Երկուշաբթի, Սեպտեմբերի 20, 2021

Շաբաթվա անցուդարձ

10-17 հուլիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Վարչապետի պաշտոնակատարի հրամանով հուլիսի 12-ին Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ իր տեղը զիջելով Արգիշտի Քյարամյանին, որը Փաշինյանի կառավարության օրոք արդեն 5-րդ բարձր պաշտոնին է նշանակվում։ Նա Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել անցած տարվա դեկտեմբերի 24-ին՝ հոկտեմբերի 8-ին ազատվելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 29-ամյա Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար էր նշանակվել ազատումից ընդամենը 4 ամիս առաջ, Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավարը 2020-ի մայիսի 4-ին մեկ օրով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ստացել գնդապետի կոչում, 35 օր ԱԱԾ-ի փոխտնօրենն էր, ապա՝ տնօրենը:

Քյարամյանի այս արագընթաց վերելքը վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն այդ ժամանակ հիմնավորեց քաղաքական որոշմամբ, որ կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում։

…Ինչպիսի կարգավորման շրջանակում էլ կատարված լինեն Նիկոլ Փաշինյանի կառավարության կադրային նշանակումներն ու տեղաշարժերը՝ դրանք 2018-ից ի վեր առանձնանում են ցածր արդյունավետությամբ, ինչին պարբերաբար անդրադարձել ենք: Փորձագետներն իրավացիորեն նկատում են, որ վերջին երեք տարվա ընթացքում միշտ եղել է առանցքային մի հարց, որի պատասխանը հանրությունն այդպես էլ չի իմացել՝ ինչո՞ւ պաշտոնյայի հեռացման դեպքում պատճառները, որպես կանոն, միշտ մնում են չպարզաբանված: Պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը հեռացվում կամ հեռանում է պաշտոնից, սակայն պետական կառավարմանն, իբր, մասնակից ժողովրդին հեռացման պատճառի մասին բացատրություն չի տրվում: Ուրեմն ինչի՞ համար են բացախոսության եւ հաշվետվողականության վերաբերյալ այն բարձրագոչ խոստումները, որոնց պակաս երբեք չի զգացվել՝ ո՛չ անցյալում, ո՛չ ներկայում: 

Կադրերն են որոշում ամեն ինչ: Սա հենց այնպես թեւավոր արտահայտություն չէ, այլ խորքային համոզմունք, որը գործնական աշխատանքում բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը: Ցանկացած ոլորտում մարդկային գործոնը վճռորոշ դեր է խաղում՝ որպես հաջողությունների հիմնական գրավական: Շահում են այն երկրները, որոնց հաջողվում է կադրերի հետ տարվող աշխատանքները դնել տեխնոլոգիապես ճիշտ հիմքի վրա եւ սեղմ ժամկետներում աճեցնել բոլոր մասնագիտությունների գծով պետությանն անհրաժեշտ երիտասարդ հերթափոխ՝ անընդհատ համալրելով ու թարմացնելով կադրային զինանոցը: Եթե Հայաստանն ի վերուստ այդպիսի գործելակերպ որդեգրեր, այսօր «կադրային սով» չէր ունենա այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են արտաքին գործերի նախարարությունը, գիտակրթական համակարգը, տնտեսությունը, սոցիալական եւ մշակութային ուղղությունները: 

Մասնագիտությամբ իրավաբան Արգիշտի Քյարամյանի աշխատանքային ուղին «շտապօգնության հետագիծ» է հիշեցնում: 2016-2018 թվականներին աշխատել է դատախազությունում, որտեղից տեղափոխվել է Պետեկամուտների կոմիտե, 2019-ի ապրիլին նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, մեկ տարի անց՝ ԱԱԾ փոխտնօրեն, իսկ մեկ ամիս անց՝ արդեն ԱԱԾ տնօրեն: Այս պաշտոնը 4 ամիս զբաղեցնելուց հետո հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի ընթացքում, ազատվել է աշխատանքից, նորից նշանակվել պաշտոնի՝ այս անգամ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, աշխատել է շուրջ 7 ամիս, իսկ այսօր արդեն դարձել Քննչական կոմիտեի նախագահ։ Նրան ասես ձեռքից ձեռք են թռցնում, եւ դա լավ կյանքից չէ: Այնպես չէ, որ Քյարամյանն անփոխարինելի է: Ճիշտ հակառակը. նման մարդկանց մասին ասված խոսք կա՝ պաշտոնները փոխում են, ինչպես թաշկինակներ: Արգիշտին վերջին 3 տարում մեկ տասնյակի չափ պաշտոններ է «համտես արել»: 

Ընդամենը 4 ամիս ԱԱԾ տնօրեն աշխատած մարդը ոչ ինքը կարող է բան հասկանալ  այդ պաշտոնից, ոչ էլ պաշտոնն՝ իրենից: ԽՍՀՄ օրոք անվտանգության ծառայության ղեկավարները՝ որպես պետական գաղտնիքի թիվ մեկ կրողներ, բավական երկար էին պաշտոնավարում, հաճախ՝ ցմահ: Քյարամյանի պարագայում գործ ունենք, ըստ էության, «մեկանգամյա օգտագործման» տնօրենի հետ, որին, ի դեպ, պատերազմի ամենաթեժ պահին հեռացրել էին պաշտոնից, եւ նա կասկածելի հանգամանքներում հայտնվել էր Շուշիում: Այդ օրերին լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագրեր են բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիներին, եւ դա ձեռնարկել էր ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Քյարամյանը, ում անվան հետ էր կապվում նաեւ Շուշիի բանկից մեծաքանակ գումարի տեղափոխման մշուշոտ գործողությունը: 

Նմանատիպ տեղեկությունները եւ, առհասարակ, պետության առանցքային դեմքերին առնչվող որոշումները՝ մասնավորապես պաշտոնաթողությունների մասով, պետք է դառնան ավելի թափանցիկ եւ հանրության համար հասանելի: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ կառավարությունը պարտավոր է մեկնաբանել սեփական կադրային քաղաքականությունը. «Պատերազմի ժամանակ հեռացնում են ԱԱԾ տնօրենի պաշտոնից, հետո նշանակում են հիմա այստեղ Պարոն Քյարամյանին որպես ի՞նչ են նշանակում, որպես խրախուսո՞ւմ, պատի՞ժ, թե՞ անփոխարինելի կերպար: Այդպես չի լինում, հասարակությունը պիտի իմանա` ով ինչի համար է հեռացվել պաշտոնից, եւ դա չպիտի լինի ուղղակի հեռացում, դա պիտի լինի նաեւ պատասխանատվության որոշակի չափ»,- ասել է իրավապաշտպանը: 

Քաղհասարկության ներկայացուցիչների համար ամենամեծ առեղծվածը ԱԱԾ տնօրենի պաշտոնից Քյարամյանի ազատումն էր հատկապես պատերազմի ընթացքում: Բայց հեռացումն ինքնին ենթադրում է աշխատանքային գործունեության մեջ թույլ տված լուրջ թերացումներ, որոշակի առաջադրանքների ձախողումներ եւ այլն: Մինչդեռ օրեր առաջ Արցախի նախագահը նրան պարգեւատրեց «Արիության մեդալով»՝ 44-օրյա պատերազմում «Արցախի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած արիության համար»։ Իսկապես, առեղծվածային ժամանակներ ենք ապրում՝ այդ երբվանի՞ց է բանկի «կողոպուտը» համարվում արիություն:

 

Ընթացիկ շաբաթը նշանավորվեց Սյունիքում շարունակվող ձերբակալություններով. թիրախում են անցած խորհրդարանական ընտրություններում ՔՊ կուսակցությանը չաջակցած համայնքների ղեկավարները: Հուլիսի 16-ի դրությամբ կալանավորված են մարզի 6 համայնքապետեր՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը եւ Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը: Գրեթե բոլորին առաջադրված է ընտրակաշառք տալու մեղադրանք: Ձերբակալությունները հիմնականում ճանաչվել են ոչ իրավաչափ, բայց դա չի խանգարել գրեթե բոլորի նկատմամբ կայացնել 2 ամսով կալանավորելու որոշում:

…Ամենաարտառոցը, թերեւս, Մեղրիի քաղաքապետի ձերբակալությունն էր: Զաքարյանը քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել ձերբակալվելուց երեք օր առաջ: Նա «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է, մտադիր էր վերցնել մանդատը եւ գնալ խորհրդարան, ինչով էլ պայմանավորված էր հրաժարականը։ Հուլիսի 12-ին իր փաստաբանի հետ ինքնակամ Ոստիկանություն եկած նախկին քաղաքապետին մուտքի մոտ տհաճ անակնկալ էր սպասում: Մինչ հերթապահ ոստիկանը տնտղում էր իրեն ներկայացված փաստաթղերը, որտեղից որտեղ, ասես գետնի տակից, դիմակավորված ու ինքնաձիգներով զինված մի խումբ անձինք հենց մուտքի մոտ՝ մի կողմ հրելով փաստաբանին, հարձակվեցին Զաքարյանի վրա, տապալեցին նրան գետնին եւ «ասֆալտին փռելու», ձեռքերը ոլորելու ու լուսանկարահանելու տեսարանի ապահովմամբ, այսինքն՝ ժանրի բոլոր կանոններով, բերման ենթարկեցին եւ տարան անհայտ ուղղությամբ: 

Ինչպես հետո մի կերպ կարողացավ պարզել դատապաշտպան Երեմ Սարգսյանը, դիմակավորված անձինք Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներ էին, որոնց, ըստ երեւույթին, հրահանգված էր «պատշաճ ընդունելություն» ցույց տալ նախկին քաղաքապետին: Այս հարցում վարչապետի պաշտոնակատարը խիստ հետեւողական գտնվեց ու տեր կանգնեց նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոսքին: Այժմ խոստմանը հավատարիմ՝ նա Սյունիքում գործի է դրել իր հանրահայտ մուրճը, որպեսզի հանի «ժանգոտած մեխերը»: Ընդ որում՝ թիրախը միայն ընդդիմադիր համայնքապետերը չեն, այլ նաեւ ՀՀ-ում 5 խոշորագույն հարկատուներից մեկը հանդիսացող՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որտեղ ԱԱԾ-ի հատուկջոկատայինները մեկ շաբթից ավելի վախ ու անառողջ մթնոլորտ են գեներացնում: Նրանք արդեն հասցրել են կաթվածահար անել որոշ արտադրություններ, կոմբինատից բերման ենթարկել մի քանի տասնյակ աշխատողների՝ տնտեսական վնասներ պատճառելով ձեռնարկությանը: 

Զաքարյանի դատապաշտպանի տպավորությամբ՝ իրավապահները փորձում են օրինականություն հաստատել անօրինական միջոցներով: Ըստ նրա, թե՛ Քննչական կոմիտեն, թե՛ Ոստիկանությունը հրաժարվում են տեղեկություն տրամադրել իր պաշտպանյալի ձերբակալման հանգամանքների մասին։ «Ցանկացած իրավիճակում ինքնաձիգներով եւ դիմակներով անձանց ներկայությունն ինքնին մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակում է»,- ասում է փաստաբանը՝ նկատի ունենալով իրավապահների ոչ իրավաչափ գործողությունները։ Քննչական կոմիտեն Զաքարյանին եւ մյուս համայնքապետերին շինծու մեղադրանքներ է առաջադրել ՔՕ-ի մի քանի հոդվածներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնական կեղծիք եւ այլն։ Իրականում տեղի ունեցածը քաղաքական հետապնդումներ են, ինչում համոզված են փորձագիտական լայն շրջանակները: 

«Ակնհայտ է, որ Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ սկսած իշխանական արշավն ավելի շատ ահաբեկչություն է հիշեցնում, քան վրեժ, վենդետա կամ զուտ փոքր մարդու քմահաճույք»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը: Կա նաեւ հստակ հիմնավորված տեսակետ, որ այս ամենը ուղղակի Սյունիքը գլխատելու գործընթաց է, որին իրավական գնահատական տալը միամտություն կլինի: Խնդիրն, ըստ այդմ, ավելի խորքային է, եւ պատահական չէ, որ կալանավորված համայնքապետերի հիմնական կորիզը Արցախի առաջին եւ երկրորդ պատերազմների հերոսական անցյալ ունեցող հայրենասեր անձինք են: Մյուս կողմից ակնբախ է նրանց նկատմամբ հարուցված գործերի «կարված» լինելը: 

Բերենք մի պարզ համեմատություն եւ ավարտենք: Սյունիքի ՏԻՄ ղեկավարներին վերագրվող հիմնական մեղադրանքը, ինչպես նշվեց ամենավերը, ընտրակաշառք տալն է: Ընտրակաշառք ասելով՝ նկատի ունեն համայնքի կարիքավոր բնակիչներին օրինական հիմունքով, հրապարակավ սոցիալական օգնություն ցուցաբերելը: Իշխանությունն այն վերաորակել է որպես ընտրակաշառք հօգուտ «Հայաստան» դաշինքի: Դիցուք՝ իսկապես սոցօգնության անվան տակ ընտրակաշառք է բաժանվել մի քանի տասնյակ ընտանիքների: Բայց չէ՞ որ նմանատիպ նյութական օգնություններ միայն Սյունիքի մարզի համայնքներում չեն եղել: Ընտրություններից առաջ հազարավոր ընտանիքներ սոցիալական օգնությունից օգտվել են նաեւ Լոռու, Արարատի, Արմավիրի, Գեղաքունիքի եւ այլ մարզերում: Ինչպե՞ս է ստացվում, որ Սյունիքի մարզի սոցօգնությունը համարվում է ընտրակաշառք, իսկ մյուս մարզերինը՝ ոչ: Որտեղի՞ց է գալիս այդ խտրականությունը: Չլինի՞ որպես գնահատման սանդղակ՝ ընդունվում են համայնքապետերի մի դեպքում ընդդիմադիր հայացքները, մյուս դեպքում իշխանամետ կողմնորոշումը: 

Մի տեսակ սիրուն բան չի ստացվում՝ որ կողմը նայում ես, բաժանարար գծերի ես բախվում:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

  

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Մեր կառավարությունը մեծապես կարեւորում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացումը քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար ոլորտներում: Վարչապետի պաշտոնակատարն այս մասին հուլիսի 14-ին ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ: Փաշինյանը կարեւորել է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը նաեւ տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակը հաղթահարելու համատեքստում:

Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանի համար Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն ունի առաջնային նշանակություն, ինչի ապացույցն են երկու երկրների ղեկավարների, ինչպես նաեւ կառավարությունների ներկայացուցիչների ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը:

Ազգային ժողովը հուլիսի 15-ին արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց իշխանական պատգամավորների հեղինակած նախագիծը, որով յուրաքանչյուր պատգամավորի պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը կհնգապատկվի՝ դառնալով 250 հազար։ Այս գումարը պատգամավորներին հատկացվում է աշխատավարձից առանձին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ տարիների ընթացքում տեղի է ունեցել ծախսերի էական ավելացում։

Նախագծին կողմ քվեարկեցին միայն իշխանական պատգամավորները, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» արտահերթին չէր մասնակցում։ «Այս փուլում համարում եմ անբարոյական նախագիծ», - ասել է նախագծին դեմ քվեարկած միակ պատգամավորը՝ Նաիրա Զոհրաբյանը։

Հուլիսի 11-ին նշվեց Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այդ տոնը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է նաեւ Վարդավառ անվանումով: Այն շարժական տոն է եւ նշվում է Զատկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հուլիսի 14-ին ստորագրած որոշմամբ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ։ Նախօրեին կառավարության ղեկավարը որոշում է ստորագրել Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին։ Փաշինյանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Արարատ Թումանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հայաստանում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչեւ դեկտեմբերի 20-ը: Հուլիսի 11-ին այդ մասին հայտնել է Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ ԱՀԿ-ն նախազգուշացնում է համավարակի հիվանդացության աճի չորրորդ ալիքի մասին: «Հիմք ընդունելով նշվածը, ինչպեսեւ այն, որ վերջին շրջանում երկրում նկատվում է հիվանդացության աճ, կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներն ըստ անհրաժեշտության անժամանակավրեպ կիրառելու նպատակով ՀՀ-ում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է 6 ամսով»,- տեղեկացնում է առողջապահական գերատեսչությունը:

Սեպտեմբերի 18 2021
Սեպտեմբերի 12 2021
Հուլիսի 25 2021
Հուլիսի 18 2021
Հուլիսի 10 2021
Հունիսի 26 2021

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: