Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Շաբաթվա անցուդարձ

15-22 հունիսի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Անցած կիրակի՝ հունիսի 16-ին, Նիկոլ Փաշինյանը երեւանյան յուրայինների մի մեծ շքախմբով այցելել է Սյունիքի մարզ, եղել գրեթե բոլոր համայնքներում, ծանոթացել մի շարք սուբվենցիոն եւ այլ ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին, զրուցել հայ-ադրբեջանական սահմանագծման-սահմանազատմանը, խաղաղությանն ու տվյալ համայնքին վերաբերող խնդիրների շուրջ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առաջին կանգառը Կապան քաղաքն էր, որին հաջորդել են այցերը Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շուռնուխ եւ այլ բնակավայրեր։ Կապանում Փաշինյանի խումբը փակ հանդիպում է ունեցել «Քաղպայմանագրի» տեղական կառույցի անդամների, համակիրների ու կուսակցական ակտիվի հետ:

Մամուլի տեղեկացմամբ՝ Սյունիք ժամանելուց առաջ ՀՀ հատուկ ծառայություններն անկյուն առ անկյուն «սանրել», ստուգումներ են անցկացրել բոլոր այն վայրերում, որտեղ նախատեսված էին վարչապետի աթոռը զբաղեցնող անձի այցելությունները: Որքան էլ տարօրինակ թվա, Կապանի օդանավակայանում նրան դիմավորել ու ջերմորեն ողջունել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Այն Առուշը, ով 3 տարի առաջ սկզբունքորեն արգելում էր Փաշինյանի մուտքը Սյունիք՝ Կապանի շահեկան դիրքերը թշնամուն զիջելու համար: Փոխարենը հունիսի 16-ին ՀՀ գործադիրի ղեկավարի «երեսը տեսնելուց» ձեռնպահ էին մնացել Կապանի եւ Քաջարանի ոչ ՔՊ-ական քաղաքապետերը:

Ընդհանուր առմամբ՝ չհաշված հատուկենտ բացառությունները, Փաշինյանի մարզային այցերին ոչ ոք վաղուց լուրջ նշանակություն չի տալիս: Ավելին՝ նման այցելությունների համատեքստում ոմանք չարագուշակ զգացողություն են ունենում՝ հավատամքով, որ այդ մարդու «ոտքը խերով չէ», գնացած տեղը մի վատ բան անպայման պատահում է: Բայց նմանատիպ ձախողումների մեջ «ոչ խերով ոտքը», բնականաբար, կապ չունի, Փաշինյանի հավատամքի «ատաղձը» պարզապես սուտն ու ձեռնածություններն են, որոնցով երբեք հաջողություն չես կառուցի: Ինչպես դա եղավ Տավուշի 4 գյուղեր նրա այցելություններից հետո, երբ հանձնվեցին այդ գյուղերը:

Պատահական չէ, որ սյունիքյան այցից հետո արագ լուրեր տարածվեցին, թե Փաշինյանը գնացել է Սյունիքի հանձնումը նախապատրաստելու համար: Այդ վարկածն ամբողջացավ, երբ պարզվեց, որ Տավուշից հետո սահմանազատում կոչված «բլեֆի» հաջորդ հասցեն Սյունիքն է լինելու: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իր բնույթին հարիր՝ հեռվից էր սկսում սահմանազատման թեմայով զրույցը համայնքների բնակիչների հետ: Ասում է՝ ոմանք սահմանազատման մեջ մեծ աղետ են տեսնում (երեւի նկատի ունի Բագրատ Սրբազանին-Գ.Լ.), մինչդեռ Սյունիքում մարդիկ, իբր, մոտենում են իրեն եւ հարցնում. «Հույս ունենա՞նք, որ սահմանազատումը մեզ էլ կհասնի»: Այս մարդու մեջ ստերի ու մանիպուլյացիաների անսպառ պաշար կա:

Դա նկատելի էր նաեւ Շինուհայրում, որտեղ մի խումբ մարդկանց գլխին հավաքած՝ պատմում էր, թե որ դեպքում կարող է տարածքի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն առաջանալ. «Կարող է՝ ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, որ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,– բացատրում էր Փաշինյանը: Նրա խոսքով՝ առայժմ ԽՍՀՄ օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, «հնարավոր է՝ գա մի պահ, երբ Երեւան ու Բաքուն նոր պայմանավորվածություն ձեռք բերեն»։ Մեկը լիներ՝ հարցներ, թե ինչու Ադրբեջանի հետ բոլոր պայմանավորվածությունները միշտ ավարտվում են ՀՀ-ի կողմից միակողմանի զիջումներով:

Կամ՝ ինչո՞ւ Տավուշի գյուղերը հանձնելիս հանրաքվեի հարց մեջտեղ չբերվեց: Իսկ հիմա մարդկանց հանգստացնում է, իբր, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, տարածքային որեւէ փոփոխություն չի լինելու: Ի՞նչ կա որ, դա կարող է անել հանրաքվեով՝ կիրառելով վարչական ռեսուրսներ, հասնել ուզածին եւ մեղքը բարդել բնակչության վրա: Տավուշի վերաբերյալ հնարավոր հարցադրումն էլ կանխելու համար ասում է. «Կիրանցում մի քանի տների հետ կապված խնդիր ունեցանք, բայց չենք ուզում շեղվել, որովհետեւ եթե էս կոնստրուկցիան մի տեղ քանդես, դոմինոյի էֆեկտով սաղ տեղերում քանդվելու է։ Ինձ համար շատ կարեւոր է, որ հասկանաք՝ ինչ ենք անում, եւ ինչի համար»: Թե ինչ է անում այս մարդը՝ տեսնում ենք, իսկ թե ինչի համար՝ կռահում ենք:

 

Սյունիքում եռօրյա ճամփորդության առիթը Նիկոլ Փաշինյանն օգտագործել է՝ հանդիպման հրավիրելու ՔՊ-ի տեղական կառույցի անդամներին, կուսակտիվին, ինչպես նաեւ հետը բերած երեւանյան պատվիրակությանը՝ ներկայացնելով «Իրական Հայաստանի հայեցակարգի մասին» իր տեսլականը կամ, եթե կուզեք՝ իր չստացված գլուխ-գործոցը, որը, նրա գնահատմամբ, «հանրության մտքում ու սոցիալ-հոգեբանության մեջ դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է»: Ինչի՞ մասին է իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ Փաշինյանի բանաձեւմամբ: Պարզվում է՝ իրական Հայաստանը բոլորս ենք՝ ՀՀ ժողովուրդը, պետական ինստիտուտները, որոնք «պետք է կենտրոնանան ահա ա՛յս Հայաստանի կարիքների վրա…»

…Այստեղ նա մի երկվայրկյան դադար է տալիս, ապա՝ թղթապանակից հանելով իրենից միշտ անպակաս ոսկեգույն մանրակերտը, որին ժողովուրդը կնքել է «Նիկոլի ժեշտի կտոր» անունով, ցուցադրում է դահլիճում հավաքվածներին, որոնցից շատերը տասնյակ անգամներ տեսել են այդ խղճուկ ուրվապատկերը՝ երբեմնի հինավուրց ու հզոր երկրից հրաշքով պահպանված ողորմելի մի պատառիկ՝ նույնքան ողորմելի եւ վախվորած անձի ձեռքին՝ պինդ բռնած: Տպավորություն է, թե ուր-որ է՝ վրա կպրծնեն Սրբազան հոր տղաները, կչանթեն ձեռքից ու կտանեն՝ տանելով նաեւ իշխանական աթոռը, ասել է թե՝ իր ողջ կյանքի իմաստը: Լավ, իսկ որո՞նք են իրական Հայաստանի կարիքները, որոնց վրա մեզ կենտրոնացնում է Փաշինյանը:

Նրա բանախոսության մեջ այդ կարիքները 5-ն են: Ըստ այդմ՝ իրական Հայաստանին անհրաժեշտ են. ա/ անվտանգություն, որն ապահովելու համար իշխանությունը ձեռնարկել է խաղաղության հաստատման եւ սահմանազատման իրականացման օրակարգեր; բ/ բարեկեցություն, որն ապահովելու համար որդեգրվել է տնտեսական զարգացման քաղաքականություն; գ/ ազատություն. այս նպատակին էր ուղղված 2018-ին իրականացված ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը, որը քաղաքացիներին բերեց խոսքի, հավաքների, կամարտահայտության ազատություններ եւ իրավունքներ; դ/ արդարադատություն. այս ոլորտում ֆունդամենտալ խնդիրներ ու անելիքներ կան, որոնց կատարումն անհետաձգելի գերակայություն է; ե/ երջանկություն. մարդը պետք է ապրի ՀՀ-ում եւ նա պետք է երջանիկ ապրելու հնարավորություն ունենա:

Խորագիտակ պետք չէ լինել՝ նկատելու համար վերը ներկայացված հայեցակետերի սնանկությունն ու դեկլարատիվ բնույթը: Ի՞նչ անվտանգության մասին կարող է խոսք լինել, որն իշխանությունը պայմանավորում է գոյություն չունեցող խաղաղությամբ եւ հատվածական, միակողմանի զիջումներ ենթադրող սահմանազտմամբ: Երկրորդ սկզբունքը դարձյալ գոյություն չունեցող տնտեսական զարգացման քաղաքականության վրա հիմնված գոյություն չունեցող բարեկեցությունն է, որը լավագույն դեպքում կարելի է փնտրել միայն ՔՊ-ի շրջանակներում: Հաջորդն, իբր, «թավշյա հեղափոխության» բերած ազատությունն է, որի ամենացայտուն արտահայտությունը տեսանք հունիսի 12-ին՝ Բաղրամյան փողոցում: Ու այդպես շարունակ:

Եվ, ընդհանրապես, ժողովրդավարությանը բնորոշ սկզբունքներով Հայաստանը երբեք չի փայլել, իսկ վերջին 6 տարում այդ սկզբունքներն «անճանաչելիորեն» աղճատվել են՝ վերածվելով փուչիկների: Այդպիսիներից մեկն էլ իրական ու անիրական հայաստաններն են՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ: «Փաշինյանի՝ իրական Հայաստանի կոնցեպտը ծնկի եկած, հանձնված եւ հպատակված Հայաստանն է»,- դիպուկ նկատել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

 

Եռօրյա դադարից ու քաղաքական ուժերի հետ քննարկումներից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հունիսի 17-ից վերսկսեց խաղաղ անհնազանդության ակցիաները, իսկ նույն օրվա երեկոյան վերադարձավ Բաղրամյան պողոտա՝ մեծ հանրահավաքի: «Սրբազան պայքար» անունը ստացած շարժումն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այդ օրը ժամը 18:30-ին ժողովրդական շարժման վարչապետի թեկնածու Բագրատ Սրբազանը համակիրների հետ հանդիպելու է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում: «Իհարկե, գրեթե վստահ ենք, որ ՔՊ պատգամավորներն այս անգամ եւս փախչելու են ժողովրդի առաջ քաշած օրակարգերից, բայց, միեւնույն է, պետք է հավաքվենք ու կարեւոր արձանագրումներ անենք»,- ասվում էր Շարժման տարածած հաղորդագրությունում:

Հանրահավաքի հետ զուգահեռ՝ նույն ժամին, խորհրդարանում արտահերթ նիստ էր գումարվում, որի օրակարգում կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին ընդդիմության նախագիծն էր: Բագրատ Սրբազանի կոչով է խորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնել Փաշինյանի կաբինետի հրաժարականի մասին նախագիծը: Ըստ Սրբազանի, Փաշինյանի թիմը խախտել է իր իսկ նախընտրական ծրագիրը եւ անհրաժեշտություն կա ձեւավորել նոր կառավարություն: «Այս պայքարը իշխանափոխությունից ավելի արժեքային մի փոփոխության մասին է: Մենք ավելի մեծ ծավալի խնդիրներ ունենք լուծելու արժեքային դաշտում»,- հայտարարել է նա:

ՔՊ խմբակցությունը, ինչպեսեւ սպասվում էր, չմասնակցեց արտահերթին՝ եւս մեկ անգամ հաստատելով, որ ինքն, ընդհանրապես, կապ չունի ո՛չ օրենքի, ո՛չ ժողովրդի հետ: Իր չմասնակցությունը խմբակցությունը պայմանավորեց նրանով, թե ընդդիմության օրակարգը կեղծ է եւ չի համապատասխանում պետական շահերից բխող օրակարգերին: Հասկացողը կհասկանա, որ սա ընդամենը ներթիմային վախն ու անվստահությունը քողարկելու անհիմն արդարացում է: Այդպիսով՝ արտահերթ նիստն օրենքի ուժով գումարվեց, բայց քվորումի բացակայության պատճառով չէր կարող կայանալ:

Արդյո՞ք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն, ի վերջո, կկարողանա իրականացնել իր առջեւ դրված նպատակը եւ փոխել հակազգային կառավարությունը: «5-րդ ալիք»-ի հարցախույզին մասնակցած  քաղաքացիների մեծ մասն ասել է, որ գործադիրի ու վարչապետի փոփոխության կարիք տեսնում են, սակայն չեն կարող պատասխանել այն հարցին, թե «Սրբազան պայքար» կոչվող շարժումն արդյոք կհասնի՞ դրան: Մարդկանց համբերության բաժակը լցվել է, նրանց խոսքով՝ Փաշինյանին իշխանությունից օր առաջ պետք է հեռացնել, հակառակ դեպքում Հայաստանից մնացածն էլ կփոշիանա:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Վարչապետ Փաշինյանը հունիսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Երկու հարեւան երկրների առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքը՝ առանց որեւէ նախապայմանի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ Հեռախոսազրույցում Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են նաեւ տարածաշրջանի ու միջազգային օրակարգի վերջին զարգացումները։ Նշվում է, որ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին «Կուրբան Բայրամի», իսկ Էրդողանը՝ վարչապետին գալիք Վարդավառի տոնի առթիվ, ինչպես նաեւ ցավակցել է Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ:

Եվրամիությունը (ԵՄ) շարունակում է կոչ անել Ադրբեջանին՝ ապահովել ԼՂ հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման կամ խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը։ Այս մասին հունիսի 20-ին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ գրավոր պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին: Բորելը նաեւ նշել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ բոլոր չլուծված հարցերի շուրջ։

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Պնախարարը հունիսի 17-ին հանդիպել է այդ երկրի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Քննարկվել է երկու երկրների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության ներկայիս ընթացքը: Կողմերը կարեւորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: Ֆրանսիա կատարած այցից հետո, որտեղ ստորագրվել է «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր, ՀՀ Պնախարարը հունիսի 20-ին մեկնել է Լյուքսենբուրգ, հանդիպել Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի, խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերի եւ պաշտոնատար այլ անձանց հետ: Քննարկվել են բազմակողմ ձեւաչափերով՝ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

ԱՄՆ պետքարտուղարի կառավարման եւ ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-ին ժամանել է Հայաստան։ Նա լուսանկար է հրապարակել սոցցանցում՝ կից գրելով. «Բարեւ, Երեւան»։ Ապա շարունակել է. «Հաճելի է լինել Հայաստանում՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության առանցքային նպատակներն առաջ մղելու եւ մեր երկրների համար ավելի լավ ապագա կերտելու համար աշխատելու»: ԱՄՆ դեսպանատունն էլ հայտնում է, որ Ռիչարդ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: Նախատեսված էին հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Մոսկվան ակնկալում է Կապանում հյուպատոսություն բացել «մոտ ապագայում». հունիսի 20-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։ Հստակ ժամկետ դիվանագետը կրկին չի նշել, միայն ասել է՝ ակնկալում են, որ այն տեղի կունենա մինչեւ տարեվերջ»։ Դեռ 2023-ի նոյեմբերին էր ՌԴ կառավարությունը հավանություն տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն է հայտնել, Երեւանն էլ համաձայնություն է տվել: Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը՝ Հայաստանում, առաջինը Գյումրիում է:

Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024
Սեպտեմբերի 22 2024
Սեպտեմբերի 14 2024
Օգոստոսի 31 2024
Օգոստոսի 24 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: