Չորեքշաբթի, Փետրվարի 12, 2025

Շաբաթվա անցուդարձ

14-21 դեկտեմբերի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Դեկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ, համաձայն ռոտացիոն սկզբունքի, նախատեսված էր նրա նախագահությամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա հերթական՝ 4-րդ նիստի անցկացումը: Իր ելույթում Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ տրանսպորտային լոգիստիկայի զարգացման ներուժի հնարավորություններին՝ այդ համատեքստում կարեւորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որն, ըստ նրա, ենթադրում է ստեղծել ու արդիականացնել մի շարք տրասնպորտային ուղիներ:

«Հայաստանի կառավարության նախաձեռնած այս նախագիծը վերջնական արդյունքում տրանսպորտային ու առեւտրատնտեսական կապերի զարգացման առումով բարենպաստ պայմաններ կապահովի բոլոր հետաքրքրված պետությունների համար՝ հիմնված ինքնիշխանության եւ իրավազորության հարգման, ինչպես նաեւ փոխադարձության ու հավասարության վրա»,- ընդգծել է նա։ Իրականում «Խաղաղության խաչմերուկ»-ը, որը գրեթե նույն «Զանգեզուրի միջանցք» կոչվածի տիպօրինակն է, աշխարհում առանձնապես հետաքրքրություն չի վայելում. «միջանցքի» անունը «խաչմերուկ» դնելով՝ Ադրբեջանին չես մոլորեցնի, Թուրքիային՝ առավել եւս:

Մի քանի օրից՝ դեկտեմբերի 25-ին, նախատեսված է նաեւ ԵԱՏՄ գագաթաժողովը՝ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով։ Այս միջոցառումը որոշվել է անցկացնել ոչ թե ԵԱՏՄ-ը նախագահող երկրի՝ Հայաստանի մայրաքաղաքում, ինչպես պահանջվում է Կանոնադրությամբ, այլ՝ Սանկտ Պետերբուրգում։ Ավելի վաղ Փաշինյանն ԱԺ-ում հայտնել էր, թե անձամբ ինքն է նման որոշում կայացրել։ Ստեր հրապարակելը վերջինիս համար սովորական բան է դարձել. ինքն այդպիսի որոշումներ չի կարող ընդունել: Աղազարյանի վերաբերմամբ կարող է, միանգամից վեց բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերմամբ՝ նույնպես, բայց ավելի հեռու իր ձեռքը չի հասնի:

Նա հայտարարում է՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի բոլոր անդամները չէ, որ ցանկալի են Հայաստանի համար, բայց չի պարզաբանում, թե անցանկալի ասելով՝ ում նկատի ունի: Քչերը կարող են չիմանալ, որ ակնարկում է Բելառուսի նախագահին, որին մեղադրում է ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանին սատարելու համար եւ, մասամբ էլ, ՌԴ ղեկավարին: Պատճառն այն է, որ ՀԱՊԿ-ը հրաժարվել էր արձագանքել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումներին, որոնք տեղի էին ունեցել 2021-22 թվականներին: «Ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, եւ ես կարծում եմ, որ մենք էնտեղ անդառնալիության կետն անցել ենք»,- հայտարարել էր Փաշինյանը:

Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ երկկողմ հանդիպում նախատեսված չէ. այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Հայաստանին կսպասեն դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին: Կսպասե՞ն, ինչպես թե… բայց Փաշինյանն ասում էր՝ միջոցառումը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին որոշումն անձամբ ինքն է կայացրել: Պարզվում է, որ այդպես չէ, եւ Պեսկովն ակամա բռնում է նրա սուտը: Բա որ ասում են՝ ստի ոտքերը կարճ են, չեք հավատում…

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ընդդիմադիր «Հայաքվե» նախաձեռնությունը պահանջում է առկախել տրանսպորտի թանկացման որոշումը եւ մասնագիտական անկախ փորձաքննություն պատվիրել՝ «ստեղծված իրավիճակը խորքային վերլուծելու եւ տնտեսապես ու սոցիալապես հիմնավորված լուծումներ առաջադրելու նպատակով»։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում միասնական տոմսային համակարգը, որը Նախաձեռնությունը քաղաքային տրանսպորտի վարձավճարները թանկացնելու փորձ է որակում։ «Հայաքվե»-ն նշում է, որ սա «վատթարացնելու է երեւանցիների սոցիալական վիճակը՝ փոխարենը լցնելով իշխանավորների գրպանները»։

Ադրբեջանի դատախազությունը մեկ տարուց ավելի Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ է առաջադրել: Այս մասին դեկտեմբերի 16-ին հաղորդել է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով, ըստ պաշտպանների հայտարարության, Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկար։ Նոր մեղադրանքների ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են ե՛ւ Ռուբեն Վարդանյանից, ե՛ւ հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, թե այդ մեղադրանքներն առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»:

Վարչական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ անվավեր է ճանաչվել Երեւանի ավագանու կողմից ընդունված եւ այս տարվա հունվարի 1-ից քաղաքի ավտոկայանատեղիներում կայանելու համար դրույքաչափերը սահմանելու որոշումը. այս մասին դեկտեմբերի 19-ին հայտնել են քաղաքապետարանից։ Ֆեյսբուքյան գրառմամբ նշվել է, որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել եւ սահմանված մեկամսյա ժամկետում այն բողոքարկվելու է։ «Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»,- գրել է քաղաքապետարանի խոսնակը: Հիշեցնենք, որ խոսքը կարմիր գծերով կայանատեղիների թանկացման նախագծի մասին է, ըստ որի՝ Երեւանի կենտրոնում տարեկան վճարը 12 հազարից կդառնա 160 հազար դրամ:

«Քառասունչորսօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի փակ նիստում՝ հաշվի առնելով զեկույցում առկա գաղտնի տեղեկատվությունը»,- դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս այդպես էլ չի հստակեցրել, թե երբ է խորհրդարանում ներկայացվելու զեկույցը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քննիչ հանձնաժողովի զեկույցը պատգամավորներին կներկայացվի հոկտեմբերին։ Քոչարյանը ճեպազրույցում պնդեց, թե «զեկույցին հետեւելու են հազարավոր քրգործեր»:

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել դեկտեմբերի 15-ին Բահրեյնում ավարտին մոտեցող՝ աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը: Պոկում վարժությունում Լալայանը մեկնարկել է 206 կգ-ով, ապա երկրորդ մոտեցմամբ՝ 211 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 215 կգ:

Փետրվարի 08 2025
Հունվարի 25 2025
Հունվարի 18 2025
Հունվարի 11 2025
Դեկտեմբերի 29 2024
Դեկտեմբերի 21 2024
Դեկտեմբերի 14 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: