Monday, 07 October 2024

W Weekly Update

17-24 օգոստոսի 2024թ.

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Օգոստոսի 18-19-ը պետական այցով Բաքվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի նախօրեին Կրեմլի պաշտոնական աղբյուրը հաղորդագրություն էր տարածել, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները քննարկելու են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: «Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը»,- գրել էր ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: Տպավորություն էր, թե Պուտինը բանուգործ չունի, հատուկ մեկնում է Բաքու՝ Իլհամ Ալիեւի հետ կարգավորելու հայ-ադրբեջանական կնճիռը: Եվ այն էլ՝ առանց Հայաստանի:

Ճիշտ այնպես, ինչպես եղավ անցած դարասկզբին, երբ բոլշեւիկյան Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան հայկական տարածքների հարցը «լուծեցին» առանց Հայաստանի: Կարսը, Արդահանը, Կարինը, հարակից այլ տարածքներ բռնակցեցին Թուրքիային, իսկ հայաբնակ Ղարաբաղն ու Նախիջեւանը նվիրեցին Ադրբեջան անունով արհեստական պետությանը: Իսկական դեժավյու, այդպես չէ՞: Պուտինը՝ հավանաբար զգալով, որ մի տեսակ լավ բան չի ստացվում, գնաց «չարիքի փոքրագույնին»՝ պարտավորվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ Ալիեւի հետ վարած բանակցությունների արդյունքների մասին տեղեկացնել Փաշինյանին:

Մեծ հաշվով՝ Փաշինյանի համար միեւնույն է, թե ինչի մասին են ժամերով խոսել երկու նախագահները: Նրա միակ մտահոգությունը սեփական աթոռն անառիկ պահելն է, իր իշխանությունը ցկյանս վայելելը: Եթե ուզում եք ճիշտն իմանալ, Պուտինն էլ՝ իր համար այս խառնակ ժամանակներում, առանձնապես հետաքրքրված չէ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ: Այսօր ՌԴ նախագահի առաջնահերթությունները հասկանալիորեն ռազմական, ռազմաքաղաքական եւ ֆինանսատնտեսական ոլորտներն են, ինչպես նաեւ Հարավային Կովկասում իր երերացող դիրքերի վերահաստատումը:

Այսինքն՝ տարածաշրջանում որեւէ աջակցություն գտնելու ամենամեծ ակնկալիքը,- եկեք դա խոստովանենք,- Պուտինը Բաքվից ունի: Օրինակ՝ Հայաստան գա, որ ի՞նչ անի. Փաշինյանի հետ հեծանի՞վ քշի, թե՞ գեներալ Գագիկ Մելքոնյանի ճանկն ընկնի, ինչը նույնն է թե՝ Հռոմի ստատուտի հիման վրա հանձնվի միջազգային քրեական ատյանին: Դե, Վրաստանն էլ իր հոգսերի մեջ է խճճված: Այնպես որ, հարավկովկասյան «փայլող աստղը» ներկա պահին Ադրբեջանն է: Պուտինի այցի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, կողմերը Բաքվում ստորագրել են 6 փաստաթուղթ՝ միջկառավարական 3 համաձայնագիր ու նույնչափ էլ փոխըմբռնման հուշագիր, եւ ընդունել համատեղ հայտարարություն:

Պուտին-Ալիեւ գաղտնի պայմանավորվածությունների մասին կարելի է խոսել միայն ենթադրությունների մակարդակով, քանի որ բաց մամուլում տեղեկատվական արտահոսք առայժմ չի եղել: Ենթադրելի է, որ որոշակի համաձայնություն է ձեռք բերվել, օրինակ, Սյունիքում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ինչի մասին դրույթն օրեր առաջ հայկական եւ ադրբեջանական կողմերի կամքով ժամանակավորապես հանվել էր խաղաղության պայմանագրի նախագծից, եւ դա Ռուսաստանի սրտովը չէր: Հիշենք այդ մասով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի կշտամբանքները՝ ուղղված ՀՀ ղեկավարությանը:

Ամենայն հավանականությամբ՝ բանակցություններում շոշափվել է էլեկտրաէներգիայի ոլորտում նոր համատեղ նախագծերի իրականացման հնարավորության հարցը: «Ուզում եմ ընդգծել այն դերը, որն Ադրբեջանը խաղում է Կասպից ծովի տարածաշրջանում եւ Անդրկովկասում»,- այցի ավարտին հայտարարել է ՌԴ նախագահը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ, հանրային առողջության փորձագետ Չելսի Քլինթոնը: «Դոկտոր Քլինթոնը հայտնի է մարդկանց կյանքը բարելավելու իր ջանքերով, ինչը ոգեշնչում է ապագա առաջնորդներին ամբողջ աշխարհում ու նպաստում կարեւոր հարցերի, այդ թվում՝ առողջապահական հավասարության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ու գործնական քայլեր ձեռնարկելուն»,- ասված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության օգոստոսի 20-ին տարածած հաղորդագրությունում: Չելսին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միակ զավակն է, մի քանի նշանավոր գրքերի հեղինակ:

Մինսկում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը օգոստոսի 21-ին հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ՝ Հայաստանում այդ երկրի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի կապակցությամբ: «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամներն ու համակիրներն այդ օրը, ի նշան բողոքի, ձվեր, լոլիկներ ու կարտոֆիլ են շպրտել Բելառուսի՝ Առինջում գտնվող դեսպանատան պատերին: Նրանց վրդովեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հայերի հասցեին օրերս արած ձեւակերպումը, թե «ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի»: Հայաստանյան արեւմտամետ մի քանի ուժեր Երեւանից պահանջում են խզել Մինսկի հետ դիվանագիտական հարաբերությունները։

Ադրբեջանի «COP 29»-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովը հայտարարել է, որ ավելի քան 50 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը «COP 29»-ին: «Մենք ակնկալում ենք, որ այդ թիվը կավելանա։ Հրավիրված է նաեւ Հայաստանը»,- թուրքական «Anadolu» գործակալության հետ զրույցում ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ Պաշտոնական Երեւանը դեռ չի հստակեցրել՝ կմեկնի՞ հայաստանյան պատվիրակությունը Բաքու, թե՝ ոչ: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումն ընդունվել է պաշտոնական Երեւանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների:

Սննդի անվտանգությունը վերահսկող ռուսական «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան եւ Ռուսաստանի կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտությամբ պարզել են, որ ՌԴ խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90 %-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի մոտ կեսում ոչ խաղողի սպիրտ է օգտագործված: «Ռոսսելխոզնադզոր»-ը մարտ ամսին ժամանակավոր սահմանափակումներ էր կիրառել հայկական Max Fish ընկերության արտադրանքի նկատմամբ, ինչում ընկերությունը քաղաքական ենթատեքստ էր տեսել: Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ից մինչեւ փետրվարի 12-ն էլ հայկական «Ջերմուկ Գրուպ»-ի առանձին խմբաքանակների վաճառքն էր արգելվել ՌԴ-ում: Ըստ Մոսկվայի՝ խնդիրներ էին առաջացել նաեւ հայկական կաթնամթերքի, պտուղ-բանջարեղենի հետ:

Ադրբեջանի ԶՈՒ-ի հակաօդային ուժերի ռադիոտեխնիկական ստորաբաժանումները «հատուկ մարտավարական վարժանքներ» են անցկացնում. այս մասին հայտնել է թշնամի երկրի Պնախարարության մամլո ծառայությունը: «Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել ղեկավար անձնակազմի գործնական հմտությունները, պայմանական թշնամու անակնկալ օդային հարձակումները ետ մղելու գործողությունները»,- ասված է հաղորդագրությունում։ Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «հատուկ մարտավարական վարժանքներ» են անցկացրել նաեւ այս ամսվա 17-ին:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.