի խոսքով, հունիսի 7-ի ընտրություններին գնում է հաղթելու հաստատակամ տրամադրվածությամբ:
«Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու։ Այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում։ Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն իր աթոռի։ ՔՊ-ի կեղծ «սրտիկները» փոխարինելու ենք մեր հայկական իրական ջերմ սրտերով, իսկ մեր սիրտը Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին է, Արարատ լեռն է, մեր մյուս արժեքներն են»,- հայտարարեց Կարապետյանը։
Նրա համոզմամբ՝ ՀՀ-ն պետք է «ուժեղ լինի» թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում, թե՛ Լոնդոնում ու Պեկինում, միաժամանակ շեշտեց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը: «Մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն՝ նոր գործարաններով, 300 հազար նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավմամբ, բիզնեսի եւ գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով: Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը եւ պաշտպանությունը»,- վստահ է վարչապետության թեկնածուն։ Ընտրություններում, ըստ նրա, իրենց մեծ հաղթանակ է պետք, որպեսզի կարողանան իրականացնել այն ծավալուն ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը:
«Մենք,- ապագայի իր տեսլականն է ուրվագծում տեսաուղերձի հեղինակը,- կունենանք ուժեղ դիվանագիտություն եւ ուժեղ պաշտպանություն՝ պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը ոչ թե բառերով, այլ գործով, Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր: Երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը` դատարկում են սեփական գրպանները հանուն մեր հայրենիքի բարեկեցության։ Արդարությունն ու ներքին համերաշխությունը հարատեւ են լինելու Հայաստանում»։ Նա նաեւ ներկայացրեց, թե իրենց քաղաքական ուժն ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարելու։
«Մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում, մենք վերականգնելու ենք ՌԴ-ի հետ խաթարված հարաբերությունները։ Մենք ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում, Պեկինում, ամենուրեք։ Գործող վարչակարգը քայքայել է Սփյուռքի հետ հարաբերությունները։ Մեր քաղաքական ուժն ի զորու է վերականգնել թե՛ Սփյուռքի հետ հարաբերությունները, թե՛ Մայր հայրենիքի հանդեպ վստահությունը»,– իր տեսաուղերձն այսպես է ամփոփել գործարարը։ Հանրահավաքից հետո մասնակիցները քայլերթ անցկացրին Երեւանի կենտրոնական փողոցներով, որն ավարտվեց Կասկադում:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Ապրիլի 13-ին մեկնարկեցին ԱԺ ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումները: Մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշիքներն արդեն կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մասնակցության ձեւաչափի մասին առանցքային ուժերից արդեն հայտարարել են իշխող «Քաղպայմանագիրը», «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը», որի վարչապետի թեկնածուն՝ Սամվել Կարապետյանը, երկքաղաքացի է եւ չի կարող լինել պատգամավորի թեկնածու, հետեւապես նաեւ վարչապետ: Դաշինքից պնդում են, թե իշխանության գալու դեպքում օրենքները կփոխեն, եւ Կարապետյանը հնարավորություն կունենա վարչապետ ընտրվել: Փաստացի այս ուժի նախընտրական ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը: Առաջադրումների վերջնաժամկետն ապրիլի 23-ն է:
Եվրամիությանն անդամակցության գործընթացում Հայաստանը չի պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել. այս մասին ապրիլի 15-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը: «Մենք ընդունել ենք օրենք ԵՄ անդամակցության մասին, բայց գործընթացի մեջ մենք չեն պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ, թե օրենք ընդունել ենք, մեզ մյուս ամիս ընդունեք Եվրամիություն… մեզ պետք է, որ այս գործընթացի մեջ լինի զրո նյարդ: Եվ դա մեզ համար հնարավորություն է բարեփոխումների ընթացքը շարունակել այնպես, որ մենք համապատասխանենք իսկապես ԵՄ չափանիշներին»,- մանրամասնել է Փաշինյանը՝ շեշտելով, որ ԵՄ անդամ դառնալ-չդառնալը քաղաքական որոշման հարց է: Հիշեցնենք, որ 2025թ.-ի մարտին ՀՀ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը:
Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 5.8 միլիոն դոլարի ապրանք է ներկրել, արտահանել… 960 դոլարի ապրանք: Ադրբեջանի պետական եկամուտների կոմիտեն է տվյալները հրապարակել: Հայկական կողմն առայժմ Ադրբեջանի հետ առեւտրաշրջանառության մասին ամսական պաշտոնական վիճակագրություն չի ներկայացրել: Ըստ հրապարակվածի՝ ՀՀ արտահանված 5.8 մլն դոլարի ապրանքն Ադրբեջանի արտահանումների ընդհանուր ծավալի 0.11 տոկոսն է: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ 960 դոլարի ապրանքը Հայաստանից գնել են անցած ամիս: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից հայտնում են՝ մաքսային մարմինը Հայաստանից Ադրբեջան արտահանում չի գրանցել: Թե 960 դոլարի ինչ ապրանք է Հայաստանից Ադրբեջան տեղափոխվել, պարզ չէ:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով ապրիլի 16-19-ը գտնվելու է Ստամբուլում: «Այս պահի դրությամբ նախատեսված հանդիպում կա Ադրբեջանի եւ Վրաստանի գործընկերների հետ»,- հավելել է ՀՀ խորհրդարանի խոսնակը: Ազգային ժողովի կայքից կարելի է տեղեկանալ մանրամասներին:
«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ թեկնածուն՝ Իշխան Սաղաթելյանը, ընդդիմադիր ուժերին առաջարկում է միասնաբար իրականացնել ընտրությունների վերահսկողությունը: «Կհնչեցնեմ այն առաջարկությունը, որ 5 ամիս արել ենք քաղաքական ուժերին: Անկախ նրանից՝ տարաձայնություններ կան, թե՝ ոչ քաղաքական ուժերի միջեւ եւ անկախ նրանից, որ առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք, գոյություն ունեն կարեւորագույն օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական նշանակություն ունի: Խոսքն այս իշխանության ապօրինություններին ու հալածանքներին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունն ապահովելու ու ընտրությունները վերահսկելու մասին է»,- հայտարարել է Սաղաթելյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավորն առաջարկում է՝ այս հարցերի օրակարգով ընդդիմադիր ուժերը միասնական հանրահավաք հրավիրեն:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀԳ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԵՄ ԱԳ եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։ Միրզոյանն ու Կալլասը վերանայել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը հետեւողականորեն իրագործելու հարցեր, անդրադարձել մայիսի 4-ին Երեւանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթաժողովի բովանդակային պատրաստության հարցերին: Կողմերը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ արժեքահեն գործընկերության եւ ռազմավարական օրակարգի կարեւոր մաս են կազմում:

