Սուրեն Սարգսյան, «Հայաստանն ու Բուշը անձամբ (1988-1992)», Հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ, «Նյու Մեգ» ՍՊԸ, 296 էջ, 2022թ.:
Այս գիրքը գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա պատմում է հայ-ամերիկյան առաջին շփումների մասին: 1988-92 թվականները շատ կարեւոր են հայ-ամերիկյան հարաբերությունների խորքային էությունը հասկանալու համար: Հենց այդ տարիներին է ձեւավորվել ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ: Սրանք այն ժամանակներն էին, երբ եռանդուն գործունեություն էին սկսել ծավալել անկախացող Հայաստանի առաջին պաշտոնյաները՝ ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Հյուսիսային Ամերիկայում ՀՀ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, Ամերիկայի հայկական համագումարը ներկայացնող Վան Գրիգորյանը եւ շատ այլոք:
Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ինչ հիմնարար շահեր ունի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան կարգավորման հարցերում: Գրքում ներկայացվում են մինչ օրս չհրապարակված փաստեր, մանրամասներ «Գոբլի պլանի», 907-րդ բանաձեւի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած բանակցությունների մասին:
Այս ամենը շարադրված է աշխարհաքաղաքական պատմական ցնցումների համատեքստում: Առաջին անգամ հրապարակվում են նաեւ ամերիկացի դիվանագետների՝ Երեւանից Վաշինգտոն ուղարկած գաղտնի զեկուցագրերն ու Վաշինգտոնից եկած գաղտնի հրահանգները:
Գրքում հնարավոր է տեսնել, թե քաղաքական ինչ գիծ էր տանում Վաշինգտոնը Հայաստանի հետ հարաբերություններում, եւ հասկանալ, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ԱՄՆ-ի համար ինչու է խիստ կարեւոր նաեւ այսօր: Մանրամասն ներկայացված են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայ եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների զրույցներն ու տեսակետները, որոնք հրապարակային չէին:
Գաղտնազերծված փաստաթղթերը հանգամանորեն ցույց են տալիս, թե ով, երբ, որտեղ ինչ էր խոսում Արցախի մասին, եւ հակամարտությունն ինչպես էր վերածվում լայնածավալ պատերազմի:
Գիրքը ճանաչողական մեծ արժեք ունի: