Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ինչու չեն կայանում ընդդիմադիր կուսակցությունները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մեծ խելք ու երեւակայություն պետք չեն՝ հասկանալու համար, որ կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում, ինչպես ՀՀ-ում է, քաղաքական պայքարը մրցավեճ է երկրի զարգացման կամ ապագայի մասին պատկերացումների, տեսակետների, անգամ աշխարհընկալումների շուրջ: Սահմանադրության համաձայն՝ այդ տեսակետները շարադրվում են թղթի վրա, առաջարկվում հանրությանը, եւ հանրությունը կատարում է ընտրություն: Ըստ ձայների թվաքանակի՝ ընտրվում է կառավարություն, ինչպես նաեւ ԱԺ-ում հայտնվում են ընդդիմադիր ուժեր, որոնց տեսակետները հանրության մի ստվար զանգվածի համար նշանակալի են: Խորհրդարանում տեղի են ունենում քննարկումներ, քվեարկություններ եւ այլն: Այսինքն, ինչպես տեսնում ենք, այդ ամենի հիմքում երկրի զարգացման շուրջ ընթացող բանավեճերն են:

Մի կողմ թողնենք հարցը, թե ովքեր են այդ տեսակետներն ու ծրագրերը ձեւավորում, ինչպես եւ ովքեր են դրանք շարադրում, ինչ մասնագիտական իրավասություն ունեն նման պատասխանատու գործ ձեռնարկողները: Մի կողմ թողնենք նաեւ այն խնդիրը, թե արդյոք հանրությունն ի վիճակի՞ է գլուխ հանել այդպիսի լուրջ փաստաթղթերից եւ դրանց միջեւ գիտակցված ընտրություն կատարել կամ՝ արդյո՞ք փոքրիշատե վստահելի, ձեռնհաս անձինք պատրաստ են բացատրել, ճիշտ կողմնորոշել հանրությանը: Սա «դեմոկրատիա» կոչվող երեւույթի ամենախոցելի տեղն է: Իհարկե՝ կան հասարակություններ, որտեղ անգամ կրթվածության պակաս ունեցող մեծաթիվ հատվածներ ի վիճակի են համախմբվել ու հավաքական դիրքորոշում հայտնել, բայց դա հայաստանյան հասարակությունից շատ հեռու է: Հետեւաբար՝ քաղաքական պայքարի մասին խոսք լինել չի կարող:

Ներկայումս մեր քաղաքական իրականությունում կա մեկ քաղաքական ուժ, որն ունի ապագայի տեսլական կամ ապագայի նախագիծ, եւ դա իշխող «Քաղպայմանագիրն» է: Համենայն դեպս՝ հստակ են քաղաքական այդ ուժի ապագայի մոտեցումները՝ ընդմիշտ հրաժարվել Արցախից, երբեք չբացել Ցեղասպանության թեման, քանի որ դա գրգռում է մեր երկու հայտնի հարեւաններին, փոխել ազգային-պետական խորհրդանիշները, տարածքներ զիջել Ադրբեջանին, փոխել աշխարհաքաղաքական ուղղությունը եւ դառնալ Արեւմուտքի մի հատված՝ խորացնելով մեր սերտաճումը ԵՄ-ի հետ՝ «որքանով ԵՄ-ը դրան պատրաստ է», հրաժարվել ավանդական արժեհամակարգից եւ այլն, եւ այլն: Այս ամենը երեւակայության արդյունք չէ, դրանց մասին բացեիբաց խոսում են ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը եւ իշխող ուժի պաշտոնական ներկայացուցիչները: Լավ է, թե վատ՝ այլ խոսակցության թեմա է, բայց որ վերը թվարկվածը ՔՊ-ի պաշտոնական դիրքորոշումն է, որեւէ տարակույս չկա:

Բնականաբար՝ հասարակության մեջ կան որոշակի շերտեր, որոնք համախոհ են նշված հայեցակետերին, կա նաեւ այդ «տեսլականին» դեմ մարդկանց մի հոծ բազմություն: Եվ պետք է ենթադրել, որ ընդդիմադիր ուժերը կոչված են ձեւակերպել հենց այս հատվածի «հակատեսլականը», որը լինի ամբողջական, ինչպես՝ ՔՊ-ինը, շարադրված թղթի վրա, եւ որը նույնպես կխոստանա խաղաղ ապագա, ինչը խոստանում է գործադիրի ղեկավարը՝ անկեղծորեն ասելով, որ իր նպատակը խաղաղությունն է, թեպետ չգիտի, թե որքանով դա իրեն կհաջողվի:

2021-ի ընտրություններից հետո մենք ականատես եղանք մի տհաճ երեւույթի՝ հանրության մեծամասնությունը չի մասնակցում ընտրություններին՝ համարելով, որ ընտրելու ոչինչ առանձնապես չունի: Ասել է թե՝ մարդիկ համաձայն չեն իշխող ուժի վերարտադրությանը, սակայն այլընտրանք չեն տեսնում: Արդյունքում քվեարկության գնում են բացառապես ՔՊ-ի կողմնակիցները եւ նրանք, ովքեր հիմնավորապես բացառում են այդ ուժին: Միմյանց արմատականորեն հակադիր զանգվածներից զատ՝ հանրության պատկառելի հատվածը, ըստ երեւույթին, չի տեսնում երրորդ ուժին, որը կառաջարկի ապագայի՝ իր համար ավելի ցանկալի ու սրտամոտ տեսլական:

Հնարավոր է՝ հենց այդ պատճառով է քաղաքական պայքարը Հայաստանում այլասերվել, եւ հանրության գերակշիռ մասը ապագայի ոչ մի հույս չի տեսնում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: