Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Հայաստանյան իրավապաշտպան վեց կազմակերպություններ դեկտեմբերի 14-ին դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով քննության առարկա դարձնել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) վերջին տասնամյակների ընթացքում իրականացրած գործունեությունը: Խոսքը, մասնավորապես, ԱԱ ծառայության կողմից քաղաքացիների անձնական տվյալների ապօրինի հավաքագրման եւ օգտագործման դեպքերի մասին է, որոնք արվում էին ընդդիմության եւ քաղհասարակության առավել ակտիվ անդամների վրա ապօրինի ներգործության նպատակով: Իրավապաշտպան կառույցների վեցյակը, բացի դրանից, իշխանության առջեւ խնդիր է դրել մանրակրկիտ ուսումնասիրել 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության եւ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի պատվիրատուների ու կազմակերպիչների առնչությամբ «օդում կախված» լուրերը` այդ թվում վերոնշյալ իրադարձություններին ԱԱԾ-ի մասնակցության ու անգործության մասով: Չեն շրջանցվել համապետական ընտրությունների, հանրաքվեների զանգվածային ընտրակեղծիքների բացահայտման, ինչպես նաեւ ԱԱԾ-ի բազմաթիվ պաշտոնատար անձանց կասկածելի հարստացման օրինականության ստուգման պահանջները:
…Մեր հասարակական կազմակերպություններն իրենց մեծամասնության մեջ քննադատության թիրախում են, եւ դրա հիմնական պատճառը Սորոսի հիմնադրամից կամ արտաքին այլ աղբյուրներից ֆինանսավորվելու հանգամանքն է: Հիմնադրամները մեզանում, որպես կանոն, զուգամիտվում են հեղափոխությունների, «երկիրը քանդելու», ազգային ավանդույթների հիմքերը խարխլելու եւ նման այլ բացասական երեւույթների հետ: Ինչ պիտակներ ասեք, որ չեն կպցնում դրսից ֆինանսավորվող հասարակական կառույցներին` «սորոսականներ», գրանտակերներ, արտաքին ուժերի գործակալներ եւ այլն: Բանը հասել է այնտեղ, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին արդեն սկսել են «ծուռ» աչքով նայել նաեւ կառավարող վերնախավի բարձրաստիճան իշխանավորները` նրանց մեջ տեսնելով համակարգին սպառնացող պոտենցիալ վտանգ:
Այս համատեքստում ծագեց քաղհասարակություն-ԱԱԾ հեռակա բանավեճը: «Վեցի» հաղորդագրությանը նախորդել էր դրանից մեկ շաբաթ առաջ ԱԱԾ պաշտոնակատարին ուղղված` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան կոշտ գրառումը, որում կոչ էր արվում հանրությանը ներկայացնել ծառայության վարչությունների պետերի, ԱԱԾ տնօրենի տեղակալների ու նրանց հետ կապակցված անձանց անուններով` նրանց կողմից փաստացի տիրապետվող ունեցվածքի եւ սեփականության մասին տվյալները: Ի պատասխան իրավապաշտպանի կոչին` դեկտեմբերի 10-ին, այս անգամ արդեն կոշտ հայտարարությամբ հանդես էր եկել ԱԱԾ-ն` Սաքունցի գրառումը որակելով «անպատեհ ցասումի պոռթկմամբ» համակված հրապարակում, որն «անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները»։ Ու հիմա էլ չուշացավ իրավապաշտպանների արձագանքը` ուղղված ԱԱԾ-ի հայտարարությանը: Իրավապաշտպանների խումբը, ըստ երեւույթին, որոշել էր համաձայն «համքարային» համերաշխության չգրված կանոնների` մենակ չթողնել քննադատության թիրախ դաձած գործընկերոջը՝ Արթուր Սաքունցին: Դրանք էին` «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն»-ը, Հանրային լրագրության ակումբը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը եւ նույն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
«Վեցյակի» բնորոշմամբ` ԱԱԾ-ի հայտարարությունն «աչքակապություն է, զվարճալի, մերկապարանոց քաղաքական զեղծարարություն»` այն առումով, որ «ԱԱ ծառայությունը տարիներ շարունակ բացարձակ անգործություն է դրսեւորել ազգային անվտանգությունը վտանգած մի շարք երեւույթների բացահայտման գործում»։ Կազմակերպություններն, օրինակ, կոչ են անում ստուգել, թե 2004-ից 2013-ն ընկած ժամանակահատվածում ինչ հիմնավորմամբ եւ ովքեր են Հայաստանից ապօրինաբար դուրս հանել ավելի քան 10 միլիարդ դոլար, ի հայտ բերել 1991-ից ի վեր մեր հանքային հարստությունները չնչին գներով հայաստանյան ու անդրսահմանային կորպորացիաներին օտարելու մեխանիզմները, բացահայտել ԱԱԾ-ի կողմից քաղաքացիների անձնական տվյալների ապօրինի հավաքագրման եւ օգտագործման դեպքերը: ՀԿ-ները դիմում են նաեւ ԱԺ-ին, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական հասարակությանը` հորդորելով չհետաձգել Ազգային անվտանգության ծառայության արմատական բարեփոխման գործընթացները։
Իրոք, ԱԱԾ-ում «Ավգյան ախոռների» մաքրման ժամանակը վաղուց է հասունացել: Միայն ամենաանտեղյակները չգիտեն, որ հայրենի ազգային անվտանգությունը 21-րդ դարի երրորդ տասնամյակի նախաշեմին դեռ շարունակում է աշխատել НКВД-ի եւ КГБ-ի հակաժողովրդական սկզբունքներով: Իսկ դա նշանակում է ընդդիմության եւ քաղհասարակության հետապնդումներ, հեռախոսային գաղտնալսումներ, վարկաբեկիչ տեղեկանյութերի հայթայթումներ, գաղտնի գործակալների հավաքագրումներ եւ այլն:
Երեւում է` հեղափոխության «թավշյա» ձեռքը ԱԱԾ-ին դեռ չի հասել:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի դեկտեմբերի 17-ի նիստում քննարկման էր դրված Երեւանի ավագանիում այդ կուսակցության միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու եւ այդտեղ նրա հետագա գործունեության նպատակահարմարության հարցը: Այս մասին հայտարարել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը Ավագանու` նախօրեին տեղի ունեցած նիստից հետո, երբ ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը քննադատեց քաղաքապետին` հիշեցնելով նրա կերտած կանացի կերպարներն ու նախկինում տված հարցազրույցները: «Ամբիոնից ելույթ ունենալուս պատճառն այն է, որ ձեր ցինիզմի հասնող ծիծաղը չտեսնեմ դիմացս նստած»,- այսպես էր Վարդանյանը «պատվել» քաղաքապետին, որի հրահանգով էլ նրա խոսափողն անջատել էին:
…Հիշեցնենք, որ Ավագանու «Լույս» խմբակցությունը ընտրություններին մասնակցել է դաշինքով: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից միայն Դավիթ Խաժակյանն է ընդգրկված խմբակցությունում, Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը «Հանրապետություն» կուսակցությունից են: Դավիթը «Լույս» խմբակցության ղեկավարն է եւ Ավագանու ամենաարդյունավետ ու ամենասկզբունքային ընդդիմադիր անդամներից մեկը, որի անունը հանրությանը հայտնի դարձավ Երեւանի քաղաքապետարանում մեծ աղմուկ հանած արատավոր երեւույթների` մասնավորապես «Շինթույլտվություններ` ԿամԱԶ-ների դիմաց» գործարքների շրջանակում նրա բացահայտումներից հետո:
Այս համատեքստում անհասկանալի է Երեւանի ավագանու գործունյա անդամին ետ կանչելու վերաբերյալ ԼՀԿ-ի ղեկավարի հայտարարությունը, որն արժանացավ նույնիսկ Արմեն Աշոտյանի կշտամբանքին. «Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահը: Չնայած Աշոտյանի քննադատությունը բոլորովին այլ նպատակ է հետապնդում, բայց, միեւնույն է, Դավիթ Խաժակյանի հետկանչի պարագան, կարծես թե, դուրս է առողջ դատողության տիրույթից: Ի՞նչ կարող է սա նշանակել, մի՞թե իսկապես ճնշումներ են եղել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նկատմամբ: Մանավանդ՝ այն բանից հետո, երբ դեկտեմբերի 17-ին Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անցել է իր պաշտոնեական լիազորությունները եւ թույլ է տվել պաշտոնեական կեղծիք:
Ավագանու անդամի հետկանչի առումով ԼՀԿ-ն իր հիմնավորումներն ունի: Ըստ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, այդ մեխանիզմի կիրառման միջոցով իրենց կուսակցությունը կդադարի պատասխանատվություն կրել Երեւանի ավագանիում «Լույս» խմբակցության գործունեության համար, որի վրա ազդեցություն չունի: «Եթե կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա Ավագանուց, մենք այլեւս ներկայացված չենք լինի Ավագանիում, հետեւաբար պատասխանատվություն չենք կրի այնտեղ գործունեության համար»,- նշել է Մարուքյանը: Վերջինիս խոսքով՝ Խաժակյանի կարեւոր բացահայտումները ստվերվում են խմբակցության մյուս անդամների զգացմունքային ելույթների պատճառով։ Խաժակյանը համամիտ է հետկանչի գաղափարի հետ եւ գտնում է, որ անկախ ամեն ինչից՝ շարունակելու է ներկայացնել փաստեր, բացահայտել թե՛ կոռուպցիոն բնույթի գործարքները, թե՛ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունները, որոնք իրականացվում են քաղաքապետարանում, այդ թվում՝ քաղաքապետի կողմից: «Սակայն այդ ամենը ես պետք է անեմ այն ձեւաչափով, որով դա լսելի կլինի մարդկանց եւ տեղ կհասնի»,- վստահեցրել է Խաժակյանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանում առերեւույթ պաշտոնեական կեղծիք կատարելու մասին վերջինիս հայտարարություններն ու մյուս հրապարակումները Երեւանի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Ոստիկանություն` քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար:
Շարունակենք հետեւել այս ուշագրավ «կատակերգության» հետագա զարգացումներին:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով
Քաթարի Պետությունում երկօրյա աշխատանքային այցով գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին Դոհայում մասնակցել է հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին եւ ելույթով հանդես եկել ֆորումի լիագումար նիստին: Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է գլոբալ աշխարհի զարգացման միտումներին՝ նշելով, որ ապագան հիմնված չի լինելու բնական ռեսուրսների վրա, այլ կրթության, արհեստական բանականության, նոր տվյալների կառավարման եւ տեխնոլոգիաների վրա։ «Այս նոր աշխարհում մեր երկիրը նույնպես առավելություն ունի: Դա ոչ միայն հազարամյակների մեր մշակութային ժառանգությունն է կամ մեր ծագումը, այլ այն, որ մենք մեծապես արժեւորում ենք կրթությունը, գիտությունն ու տեխնոլոգիաները: Հայաստանը երկիր է, որն ունի շատ հստակ առավելություն՝ մենք փոքր ժողովուրդ ու պետություն ենք, սակայն` գլոբալ ազգ»,- ասել է ՀՀ նախագահը:
Նախօրեին Արմեն Սարգսյանը հանդիպում էր ունեցել Քաթարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցիչ Իհսան Վալիդ Ալխիյամիի հետ։ Քննարկվել են Հայաստանի եւ Քաթարի գործարարների ասոցիացիայի միջեւ համագործակցության, հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ ծրագրերի ու ներդրումների իրականացման հնարավորությունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած խորհրդակցությունում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ռազմավարությունը հիմնված է կայուն զարգացող, նորարարական լուծումներ ընդունող, առավելապես արտահանող եւ բարեկեցություն երաշխավորող գյուղատնտեսություն ունենալու վրա: Խաչատրյանն անդրադարձել է նաեւ ոլորտում առկա խնդիրներին, որոնց շրջանակում նշել է գյուղատնտեսության ցածր արդյունավետությունը, սննդամթերքի անվտանգության անբավարարությունը, ներքին շուկայում կենտրոնացվածությունը, ինստիտուցիոնալ ցածր կարողությունների առկայությունը, ինովացիաների կիրառության սահմանափակությունը:
Այնուհետեւ մտքերի փոխանակությունից հետո վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է փաստաթղթում առկա խնդիրների լուծման նպատակով շարունակել ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները շահագրգիռ գերատեսչությունների հետ եւ դրանց արդյունքներով նախագիծը դնել շրջանառության մեջ:
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 20-ին մեկնեց Սանկտ Պետերբուրգ. այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքէջը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին։
Դեկտեմբերի 16-ին մեկնարկեց 2019 թվականի ձմեռային զորակոչը` պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է Պաշտպանության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավարության եւ իրավապահ մարմինների կողմից:
ՊՆ հրամանով նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019-ի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: