Երեքշաբթի, Մարտի 18, 2025

Ազատ ամբիոն

Վանի վերջին հայ պարետը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հովհ. Թումանյանի թանգարանի ժամանակավոր ցուցասրահի՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում մասնակցում էինք «Վանի վերջին հայ պարետը» թեմատիկ ցուցադրությանը, որը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծի չորրորդ զավակին՝ Արտավազդ Թումանյանին, ում ծննդյան 130-րդ տարին էր այդ օրը։

Դեռեւս օրեր առաջ ուշադրությանս արժանացավ թեման եւ Թումանյանի տուն-թանգարանի հայտարարությունը, որը շատ հետաքրքրեց ինձ մասնագիտական առումով: «Ցուցադրությունը կզուգակցվի բանախոսությամբ, որը կամբողջացնի բացառիկ օժտված եւ տաղանդավոր գրող, դրամատուրգ եւ գեղանկարիչ Արտավազդ Թումանյանի կերպարը: Միասնական հայրենիքի երազով նա մեկնում է անպաշտպան դարձած Վան քաղաքը՝ հայտնվելով պատերազմի թոհուբոհում»,- ասված էր հայտարարության մեջ:

Հովհ. Թումանյանը տասը երեխա ուներ` չորս որդի եւ վեց դուստր: Ցավոք, ճակատագիրն անողոք գտնվեց նրա որդիների հանդեպ։ Արտավազդը  զոհվեց Վանում, իսկ Մուշեղը, Համլիկը եւ Արեգը ստալինյան բռնաճնշումների զոհ դարձան, եւ անգամ գերեզման չունեցան:

Լսեցինք բանախոսներին՝ Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանին, թանգարանի գլխավոր գիտաշխատող Սուսաննա Ադամյանին, Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզաննա Սարյանին, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանին։

Նրանց խոսքը յուրովի տարբեր էր՝ գիտական բարձր մակարդակով, խոր ուսումնասիրությամբ, շատ հետաքրքիր, ցավախառն ապրումներով…

Արտավազդ Թումանյանից կենսագրական տվյալներ էին՝ ստացած կրթության մասին էր խոսքը, տեղ էր տրված գեղանկարչությանը, թարգմանական աշխատանքին… պատմություն էր, թե ինչպես է Արտավազդ Թումանյանը աշխարհը սիրել ու իրեն նվիրել հայրենիքի արեւմտյան հատվածին՝ Վանին ու Վասպուրական աշխարհին, եւ ունեցել եղերական վախճան:

Տեղեկանում ենք, որ Վան քաղաքի լիազոր պարետ էր նշանակվել Արտավազդ Թումանյանը: Նա մեծ բարեխղճությամբ է կատարել իրեն վստահված աշխատանքը. ապահովել է հայ գաղթականներին սննդով, բուժօգնությամբ, բացել ժամանակավոր կացարաններ, հիվանդանոցներ: Արտավազդը նույնիսկ կռվի դաշտում էր ոգեշնչվում հայրենի երկրի վեհաշուք պատկերներով:

Քրոջը՝ Նվարդին, 1916թ. մարտի 2-ին գրել էր. «Ապա թե իմանաս ի՜նչ գեղեցիկ, սրբազան վայրերով եմ անցել. բավական է տամ Ավարայրի դաշտի անունը… ի՜նչ սքանչելի է…»: Հուզիչ է Արտավազդի եւ այն ժամանակ Արեւմտյան Հայաստանում միջազգային Կարմիր խաչի առաքելությամբ գտնվող գթության քույր, անգլուհի Էլիզաբեթ (Բեթի) Արմսթրոնգի նամակագրությունը:

…Դու օտար աղջիկ իմ հայրենիքում:
Երկուսս էլ լռում ենք՝ օտար լեզուներ,
Ա՜խ, ամեն մեկս որքան սեր ուներ
Իրար պատմելու, իրար ասելու…

Իր մեկ այլ նամակում Արտավազդը գրում է. «Մայրի՛կ ջան, էստեղի դրությունը բավականին խախուտ է: Երեկ գիշերվանից Ոստանում արդեն հրաձգություններ սկսվեցին: Դրությունը շատ անորոշ է… նահանջը անխուսափելի է, եւ շա՜տ վատ նահանջ կլինի»։

1915թ. հունիսի սկզբներին Վանում է եղել նաեւ հայ մեծ բանաստեղծ Թումանյանը: Նա Վանում մնացել է մոտ երկու շաբաթ, ծանոթացել բնակչության հետ, այցելել Վանի կրթական հաստատություններ, հանդիպումներ ունեցել երիտասարդության ու մտավորականության հետ։ Բանաստեղծը հիացած էր վանեցիների հայրենասիրությամբ, ազգային ինքնագիտակցությամբ, նրանց հերոսական ոգով, ապագայի նկատմամբ լավատեսությամբ, ազատ ու ինքնավար ապրելու ծրագրերով: Սակայն այն ճանապարհը, որը Վանի հերոսամարտով պիտի հարթվեր Արեւմտյան Հայաստանի մի հատվածի հայերի անկախ գոյատեւման համար, քաղաքական խարդավանքների պատճառով խլվեց հայ ժողովրդից:

Հովհ. Թումանյանն այս դեպքերից հետո ընկնում է հոգեկան լուրջ ալեկոծության մեջ: Իմանում ենք, որ Արտավազդը կամավոր էր ծառայում Արեւմտյան Հայաստանում՝ փրկելով ցեղասպանությունից մի կերպ փրկված բազմաթիվ հայ որբ երեխաների: Բազմատաղանդ երիտասարդը զոհ դարձավ եղեռնագործությանը։ 24-ամյա Արտավազդը  զոհվեց 1918թ. գարնանը՝ Վանի վերջին նահանջի ժամանակ:

Տեղեկանում ենք, որ այնտեղ փոքրաթիվ հայ կամավորները եւ ավերված քաղաք վերադարձած բնակիչները ջանքեր էին գործադրում՝ վերականգնելու եւ պահպանելու հայկական այդ հնագույն բնօրրանը: Սակայն ուժերն անհավասար էին. Արտավազդը հինգ հոգուց կազմված վերջնապահ խմբի հետ միասին զոհվում է անհավասար մարտում։ Արտիկի նահատակությունը, ինչպես բանաստեղծի մտերիմներն են վկայել, մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին եւ մեծապես արագացրեց նրա վախճանը:

Հուզիչ են Հայոց ցեղասպանության նահատակ Արտավազդ Թումանյանի հուշերը, որոնցում արվեստագետի նուրբ դիտողականությամբ ներկայացնում է այն նորը, որն արվեստի մեջ բերում է Մարտիրոս Սարյանը. «Նոր արվեստը հասկանալու համար հարկավոր է խորը թափանցել, նոր ձեւերի արմատները որոնել, հասկանալ գեղարվեստական ստեղծագործության իմաստը»,- գրել է նա:

Պահպանվել են նաեւ հուշեր, որ Թումանյանը Արտավազդի հետ այցելել է Մոսկվայում Սարյանի արվեստանոցը։ Սարյանի եւ Արտավազդի առնչությունները շատ են, որով մեզ տեսանելի է դառնում երիտասարդ արվեստագետը։

Արտիկի զոհվելու ահռելի ցավը հոգում՝ Թումանյանը երկրային կյանքին հրաժեշտ տվեց։ Մինչ այդ հարազատներին խնդրել էր. «…Իսկ եթե մի օր նրան գտնեք, կբերեք ինձ մոտ, թող էնտեղ կողքիս լինի, միասին լինենք: Չէ՞ որ նա ինձ համար ամենաթանկն է…»։

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: