Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

16-23 նոյեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նախորդ շաբաթվա ավարտը նշանավորվեց Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տված Վազգեն Մանուկյան քաղաքական գործչի մասին հակասական եւ աղմկոտ հայտարարություններով: «Ազատության» հարցին ի պատասխան` վերջինս ասել է, որ պատրաստվում է մուտք գործել քաղաքական դաշտ եւ այդ նպատակով էլ վերականգնելու է իր հիմնադրած ԱԺՄ կուսակցությունը: «Նախատեսում եմ երեւի գարնան ամիսներին` քաղաքականապես վերակառուցված անցկացնել համագումար, ինչը կնշանակի, որ մտել եմ քաղաքական դաշտ»,- նշել է նա:

Մինչ այդ, նրա հիմնադրած «Վերնատուն» ակումբը նոյեմբերի 15-ին առաջին հանդիպումն էր կազմակերպել, որին մասնակցում էին մեծամասամբ նախկին իշխանություններին մաս կազմած գործիչներ, Դաշնակցության անդամներ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի ներկայացուցիչներ, այդ թվում` նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

…Վազգեն Մանուկյանի ապագա քաղաքական «հարությունը», մասնավորապես` նրա շուրջ արտախորհրդարանական ազդեցիկ հարթակի ստեղծման հեռանկարը, ըստ երեւույթին, ամենաշատը մտահոգում է իշխող ուժին` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը, չնայած ջանում են ցույց չտալ: Եվ դա հասկանալի է. Մանուկյանը քաղաքական դաշտի ամենափորձառու, պայքարի ու հաղթանակների ճանապարհ անցած դեմքերից է եւ ի զորու է ընդդիմադիր հուժկու ճակատ կազմակերպել ընդդեմ գործող իշխանության: «Իմքայլականները», սակայն, անդրադառնալով նախկին ուժերի եւ անհատների կողմից ընդդիմություն ձեւավորելու փորձերին, ջանում են հնարավորինս նսեմացնել նրանց անցյալի վաստակն ու ներկայիս  հնարավորությունը` ընդգծելով, որ «այդ մարդկանց գործունեությանը հանրությունն անցած 25 տարիների ընթացքում շատ լավ ծանոթ է եւ գիտի` ինչ սպասել նրանցից»: Պատգամավոր Հայկ Գեւորգյանը, որը Նիկոլ Փաշինյանի մերձավորներից է եւ «Հայկական ժամանակ» թերթի նախկին լրագրողներից, մտահոգիչ է համարում, որ «իրական եւ առողջ» ընդդիմության տեղը փորձում են զբաղեցնել հին դեմքերը: «Եթե շատ մեղմ արտահայտվենք, ծերուկներով երբ որ հավաքվում են, նրանք լցնում են էն ընդդիմության տեղը, որը պիտի արդեն զբաղեցներ ավելի նորարարական ինչ-որ մի ուժ, որը, ցավոք սրտի, դեռ չի կարողանում ձեւավորվել եւ էստեղ ամենամեծ վատությունը, որ իրենք անում են Հայաստանին, ընդամենը հենց դա է: Միայն դրանով կարող է ինձ անհանգստացնել»,- լրագրողներին ասել է Գեւորգյանը:

Ավելի թույլ հակափաստարկ դժվար է մտածել: Ցանկալի «նորարարական ուժը», հարգելի պատգամավոր, եթե իսկապես արժանի ընդդիմություն է, որն ունի իր համոզիչ ծրագրահենքը, նպատակներն ու կամքը, ամեն դեպքում ի վիճակի է լցնել «իրական եւ առողջ» ընդդիմության տեղը: Այնպես որ, անհանգստանալու հարկ չկա, «ընդդիմության տեղը» միշտ կարող է զբաղեցնել ամենաարժանավորը, ում խոսքն ու գործը հասու են հասարակությանը: «Իմքայլական» մեկ այլ պատգամավոր` Վահագն Թեւոսյանն էլ, մեծամտություն է որակում հասարակական-քաղաքական ակումբը մեծն Թումանյանի նմանակությամբ «Վերնատուն» կոչելը։ «Հույս ունեմ, որ իրենք ընդդիմադիր են կոնկրետ իշխանությանը, եւ իրենց խնդիրը ռեւանշիզմը չէ, որովհետեւ նման գործելաոճը հանուն Հայաստանի չի դիտարկվի»,- նշել է պատգամավորը։ Հանրային խորհրդի նախկին ղեկավարի հրաժարականին անդրադարձել է նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը` նկատելով, որ Մանուկյանի գործունեության վերջին 20 տարիները համաձայնեցված էին նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։ Եվ սա ասում է ոչ այլ ոք, քան այն Արման Բաբաջանյանը, որի գործունեությունը, ըստ որոշ կասկածների, համաձայնեցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Դա է, թերեւս, պատճառը, որ նա դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, որպեսզի ազատ գործելու հնարավորություն ստանա: Նա առաջինը բարձրաձայնեց նաեւ Վազգեն Մանուկյանի հրաժարականի պահանջը:

Իր ստեղծած ակումբի գործառույթը, Մանուկյանի վստահեցմամբ, բոլորովին այլ է լինելու: «Սա վերակուսակցական մարմին է, որ փորձելու է կուսակցություններին համախմբել որոշակի գաղափարների շուրջ»,- ասել է նա: «Որոշակի գաղափարն», ամենայն հավանականությամբ, հակաիշխանական դիրքորոշումն է, քանի որ մեկ այլ գաղափարի շուրջ հազիվ թե հաջողվի համախմբել տարբեր հայացքներ եւ, հատկապես, տարբեր նպատակներ ունեցող ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, քոչարյանական թիմին եւ անհատ գործիչներին: Ամենից առաջ կխանգարի լիդերության համար համաձայնության հասնելու խնդիրը, այսինքն` յուրաքանչյուրի կողմից «վերմակն իր վրա քաշելու» հին հայկական սինդրոմը: «Վերնատան» առաջին նիստը դրա վառ վկայությունն էր` ՀՀԿ-ի ներկայացուցիչներն ու Դավիթ Շահնազարյանը մտահոգ էին այսօր վարվող արտաքին քաղաքականությամբ, ինչը, նրանց կարծիքով, հանգեցնելու է պատերազմի վերսկսման եւ Արցախի կորստյան, ՀՅԴ անդամները խոսում էին իշխանության ապազգային գործունեության մասին, որի հետեւում, ըստ նրանց, ՀՀ առաջին նախագահն է կանգնած, իսկ Քոչարյանի աջակիցների պնդմամբ` նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչը ոչմիտեղ տանող ճանապարհ է: Թե այս ամենի արդյունքում ինչպիսին կլինի իրավիճակը 2020-ի գարնանը` կանխագուշակել ոք ոք չի կարող:

Բայց ինչպիսի իրավիճակ էլ ստեղծվի, հաստատ ավելի վատը չի լինի, քան մեր օրերի այն պարադոքսը, որը հնարավոր է դարձնում, որպեսզի ժամանակին դասալքության համար ազատազրկման դատապարտված անձը նախաձեռնի պատերազմող բանակի առաջխաղացումն ապահոված Պաշտպանության նախարարի պաշտոնանկությունն ու հասնի դրան: Այդ դասալիքի անունը Արման Բաբաջանյան է, Պնախարարինը` Վազգեն Մանուկյան: Այսքան բան:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից: Վարչապետի երկու այլ որոշումներով՝ Կամո Քոչունցն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի, Վաչագան Ներսեսյանը՝ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոններից: Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել անցած տարվա մայիսի 24-ին, մինչ այդ, նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: «Ազատություն»-ը փորձել է պաշտոնանկության պատճառները պարզել Մովսես Հակոբյանից: «Դիմեք վարչապետի աշխատակազմ: Ձեզ այնտեղ կպարզաբանեն»,- կարճ է կապել գեներալը: Կառավարության ղեկավարի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրատվամիջոցին փոխանցել է, որ վարչապետի որոշումները պայմանավորված են առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններով:

…Խոսնակի պարզաբանմամբ` Ռազմական գլխավոր տեսուչի պաշտոնն այլ անվամբ, բայց նույն գործառույթով երկրի առաջին դեմքի ենթակայությունից տեղափոխվել է Պաշտպանության նախարարության կազմ: Լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում պաշտոնանկություններին անդրադարձել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` ասելով, որ Մովսես Հակոբյանի ու նրա երկու տեղակալների պաշտոնանկությունների փաստը խոսում է «այդ ինստիտուտում առկա խնդիրների մասին»: Պատճառների առնչությամբ, սակայն, կատարյալ անորոշություն էր: Եթե զբաղեցրած պաշտոններից գեներալի ու նրա երկու տեղակալների ազատումը, ինչպես հավաստացնում է վարչապետի մամուլի պատասխանատուն, բացառապես կառուցվածքային փոփոխությունների արդյունք է` նշանակում է խնդիրը զուտ տեխնիկական է, եւ կառուցվածքային փոփոխությունների ավարտից հետո ազատված պաշտոնյաները կվերանշանակվեն իրենց պաշտոններում: Ուրեմն այդ դեպքում ինչո՞ւ է ոլորտի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը մատնանշում «ինստիտուտում» խնդիրների առկայության մասին: Տարընթերցումներն ակներեւ են, ինչը վկայում է, որ փորձ է արվում ինչ-որ բան թաքցնել հանրությունից: Չնայած փոքրիկ Հայաստանում ոչինչ թաքցնել հնարավոր չէ:

Որոշ անկախ դիտորդներ հակված էին պաշտոնանկությունների հետքերը փնտրել նոյեմբերի 16-ին տեղի ունեցած` Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի եւ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի քննարկումներում, մանավանդ որ, Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստին մասնակցել էր ՀՀ գլխավոր ռազմական տեսուչը: Հնարավոր է, որ հիշյալ քննարկումների ժամանակ է ծագել Մովսես Հակոբյանի պաշտոնանկության անհրաժեշտության խնդիրը: «Առաջին լրատվական»-ի տաղավարում թեմայի քննարկման ընթացքում վերլուծաբան Հակոբ Բադալյանը չի բացառել, որ վարչապետի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների թերակատարման կամ խախտման հարցեր են եղել: «Այս պաշտոնանկությունն ինքնին քաղաքական հնչեղություն է ստանում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նախկին համակարգում Մովսես Հակոբյանը եղել է բարձրաստիճան զինվորական պաշտոնյա»,- նշել է Հակոբ Բադալյանը: Նրա կարծիքով՝ Զինված ուժերում կա սերնդափոխության խնդիր, քանի որ փոխվում են թե´ տեխնոլոգիաները, թե´ մարտահրավերները: Քաղաքագետ Արմեն Վարդանյանն էլ համոզմունք է հայտնել, որ Մովսես Հակոբյանի պաշտոնանկության հետ կապված քաղաքական ենթատեքստ չկա, ընդամենը տեղի է ունեցել կառուցվածքային փոփոխություն: «Մովսես Հակոբյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի քեռին է, նա պետք է հեղափոխությունից անմիջապես հետո հեռացվեր, բայց մնաց այս պաշտոնում, դրանում որոշիչ դեր խաղաց բարեկամական կապը Արմեն Գրիգորյանի հետ»,- ասել էր քաղաքագետը` հավելելով, որ գեներալ Հակոբյանը կնշանակվի նոր պաշտոնում:

 

Հ.Գ. Քաղաքագետն իրավացի էր՝ «բարեկամական կապը» նորից աշխատեց. Նոյեմբերի 19-ին, երբ այս մեկնաբանությունն արդեն պատրաստ էր, Պնախարարի մամուլի քարտուղարը հայտնեց, որ Պաշտպանության նախարարի հրամանով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Նախարարի մյուս հրամաններով գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, իսկ գնդապետ Վաչագան Ներսեսյանը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Կատարի Պետության էմիրի դիվանում նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը։ Բարի գալուստ մաղթելով Հայաստանի նախագահին եւ ընդգծելով իրենց երկար տարիների անձնական գերազանց փոխհարաբերությունները, էմիրը շնորհավորել է Կատարում Հայաստանի դեսպանության բացման առթիվ` նշելով, որ երկու երկրները հրաշալի հարաբերություններ ունեն։ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել էմիրին Հայաստանի քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման, ինչպեսեւ Հայաստանի դեսպանության բացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար։ ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրական կազդի տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ, հատկապես, զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այցով Իտալիայում էր: Այն մեկնարկել է Վենետիկից. Փաշինյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, որտեղ հանդիպում է ունեցել միաբանության անդամների հետ, այնուհետեւ մեկնել է Միլան, որտեղ Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսված էր հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն այցելել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն, որտեղ հանդիպել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ եւ մասնակցել Dialogue on Future խորագրով քննարկմանը: Միլանում Փաշինյանը հանդիպում է ունեցել Լոմբարդիայի կառավարության, ինչպես նաեւ Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ եւ մասնակցել հայ-իտալական համատեղ գործարար համաժողովին: Միլանից վարչապետը մեկնել է Հռոմ, որտեղ հանդիպումներ էին նախատեսված Իտալիայի բարձրագույն ղեկավարության հետ:

ՀՀ գլխավոր դատախազությունը Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գույքի ապօրինի օտարման վերաբերյալ հաղորդում է ստացել, որն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Ստացված հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Զանգվածային լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատն անօրինական ճանապարհով անհատույց ձեռքբերելու մեջ կասկածվում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Գույքի արժողությունը կազմում է շուրջ 5 մլն դոլար:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: