18.03.2025

Свободная Платформа

Անկախության ճանապարհով

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ուղիղ 33 տարի առաջ՝ 1992 թվականի մարտի 2-ին, Նյու Յորքում, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) շենքի առջեւ վեր խոյացավ Հայոց եռագույնը, եւ նորանկախ Հայաստանի Հանրապետությունն անդամագրվեց ազգերի միջազգային ընտանիքին: ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը «Անկախության ճանապարհով» վերնագիրը կրող հուշագրությունների իր գրքում ներկայացրել է այդ օրվա մթնոլորտը։ Ստորեւ՝ մի դրվագ գրքից.

…Ամբոխներ չկային, այնտեղ նույնիսկ հազար մարդ չէր հավաքվել: 1992-ի մարտի 2-ին, երբ ինը նորանկախ պետություն պետք է պաշտոնապես անդամակցեր Միավորված ազգերի կազմակերպությանը, Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանը շրջապատող պարսպի մոտ հավաքված էին տարբեր ծագում ունեցող ամերիկացիներ, որոնք սպասում էին, որ ինը նոր դրոշ է վեր խոյանալու:

Կատարվել էր անհավանական մի բան՝ մի քանի ամիս առաջ Խորհրդային Միությունն էր փլուզվել՝ վերջնականապես եւ պաշտոնապես: Իսկ մարտի 2-ին ՄԱԿ-ը պատրաստվում էր ազգերի միջազգային ընտանիքի գիրկն առնել տասնհինգ հանրապետություններից ութին:

Հայկական եռագույնը բարձրանում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Նյու Յորք։ Նյու Յորքի Առաջին ավենյուն լի էր մարդկանցով, որոնք ցանկանում էին ականատես լինել կարճ արարողությանը, որ պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի շենքի մոտ եւ տեսնել, թե ինչպես են Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ինչպես նաեւ Սան Մարինոն դառնում մեծ ընտանիքի անդամներ: Վրաստանը պետք է անդամակցեր հուլիսին, Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան, ինչպես նաեւ բալթյան երկրները, արդեն անդամներ էին:

Իրադարձությունը շրջադարձային էր աշխարհի եւ կարեւորագույն իրադարձություն էր այդ օրն այնտեղ ներկայացված յուրաքանչյուր երկրի համար: Հայաստանն անկախություն էր ստացել առաջին անգամ գրեթե հարյուր տարիների եւ միայն երկրորդ անգամ՝ ողջ հազարամյակի ընթացքում: Հայերի համար սա երազանք էր, որը հանկարծ իրականացավ:

1992-ի մարտին Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցում ես ավարտում էի մագիստրոսական ծրագիրը: Մարտի 2-ին Բոստոնի Լոգան օդանավակայանում օդանավ նստեցի եւ, հետեւում թողնելով դիվանագիտության դպրոցը, շտապեցի դիվանագետների ամենախոշոր հավաքատեղին՝ Միավորված ազգերի կազմակերպություն:

Տաքսիից դուրս եկա ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ: Շենքի ներսը տեսել էի միայն ֆիլմերում: Քայլեցի այնտեղ, որտեղ մարդիկ էին հավաքված, հիմնականում՝ հայեր, սակայն այլ ազգերի ներկայացուցիչներ էլ կային: Նրանք սպասում էին, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալին եւ ինը երկրների պատվիրակությունները ներսում ավարտեն արարողության պաշտոնական մասը եւ դուրս գան նորանդամ երկրների դրոշները բարձրացնելու:

Ներս մտնելու հրավերը մեծ դժվարությամբ էի ձեռք բերել եւ ականատես էի լինելու պատմական պահի, երբ Հայաստանը՝ Գլխավոր վեհաժողովի 46-րդ նստաշրջանի թիվ 227 որոշմամբ պետք է անդամակցեր Միավորված ազգերի կազմակերպությանը: Առաջին անգամ էի այդ դահլիճում. պատկերացնել անգամ չէի կարող, որ հաջորդ տասնվեց տարիների ընթացքում քսանից ավելի անգամ գալու եմ ՄԱԿ եւ տասն անգամից ավելի խոսելու եմ կանաչ գրանիտով պատված այդ պանծալի ամբիոնից: Բանաձեւն ընդունվեց, եւ յուրաքանչյուր նորանկախ պետության արտաքին գործերի նախարար հանդես եկավ ելույթով:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթն սկսեց հայերեն: Հետո արագ անցավ անգլերենի, սակայն դա էլ էր բավարար: Այդ օրը տեղի ունեցավ երկու պատմական իրադարձություն. առաջինը՝ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, եւ երկրորդը՝ թեեւ ոչ շատ երկար, սակայն աշխարհի այս ամենաներկայացուցչական կազմակերպության պատերի ներքո հնչեց հայերենը:

Պաշտոնական մասն ավարտվեց, եւ մենք դուրս եկանք շենքից ու գնացինք այնտեղ, որտեղ վերադասավորում էին 180 անդամ երկրների դրոշները՝ կենտրոնում դատարկ թողնելով ինը ձող: Դրոշները բարձրացվեցին մեկ առ մեկ՝ հավաքվածների ծափողջույնների ներքո:

Հայկական պատվիրակությունն ընդունելություն էր կազմակերպել ՄԱԿ-ի ներսում՝ պատվիրակությունների ճաշասրահի հարեւանությամբ: Ընդարձակ, բաց ու նրբագեղ սրահում, որի լուսամուտները նայում էին Իսթրիվեր գետին, մենք՝ դեռ մի փոքր ապշած այստեղ գտնվելու փաստից, շնորհավորում էինք միմյանց՝ հենց նոր տեղի ունեցած իրադարձության կապակցությամբ:

Պատվիրակության կազմում էր Ալեքսանդր Արզումանյանը՝ մաթեմատիկոս, Հայոց համազգային շարժման առաջնորդներից մեկը, որը նոր էր նշանակվել Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում: Հետագայում, երբ 1996-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց արտաքին գործերի նախարար, նա գրեթե մեկ տարի եղավ իմ անմիջական ղեկավարը:

Պատվիրակության կազմում էր նաեւ Արմեն Սարգսյանը, որն ապրում եւ ուսանում էր Լոնդոնում: Անկախության առաջին իսկ օրերին Արմենը նշանակվեց դեսպան Միացյալ Թագավորությունում եւ համատեղության կարգով՝ եվրոպական մի շարք այլ մայրաքաղաքներում:

Րաֆֆին ղեկավարում էր հայկական պատվիրակությունը: Նա ծնվել եւ մեծացել էր Միացյալ Նահանգներում, մեծ ակտիվություն էր ցուցաբերել հայ համայնքի կյանքում եւ ճանաչում էր գրեթե բոլորին. հիմա նա զբաղված էր շնորհավորանքներ բաժանելով եւ ստանալով: Ակնհայտ էր, որ այնտեղ հավաքվածներն իրենց նույնացնում էին Րաֆֆիին՝ Սփյուռքի զավակին, որի համար իրականացել էր հայերի երազանքը:

Ես հավաքվածներից շատ քչերին էի ճանաչում, սակայն դա որեւէ նշանակություն չուներ: Մենք տոնում էինք միասին, կիսում աներեւակայելի այդ զգացումը եւ կրկնում բացահայտը՝ մենք ականատեսներն էինք այն բանի, թե ինչպես երազանքը դարձավ շոշափելի իրականություն… մենք դեռ չգիտեինք՝ որքան շոշափելի: Մտքներս այլուր էին: Ես ոչ թե սոսկ պատմության ընթացքն էի դիտում, այլ գիտեի, որ մի քանի ամիս հետո կլինեմ Երեւանում եւ, աշխատելով Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, մասնակից կդառնամ այն գործընթացներին, որոնք կդառնան նորանկախ Հայաստանի պատմության մասը:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.