Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ուկրաինան սահմանների ճշտորոշման խնդրի առջեւ

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Ռուսաստանի կողմից Դոնբասի անկախության ճանաչումը շատ մեծ աշխարհաքաղաքական հետեւանքներ ունեցող գործողություն է, եւ խնդիրը զուտ Ուկրաինան չէ։ Դա գործընթաց է, որը հարցականի տակ է դնում 1991-ից՝ Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված համաշխարհային կարգը։ Այլեւս ԱՄՆ-ը միակ գերտերությունը չէ եւ ողջ աշխարհում «միակ ոստիկանի» գործառույթը չի կարողանում կատարել։ Չինաստանի եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերը մեծանում է։ Ուկրաինական դեպքերն ընդամենը արագացրին նոր աշխարհակարգի անհրաժեշտության հարցը։

Դոնբասի ճանաչումը մեծ հարված էր Միացյալ Նահանգների վարկին եւ օրինակ՝ մյուս երկրների համար, որ այլեւս իրենց անվտանգության հարցերը լուծելու համար պետք է միաժամանակ դիմել տարբեր հասցեներով։ Աշխարհը դառնում է բազմավեկտոր կամ, եթե ավելի ճիշտ արտահայտվենք, եռաբեւեռ։ Դա նշանակում է, որ պետք է ձեւավորվի նոր աշխարհակարգ, որի համար այդ երեք բեւեռները՝ ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը, պետք է նստեն սեղանի շուրջ եւ նոր անվտանգային համակարգ ձեւավորելու համար գան պայմանավորվածությունների։ Ստեղծված վիճակը վերջերս Ֆրանսիայի արտգործնախարարն է հստակ ձեւակերպել՝ ասելով, որ Եվրոպայում այլեւս անվտանգային համակարգ չկա։ Կարելի է ավելացնել, որ չկա անվտանգային համակարգ նաեւ ողջ աշխարհում։ Եթե չլինեին միջուկային երկրներ ու միջուկային պատերազմի վտանգ, ապա մի նոր համաշխարհային պատերազմ սկսված կլիներ։ Սակայն միջուկային զենքը կա եւ գերտերություններին մնում է միայն մեկ բան՝ գալ նոր համաձայնության։

Չենք կարող չանդրադառնալ եւս մեկ խնդրի, որն ուղղակիորեն նաեւ Հայաստանին է վերաբերում։ Ռուսաստանի կողմից Դոնբասի ճանաչման առիթով Ռուսաստանի նախագահի՝ «ազգին ուղղված» դիմումում կան հատվածներ, որոնք հետաքրքիր են Պուտինի աշխարհայացքային ընկալումները, ինչպես նաեւ Ուկրաինայի կոնցեպտուալ քաղաքական սխալները հասկանալու առումով:

Ըստ Պուտինի, Ուկրաինան ստեղծվել է Ռուսական հեղափոխությունից հետո, լենինյան ազգային քաղաքականության թեզերի շնորհիվ: Այսինքն՝ ձեւավորվել են խորհրդային սոցիալիստական հանրապետություններ, որի ժամանակ գծվել են հանրապետությունների, այդ թվում՝ ժամանակակից Ուկրաինայի սահմանները, որոնք հետագայում ճանաչել է միջազգային հանրությունը: Երկրորդ աշխարհամարտից հետո Ուկրաինային կցվել էին Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից բռնազավթված տարածքներ: Դա պատերազմում հաղթող երկրի՝ Խորհրդային Միության ռազմավարն էր:

Անկախությունից ի վեր Ուկրաինայում պետական արշավ էր սկսվել խորհրդային ժառանգության դեմ՝ ավերվում էին կոմունիստական հուշարձանները, նաեւ Երկրորդ աշխարհամարտի հրամանատարների արձանները: Դա Ուկրաինայի ժողովրդի կամքն էր ու ցանկությունը, եւ ոչ ոք չէր կարող նրանց ցույց տալ, թե իրենց համար ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ: Սակայն ապալեգիտիմացնելով կոմունիստական հեղափոխության ու խորհրդային ժամանակաշրջանը, փաստորեն, հարցականի տակ է դրվում նաեւ Ուկրաինայի ներկայիս սահմանների լեգիտիմությունը: Պուտինը ակնարկեց, որ եթե Ուկրաինան չի ճանաչում խորհրդային անցյալը, ապա պետք է նաեւ քննարկել այդ ժամանակ ստեղծված սահմանների իրավացիության հարցը։ Սա է հիմնական խնդիրը, որի առջեւ հայտնվել է Ուկրաինան: Ի դեպ, հարեւան Բելառուսում ճիշտ հակառակ քաղաքականությունն է տարվում: Բելառուսում հարցականի տակ չեն դնում խորհրդային անցյալը, ինչպիսին էլ այն չլինի՝ «գուլագներ», բռնաճնշումներ, մարդկանց ազատազրկումներ եւ այլն։ Սակայն դա պատմություն է, որտեղ եղել են ինչպես վերը թվարկված բացասական երեւույթները, այնպես էլ՝ ձեռքբերումներ։

Ուկրաինական դեպքը կարեւոր է նաեւ նախկին խորհրդային հանրապետությունների համար: Անցյալը մերժելու տրամադրություններ կան նաեւ Հայաստանում: Որպես զարգացման այլ ձեւ՝ կարելի է նշել մեկ այլ տարբերակ. ընդունելով սխալները, չպատերազմել անցյալի դեմ, այլ դրանից դասեր քաղել ու շարժվել առաջ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: