Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Շաբաթվա անցուդարձ

18-25 նոյեմբերի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բելառուսի մայրաքաղաքում նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստը, որին չէր մասնակցում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը: Այն, որ Փաշինյանը լուռ բոյկոտ է հայտարարել ՀԱՊԿ-ի միջոցառումներին եւ, մասնավորապես, ներկա չէր գտնվելու կազմակերպության գագաթաժողովին, ոչ ոքի համար անակնկալ չէր: Շատերը նույնիսկ գիտեին դրա պատճառը՝ ՀԱՊԿ-ը չէր դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի 2022թ. սեպտեմբեր 13-14-ի զինված ագրեսիան, որի ընթացքում վերջինս հայկական տարածքներ է բռնազավթել Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում:

Սա առաջին դեպքը չէր, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ինտեգրացիոն միջոցառումներին մասնակցելուց: Այսպես՝ հոկտեմբերին նա բաց էր թողել Բիշքեկում ԱՊՀ գագաթաժողովը, ինչն Ադրբեջանի նախագահի համար առիթ էր Պուտինի ներկայությամբ քննադատել Փաշինյանին՝ Գրանադայի «ինչ-որ երկրորդական հավաքի» ներկա գտնվելու, իսկ Բիշքեկի համաժողովից հրաժարվելու համար: Իլհամ Ալիեւը չէր կարող Երեւան-Մոսկվա հակասությունների «կրակին» յուղ լցնելու այդպիսի հնարավորությունը չօգտագործել ի վնաս Հայաստանի: Չի բացառվում, որ նա կփորձի ինչ-որ կերպ ի չարս օգտագործել նաեւ ՀԱՊԿ-ի մինսկյան գործընթացը, որտեղ քննարկվում էր Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ առանց ՀՀ վարչապետի:

Նիստից 10 օր առաջ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, որի ժամանակ Լուկաշենկոն ՀՀ վարչապետին խորհուրդ էր տվել չշտապել, «հապճեպ որոշումներ չկայացնել, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել դեզինտեգրացիային»: Փաշինյանն ավագ գործընկերոջ առաջարկը զանց էր առել, ավելին՝ նոյեմբերի 20-ին խնդրել էր ՀԱՊԿ գործընկերներին՝ օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը: Սա ռազմավարական դաշնակցի հետ առճակատումն էլ ավելի սրելու եւս մեկ քայլ էր, որն, անտարակույս, մեզ ոչ մի լավ տեղ չի տանի:

Աշխարհաքաղաքական առկա իրողություններում ՀՀ-ն չպետք է խուսափի դույզն-ինչ օգտակար որեւէ հարթակից՝ լինի տարածաշրջանային, արեւմտյան, թե ռուսական: Հատկապե՛ս ռուսական: Առավել եւս, երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ այդ կազմակերպությունից դուրս գալու հարց պաշտոնական Երեւանը չի քննարկում: Ուրեմն՝ ի՞նչ է նշանակում համընդհանուր այս փոթորկահույզ քաոսի պայմաններում, երբ Հայաստանն ու Արցախը ռազմաքաղաքական սուղ կացության մեջ են, եւ սպառնալիքները գնալով՝ խորանում են, գժտվել եւ «կամուրջները այրել» միակ դաշնակից պետության հետ՝ վտանգելով Հայաստանի՝ առանց այդ էլ հեղհեղուկ անվտանգությունը:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով ՀԱՊԿ նիստին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու փաստին, «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունն է, որի ձեւավորման ակունքներում կանգնած է նաեւ Հայաստանը։ «Պարզ է, որ հարաբերությունների մեջ կան խնդիրներ, պարզ է, որ այնքան էլ դյուրին չի եղել այն ամբողջ ճանապարհը, որ ձեւավորվել է ՀԱՊԿ-ը, բայց ստեղծվել է իրավապայմանագրային մի ամբողջ փաթեթ եւ, մանավանդ, ռազմական բաղադրիչի մեջ ՀՀ-ն մեծ ներգրավվածություն է ունեցել»,- ասել է Օհանյանը։

 

Երեւանի ավագանին նոյեմբերի 22-ին շարունակում էր նախօրեին դահլիճում թեժ վիճաբանությունների եւ ծեծկռտուքի պատճառով հետաձգված նիստը։ Հիշեցնենք, որ այն ընդհատվել էր ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի սադրիչ ելույթից հետո, երբ հրմշտոց սկսվեց նրա եւ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջեւ։

Կանանց լեզվակռվով ու քաշքշուկներով սկսված միջադեպի էներգետիկան շատ արագ փոխանցվեց տղամարդկանց, ավելի ստույգ՝ նրանցից ամենաանզուսպներին՝ Երեւանի Կենտրոն եւ Շենգավիթ համայնքների թաղապետեր Սամվել Ղուկասյանին ու Ռազմիկ Մկրտչյանին, որոնք հարձակվել էին «Մայր Հայաստան»-ի ավագանու անդամներից մեկի վրա, նրան տապալել գետնին եւ հարվածներ հասցրել ձեռքերով ու ոտքերով։ Կռիվը ծագել էր նրանից, որ թաղապետերն ընդդիմադիր ավագանուն դիմել էին «արա»-ով, վերջինս էլ հայհոյել էր նրանց։ Գռեհիկ բառապաշարը, հայհոյախոսությունը, փոխադարձ հարգանքի անտեսումը բնորոշ են ՀՀ պաշտոնատար անձանց բոլոր շերտերին ու ընտրախավերին՝ իշխանական, թե ընդդիմադիր:

Մեզանում մարդկային հարաբերությունների ցածրակարգ մշակույթը, մերժելի բարքերն ու սովորությունները գալիս են պետության եւ իշխանությունների առաջին դեմքերից: Եթե վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իրեն թույլ է տալիս մարդկանց «փռել ասֆալտին», «բորդյուր կերցնել» կամ… «շինարարական» բնույթի հիշոցներ տալ, իսկ ԱԺ խոսնակը մայր է հայհոյում, թքում քաղաքացու դեմքին, պարզ է, թե ինչ կարելի է սպասել սրանց ստորադասներից՝ խորհրդարանի եւ կառավարության անդամներից, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներից:

Հիմա՝ երկու խոսք կռվազան կանանց մասին. Անի Խաչատրյանը կուսակցությունից կուսակցություն «թռչող» այն կանանցից է, որոնց միշտ օգտագործում են «սեւ» գործերի համար. որտեղ պետք է՝ լեզվակռիվ տալ, սադրել, անկարգություններ հրահրել եւ այլն:

Տարբեր քաղաքական ուժերի կողմից մոտավորապես նույն գործառույթների համար է օգտագործվում նաեւ Սոնա Աղեկյանը, որը հայտնի է տարիներ առաջ Երեւանի ավագանու նիստին սրվակով կոյուղաջուր բերելու եւ Տարոն Մարգարյանի վրա ցպնելու փորձով՝ ի նշան բողոքի առ այն, որ Երեւանի թաղամասերից մեկում խափանված կոյուղագիծը երկար ժամանակ չի նորոգվում՝ շարունակելով գարշահոտություն ու աղտեղանք տարածել շուրջը: Սոնայի եւ Անիի ճանապարհները երբեմն խաչվում են՝ ինչպես այս անգամ. Սոնան իր հակառակորդին կնքել է «Մամա Ռոզա» անունով՝ հիշեցնելով նրա երբեմնի կեղտոտ զբաղմունքը՝ կավատությունը: Իսկ Անին Սոնային անվանակոչել է «Կոյուղաջրերի թագուհի»: Այնպես որ, նրանք իրար արժեն:

Դեռ ՀՀՇ-ի ժամանակներից ժողովուրդն այդպիսի կանանց դիպուկ անուն էր կպցրել՝ «ԲՏՌ»: Հանրահավաքներում իրենց առաջնորդի կամ հարազատ թիմի համար առաջին շարքերում «դոշ տված» մարտնչող, մարդկանց աջ ու ձախ հրմշտող, այդ լեզվանի կանանց, որոնք մարտականորեն առանձնանում էին ընդհանուր զանգվածից, ամբոխը լավ էր ճանաչում. ««ՀՀՇ»-ի ԲՏՌ-ներից են»,- ասում էին այս ու այն կողմից: Հիմա ժամանակները փոխվել են՝ «ԲՏՌ-ությունը» փողոցից ներթափանցել է դահլիճներ. մենք դա նախ տեսանք փողոցներում ու հրապարակներում, ապա՝ ԱԺ-ում, եւ այժմ արդեն՝ նաեւ ավագանիում:

Տեսնենք՝ ուր կհասնի…

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 18-ին մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Համաժողովն անցկացվում էր «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում էին կոռուպցիայի դեմ պայքարի ու փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Ավելի վաղ Ազգային ժողովից հայտնել էին, որ Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավոր: Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չէին մասնակցում նիստին:

Տարածաշրջանային խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ մտքեր են փոխանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին նոյեմբերի 20-ին Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: Վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ, ու կարեւորել է օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը: Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական համագործակցությունն ունի մեծ ներուժ, եւ բարձր մակարդակի փոխայցերը կնպաստեն դրա լիարժեք իրացմանը:

Բաքուն հայտարարում է «Զանգեզուրի միջանցքում» անցակետերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Նոյեմբերի 20-ին նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար Շահին Բաղիրովը։ «Ադրբեջանի կառավարությունն աշխատում է «Զանգեզուրի միջանցքը» շահագործման հանձնելու ուղղությամբ։ Պետական մաքսային ծառայությունը եւս մասնակցում է այդ աշխատանքներին։ Այժմ մենք աշխատում ենք «Զանգեզուրի միջանցքի» անցակետերի [ստեղծման] ուղղությամբ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:

Բաքվից եւ Սումգայիթից եւս 25 ընտանիք՝ 91 մարդ է նոյեմբերի 20-ին տեղափոխվել Բերձորի շրջանի Աղավնո (Զաբուխ) գյուղ՝ հաղորդում է Ադրբեջանի փախստականների եւ ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեն։ Աղավնոյում, այսպիսով, մշտական բնակություն հաստատածների թիվը հասել է 382 հոգու՝ 96 ընտանիք։ Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ադրբեջանական կողմը հայտարարել է երեք բնակավայրերը վերաբնակեցնելու ծրագրի մասին:

Պաշտոնական Երեւանը հաղորդում է, որ նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ «Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը»,- ասված է Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։ Թե խոսքն ինչ առաջարկների մասին է՝ Երեւանը չի մանրամասնում:

Պաշտոնական այցով նոյեմբերի 21-ին Հայաստանում էր Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը։ Ըստ Հայաստանի կառավարության՝ նրան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Օրակարգից այլ մանրամանսներ չեն հաղորդվել։ Նոյեմբերի 19-ին Իրաքի նախագահը Բաքվում էր։ Նրա հետ հանդիպմանը Իլհամ Ալիեւը բողոքել էր, թե «այժմ Հայաստանն օգտագործում է իր սփյուռքը Ադրբեջանի դեմ հարձակումների համար»:

Շախմատի Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է գրավել եւ բրոնզե մեդալ նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում։ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված մրցաշարում Հայաստանի թիմը 13 միավոր է վաստակել, 15-ական միավորով առաջին եւ երկրորդ տեղերում են, համապատասխանաբար, Սերբիան եւ Գերմանիան։ Առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 11-21-ը։ Կանանց մրցաշարում Հայաստանի թիմը 11-րդ տեղն է գրավել։ Հաղթել է Բուլղարիայի հավաքականը, որին հաջորդում են Ադրբեջանը եւ Ֆրանսիան:

Սեպտեմբերի 28 2024
Սեպտեմբերի 22 2024
Սեպտեմբերի 14 2024
Օգոստոսի 31 2024
Օգոստոսի 24 2024
Օգոստոսի 17 2024
Հուլիսի 13 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: