Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Հայրենիքի, պետության պատիվը պարտավոր ենք փրկել միասնաբար

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

1990-ականների պատերազմի ժամանակ, երբ դպրոցական էի, հաճախ էի մասնակից լինում դաշնակցական գործիչների քննարկումների։ Հայրս երկար տարիներ ՀՅԴ անդամ էր ու նրանից տեղեկանում էի ինչպես պատերազմի մանրամասների, այնպես էլ Արցախի հայկականության, մերոնց պայքարի ու նվիրվածության մասին։

Այդկերպ Դաշնակցությունն ինձ համար մանկուց դարձավ ազգային պայքարի խորհրդանիշ։

Ավելի հասուն, գիտակցական կյանքում, իհարկե, նորովի գնահատեցի հայոց պետականության ավելի քան 870 տարվա դադարից հետո Դաշնակցության դերը 1918-ի անկախության վերականգնման գործում, հայապահպանության կարեւոր ջանքը Սփյուռքում, տեսա նաեւ գործած սխալները, որոնց մասին անընդհատ ասում եմ ՀՅԴ անդամ իմ ընկերներին։

Դաշնակցությունն իրականում մեր իրականության այն մասն է, որը, անկախ իր նկատմամբ հալածանքներից, շարունակում է կռիվ տալ մեր հայրենիքի ամեն մի կտորի համար։ Դաշնակցականներին հալածում են թուրքերը, նրանք ավելի ուժեղ են կռիվ տալիս հայրենիքի համար, դաշնակցականներին հալածում են հայերը, նրանք ավելի ուժեղ են սիրում հայրենիքը։ Մի քիչ էլ տարօրինակ մարդիկ են դաշնակցականները։ Ուրիշները հայրենակիցներից այդքան հարվածների դեպքում երեւի վաղուց թողել էին ամեն ինչ ու հեռացել, բայց այս մարդիկ հայրենիքի ու հայերի համար կռվում ու մեռնում են այն դեպքում, երբ թիկունքում նույն հայերը իրենց ամեն տեսակ պիտակ են կպցնում։

2020-ի պատերազմում միայն Վարնկաթաղի (Լուլասազի) բարձունքում դաշնակցականների շարքերից զոհվեց 24 կամավոր, բայց դրանով նրանք կարողացան պահել բարձունքը եւ թշնամուն թույլ չտալ, որ հյուսիսից ներխուժի ու հասնի ընդհուպ մինչեւ Մարտակերտ ու Ասկերան, ինչու չէ, նաեւ Ստեփանակերտ։

Փետրվարի 5-ին հրավիրված էի ՀՅԴ 131-ամյակին նվիրված միջոցառմանը։ Լսում էի ելույթներն ու մտածում, որ այս կառույցը լրջորեն թարմացվելու, նոր ոգի կերտելու կարիք ունի։ Այսօր 21-րդ դարն է, եւ հայրենիքի նվիրյալ դաշնակցականները պետք է իրենց մեջ ուժ գտնեն՝ հրաժեշտ տալու 19-20-րդ դարի տեխնոլոգիաներին ու նոր ժամանակների ընձեռած հնարավորություններով ու մեթոդներով կռիվ տալու հայրենիքի գաղափարի համար։ Որքան հասկանում եմ, էլի ՀՅԴ-ն է լինելու պետությունը փրկելու առանցքներից մեկը։ Եվ այս առումով հավանեցի Իշխան Սաղաթելյանի այն խոսքը, որ ՀՅԴ-ն պատրաստ է լինել հայրենիքի ազատագրության առաջնորդ ու միաժամանակ շարքային զինվոր, համագործակցել բոլոր ազգային ուժերի հետ։

Իրոք, հիմա ժամանակն է, որ բոլորը մի կողմ թողնեն իրենց ամբիցիաներն ու միավորվեն հանուն հայրենիքի շահի։ Որեւէ մեկը իրավունք չունի մտածել հայրենասիրությունը սեփականաշնորհելու կամ պաշտոն ունենալու մասին։ Ով երկրի այս վիճակն օգտագործում է քաղաքական շահի համար, առնվազն անբարոյական է։ Կորցնելու դեպքում բոլորս ենք կորցնում։ Գիտեմ, որ սա կարդալով, էլի կլինեն վայրահաչողներ, որոնք ինձ կկապեն քաղաքական ուժերի ու անհատների հետ։ Իրենց գործն է։ Ես միշտ հարգել եմ Դաշնակցությունը՝ որպես հայ իրականության ամենակայացած ազգային ուժերից մեկը, հարգում եմ նաեւ հիմա, իսկ դաշնակցական ընկերներիս շարունակում եմ անխնա քննադատել, երբ տեսնում եմ նրանց սխալները։

Շնորհավորելով ՀՅԴ-ին 131-ամյակի առթիվ՝ շեշտում եմ, պետք է եւս մեկ անգամ փրկել հայրենիքի, պետության պատիվը, եւ մենք պարտավոր ենք միասնաբար անել դա։

 

Նաիրի Հոխիկյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: