Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

11-18 սեպտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ընթացքում հանրության վրդովմունքն ուղղված էր Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, համաձայն որի՝ գործադիրը որոշել է սեպտեմբերի 21-ին պատշաճ ձեւով նշել ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը: Նա, մասնավորապես, ասել է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»: Նույն օրվա նիստում որոշվել է նաեւ 2021թ. սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 25-ի շաբաթ օրը: Ըստ այդմ, քաղաքացիները կունենան 4 անընդմեջ ոչ աշխատանքային օր:

…Նահատակների հիշատակը «մասշտաբային եւ գունագեղ տոնակատարության» վերածելու անտրամաբանական, բարոյազուրկ գաղափարն անմիջապես արժանացավ հասարակության լայն շերտերի՝ այդ թվում, բնականաբար, զոհված զինծառայողների ծնողների կոշտ արձագանքին։ Անխոհեմ ու ցինիկ ձեւակերպումը դատապարտեցին նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, բազմաթիվ մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու փորձագետ-վերլուծաբաններ: Եվ դա հասկանալի է՝ մենք ունեցանք աղետալի պատերազմ, մարդկային ու տարածքային կորուստներ, ազգային ողբերգություն: Նման պայմաններում ասել, թե նահատակների հիշատակը կնշենք «գունագեղ տոնակատարությամբ»՝ առնվազն նշանակում է պղծել այդ հիշատակը:

Ընդհանրապես՝ «նահատակների հիշատակ» եւ «գունագեղ տոնակատարություն» բառակապակցություններն անհամատեղելի են, ինչն ապացուցելու կարիք չունի: Ինչո՞ւ մասնագիտությամբ լրագրող Փաշինյանը, ով բառերն ու բառեզրերը տեղին գործածելու հարգը պիտի որ լավ գիտակցի, օգտագործեց նմանատիպ, մեղմ ասած, անհաջող բառապաշար: Դիտավորությո՞ւն էր դա, թե՞ չիմացություն: Կառավարության նիստում հնչեցրած հայտարարության մուտքային հատվածում կարդում ենք. «տրամադրությունը տոնական անվանել չի կարելի, սակայն կառավարությունը որոշել է…» եւ այլն: Այստեղ ուշադրություն դարձրեք «տրամադրությունը տոնական անվանել չի կարելի» արտահայտությանը: Փաշինյանը գիտակցել է, որ խնդրո բառակապակցություններն անպատեհ են, բայցեւայնպես օգտագործել է, ինչի համար պիտի որ լուրջ պատճառ լինի: Ո՞րն պատճառը:

Կան տեսակետներ, որ դրանով իշխանությունը փորձում է շեղել մարդկանց օրախնդիր հարցերից ու երկրի առջեւ ծառացած մարտահրավերներից՝ հերթական անգամ նենգափոխելով իրական օրակարգը կեղծով։ Այսպիսի կարծիք է հայտնել, օրինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը: «Միայն վերջին տականքը կարող էր խոստանալ ծավալուն տոնական միջոցառումներ անցկացնել ՀՀ անկախության 30-ամյակի առիթով՝ այն պայմաններում, որոնցում հայտնվել է երկիրը 44-օրյա պատերազմից հետո»,- լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավորը: Նույն կարծիքին են նաեւ շատ քաղտեխնոլոգներ ու փորձագետներ, որոնց համոզմամբ՝ իրական օրակարգից հանրությանը մեթոդիկորեն հեռացնելու հնարքները շատ են, եւ դրանցից մեկն էլ ամենակարեւորից մարդկանց շեղելն է:

«Գունագեղ տոնակատարության» պատրաստվելու մասին հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեղեց ուշադրությունը կարեւոր իրադարձությունից. այդ օրը Ադրբեջանի համար բացվեց Հայաստանի օդային տարածքը»,- սեպտեմբերի 15-ին հրավիրած մամուլի ասուլիսում նկատել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Եվ իսկապես, այդ արտառոց փաստին, կարծես թե, ոչ ոք ուշադրություն չդարձրեց, բոլորը կենտրոնացան «գունագեղ տոնակատարություն» արտահայտության վրա։ Փորձագետի խոսքով՝ նման տեխնոլոգիայի Փաշինյանը հաճախ է դիմում, եւ դա առայժմ գործում է: Նա մամուլի աշխատողներին կոչ արեց զբաղվել 1 մլրդ 200 մլն դրամի հարցով, որը հատկացվել է մասնավոր ընկերության՝ Անկախության օրվա առիթով «գունագեղ տոնակատարություն» կազմակերպելու համար։

Իհարկե, Սեպտեմբերի 21-ը մեր ազգային, պետական տոնացույցի ամենահիշարժան օրերից է, եւ մենք պետք է նշենք այդ տոնը: Սակայն՝ հաշվի առնելով երկրում տիրող սոցիալ-տնտեսական, անվտանգային, բարոյահոգեբանական ոչ բարվոք կացությունն ու բազմաթիվ կորուստներ տված ժողովրդի տրամադրությունը, որի սուգը դեռ չի ցամաքել, պարտավոր ենք ձեռնպահ մնալ անհարկի շռայլություններից եւ ամեն կարգի գունագեղություններից: Առնվազն անբարոյականություն է՝ մեծ գումարներ ծախսել տոնակատարությունների համար, երբ ֆինանսական միջոցների սղության պատճառով օգոստոսի 1-ից պետությունն ի զորու չէ պետպատվերի շրջանակում սպասարկել անգամ վիրավոր զինծառայողներին: Ակնկալում ենք, որ Կառավարությունը կվերանայի «գունագեղության» մասով իր որոշումը, որն ամեն ինչից զատ, հղի է հասարակության նոր պառակտման եւ լարվածության գեներացման վտանգներով:

Իշխանությունները փորձում են համոզել, որ միջոցառման համար ֆինանսական միջոցները պետական բյուջեից չեն հատկացվելու, որ ամեն ինչ արվելու է առանց ավելորդ շքեղությունների եւ այլն: Սակայն իրականում այլ նախանշանների ենք ականատես լինում: Ըստ սեպտեմբերի 14-ից համացանցում զետեղված տեսանյութերի, Հանրապետության հրապարակում կայանված են թուրքական բեռնատարներ, որոնցից իջեցրած մետաղյա բաղադրիչներով արդեն հավաքել են Փաշինյանի հայտարարած «մասշտաբային եւ գունագեղ» միջոցառման բեմահարթակը: Երեւում է՝ ժողովրդի անունը պատեհ-անպատեհ շահարկող իշխանությունը մտադիր չէ անսալ ժողովրդի ձայնին, արձագանքել մեծամասնության մտահոգություններին եւ, նրա կամքին հակառակ, այնուամենայնիվ, իր ասածն է առաջ տանում: Ժողովուրդը կասեր՝ «իր էշն է քշում»:

Հայաստանի անկախության տոնը՝ թուրքական արտադրության բեմահարթակի վրա: Բավական էկզոտիկ է նայվում, այդպես չէ՞: Չնայած 44-օրյա պատերազմից հետո նույն կառավարության որոշմամբ արգելվել է Հայաստան թուրքական ապրանքների ներմուծումը: Փույթ չէ, հանուն մեծ գործերի՝ արժե գնալ մեծ օրինազանցությունների:

 

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները սեպտեմբերի 16-ին փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք կտրականապես դեմ են համայնքների խոշորացման ծրագրին եւ պնդում են, որ առաջնայինն իրենց համար անվտանգության խնդիրն է, իսկ խոշորացումը միայն հավելյալ դժվարություններ է առաջացնելու։ Համայնքի բնակիչները պահանջում էին, որ իրենց ընտրյալը՝ Նիկոլ Փաշինյանը, գա  պատասխանի համայնքի բնակիչներին հուզող հարցերին։ Սակայն ոչ մի արձագանք չկա՝ ո՛չ կառավարությունից, ո՛չ մարզպետարանից: Տեղում աշխատում էին միայն ոստիկանները, որոնց հանձնարարված էր ցանկացած գնով բացել ճանապարհը:

«Իմ զանգերին չեն պատասխանում։ Արյունահեղություն են ուզում սարքել՝ խփելով, ծեծելով ձերբակալել, ինչպես Սյունիքում արեցին։ Ինչքան հերոս տղաներ կային, բոլորին կալանավորեցին»,- լրագրողներին գանգատվում էր Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, որն այդ օրը համայնքի բնակիչների հետ Վարդենիս-Սոթք ճանապարհին էր։ 

…Ահա թե ինչ պատմեց բողոքի ցույցի մասնակից մի կին՝ նկարագրելով սահմանին մոտ ապրող մարդկանց ծանր վիճակը. «Մեր կարծիքը հարցնող չկա: Համայնքների խոշորացում է գնում, մեկը չի հետաքրքրվել՝ ուզո՞ւմ ենք մենք, թե՞ չենք ուզում: Այստեղ փախստականներ են ապրում, շան տեղ չեն դնում փախստականներին: Մինչ ե՞րբ պիտի արթուն գիշերներ լուսացնենք, նստենք, նայենք՝ թուրքը հո չի՞ գալիս: Այսքանը հաշվի առնո՞ւմ են Երեւանում նստածները, մտածո՞ւմ են, թե սահմանի բերանին ապրող մարդիկ գիշերներն ինչպես են անցկացնում՝ քնա՞ծ են, արթո՞ւն են, սա՞ղ են, թե՞ մեռած: Թող մի իրիկուն գան, տեսնեն մեզնից կես կիլոմետր հեռու՝ սարի ուսին ոնց են առկայծում թուրքի վառած լույսերը՝ ինչպես գայլի աչքեր: Գան մեր վիճակը տեսնեն, մի բանով մեզ հասնեն, ոչ թե համայնքը ցրեն, մեր ցավին մի ցավ էլ իրենք ավելացնեն»: 

Համայնքի խոշորացումը գրեթե միշտ բնակչության շրջանում դժգոհությունների տեղիք է տվել: Մարդիկ չեն ուզում կորցնել անմիջապես տեղում մատուցվող ծառայություններին մոտ լինելու իրենց բարեհարմարությունը: «Մի տեղեկանքի համար հարկադրված ենք լինում մի օր կորցնել համայնքային կենտրոնի ճանապարհին»,- սա ամենահաճախ հանդիպող պատճառաբանություններից է: Անշուշտ, լիազորությունների ապակենտրոնացման, ՏԻՄ բյուջեի կազմակերպման արդյունավետության բարձրացման, ուստիեւ հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավման առումներով բնակավայրերի խոշորացումը կառավարման ավելի առաջադիմական եղանակ է: Բայց պայմանով, եթե գործընթացն իրականացվում է կազմակերպչորեն ու մեթոդաբանորեն անսխալ՝ միավորվող սուբյեկտների շահերի ներդաշնակ համադրմամբ: 

Եթե Գեղամասար համայնքի բնակիչները դեմ են խոշորացման ծրագրին՝ նշանակում է սահմանափակվել են նրանց ինչ-ինչ իրավունքներ ու շահեր կամ խախտվել են համայնքում առկա հիմնախնդիրների գերակայությունները: Այսինքն՝ առաջնային լուծում պահանջող խնդիրները մղվել են հետին պլան, երկրորդական հարցերն՝ անհիմն արժեւորվել: Երբեմն համայնքի, մասնավորապես՝ փոքր գյուղական համայնքի բնակիչների շրջանում ձեւավորվում են անտեսված, մեկուսացված ու խտրականացված լինելու զգացումներ: Պատահում է նաեւ, որ միավորվելուց հետո փոքր համայնքները խոշորացված համայնքի ավագանիում ներկայացուցիչներ չեն ունենում, ինչի հետեւանքով անտեսվում են նրանց խնդիրները, խտրականություններ են ծագում՝ կապված համայնքապատկան տեխնիկայի, գյուղատնտեսական այլ միջոցների, պարարտանյութերի բաշխման հետ եւ այլն: 

Բայց խնդիրը միայն սոցիալ-տնտեսական դաշտում չէ: Հատուկ քննարկման նյութ է համայնքների խոշորացման քաղաքական բաղադրիչների թեման, որին մեկ այլ առիթով դեռ կանդրադառնանք: Բանն այն է, որ միավորումից հետո 4000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ՏԻՄ ընտրությունները, ըստ գործող կարգի, անցկացվում են համամասնական ընտրակարգով: Թերեւս՝ դրանով է պայմանավորված խոշորացման գործընթացի արագացմամբ իշխանությունների անթաքույց շահագրգռվածությունը: Պետք է հասցնել խոշորացված համայնքների կազմավորումն ավարտել մինչեւ հոկտեմբերի 17-ին ու նոյեմբերի 14-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունները, քանի որ համայնքների մի մասում լրացել են ե՛ւ ավագանու, ե՛ւ համայնքի ղեկավարի լիազորությունները, իսկ որոշ համայնքներ տեւական ժամանակ է, ինչ կառավարվում են գործադիրի նշանակած ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ 

Իշխանությունների մտադրությունը կարելի է կռահել՝ խոշորացվող համայնքներում պատրաստել սեփական թեկնածուներին՝ որպես կարեւոր վարչական ռեսուրսների: Ըստ օդում կախված լուրերի, մարզերում իշխանությունների վարկանիշը կտրուկ ընկել է, եւ իրավիճակը շտկելու ամենահուսալի միջոցը խոշորացված միավորներն են, քանի որ «հարկ եղած դեպքում» այլեւս յուրաքանչյուր մարզում գործ ես ունենալու սակավաթիվ մարդկանց հետ՝ յուրային համայնքապետերի, որոնց ենթակայության տակ ոչ թե առաջվա պես մեկ կամ երկու բնակավայր է ընդգրկված, այլ՝ 2-2,5 տասնյակի չափ: Սա է քաղաքական առումով համայնքների խոշորացման հմայքը, որն իշխանությունները երբեք իրենց ձեռքից չեն տա: Պատահական չեն Սյունիքի մարզի համայնքապետերի նկատմամբ ձեռնարկված քաղաքական հետապնդումները: Նիկոլ Փաշինյանն այնտեղ ունի իր թեկնածուները, հետեւաբար Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը եւ մյուսները մինչեւ ՏԻՄ ընտրությունների ավարտը կշարունակեն պահվել կալանքի տակ, որպեսզի չհամարձակվեն մասնակցել ընտրություններին: 

Ի դեպ, Գեղամասարի համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, ով սեպտեմբերի 16-ին համագյուղացիների հետ մասնակցում էր Վարդենիս-Սոթք ճանապարհի փակման բողոքի գործողությանը, լրագրողներին հայտնել էր, որ իր դեմ դատական գործընթաց են սկսել, ուզում են ձերբակալել։ «Ինձ հենց Սանոսյանն է խոստացել, որ ես դատվելու եմ, համայնքն էլ ցրելու է»,- ասել է Ավետյանը՝ նկատի ունենալով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Գեղամասարի համայնքապետին, իր ասելով, ուզում են մեղադրել անցյալ տարվա պատերազմի օրերին հարկահավաքն ուշացնելու համար: «Այսինքն՝ չե՞ն հասկանում, որ պատերազմի ժամանակ տղերքը պատերազմում են, չենք զանգելու ասենք՝ բեր հարկը տուր, պետք է ասենք՝ ինչո՞վ ձեզ օգնենք»,- հավելել էր համայնքի ղեկավարը։ 

Նա համոզված է, որ իշխանության անբարյացակամության թիրախում հայտնվել է այս տարվա հունիսի 20-ից հետո՝ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին սատարելու պատճառով:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, ՀԱՊԿ շրջանակում գործակցության հարցեր։ Նրանք կարեւորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը եւ այդ ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը, ինչը կնպաստի Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ։

Դուշամբեում Փաշինյանը մասնակցել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ու Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին։

Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր եւ իր երկրի անունից շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ մաղթեց արդյունավետ գործունեություն։

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ եւ Պաշտպանության նախարարների խորհուրդների եւ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին:

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ, հինգշաբթի օրը հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը: Հաագայի դատարանի հաղորդագրության համաձայն՝ հայցվորը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին», եւ որ «պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետեւանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների եւ այլ նվաստացումների»:

Հայաստանը Հաագայի դատարանից պահանջում է «պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին միջազգային կոնվենցիայի խախտումների համար, կանխարգելել հետագա վնասը եւ հատուցել արդեն պատճառված վնասը»:

Սեպտեմբերի 15-ին Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանական բեռնատարների երկու վարորդի, որոնք շինանյութ էին տեղափոխում Ստեփանակերտ։ «Հայաստանից մեքենաների անօրինական մուտքը Ադրբեջան տեղորոշել են ՆԳՆ-ի, սահմանապահ եւ մաքսային ծառայությունների աշխատակիցները։ Խախտողների նկատմամբ կկիրառվեն Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան միջոցներ»,- ասել է «Թուրանի» աղբյուրը։

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի ոստիկանները, սահմանապահներն արդեն 4-րդ օրն է` կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին: Այս ճանապարհին ադրբեջանցիների նոր հսկիչ կետը գործում է կիրակի օրվանից: Այդ օրը ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, թե հայ եւ ռուս սահմանապահներն աշխատանքներ են իրականացնում իրավիճակը կարգավորելու համար:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: