Կիրակի, Մայիսի 19, 2024

Ազատ ամբիոն

Տոնական խանդավառություն եւ առօրեական անտարբերություն

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շատ լավ է, որ երկՆային թագավորին սիրում ենք, բայց  երբեմն մոռանում ենք, թե երկրի վրա երկՐային «թագավորներն» ինչ ավերածություններ են սփռում։ Օրինակը՝ գլխիվայր շրջված աշխարհը եւ մեր սեփական երկրի ու ժողովրդի ճակատագրի նկատմամբ հասարակության ստվար մասի լուռ անտարբերությունը։

Մենք ողջունում ենք երկնային թագավորի՝ Քրիստոսի Երուսաղեմ գալը, բայց չնկատելու ենք տալիս իրական կյանքում մեր շուրջը ներսից, թե դրսից տեղի ունեցող ավերիչ իրադարձությունները։ Գալիս եմ հետեւության, որ մեզանից շա՜տ-շատերը սիրում են տոնական օրեր, զվարթ տրամադրություն՝ առանց այդ տոն օրվա խորհուրդն իմանալու: Սովորաբար մենք սիրում ենք նաեւ ասել, թե հայրենասեր ենք՝ անտարբեր լինելով հայրենիքի գլխին կախված վտանգի հանդեպ։

Անցյալի ու ներկայի, երկնայինի ու երկրայինի «պայքարում» նախապատվությունը տալիս ենք առաջինին, եւ Ծաղկազարդի տոնը նախընտրելի է դառնում. չէ՞ որ այնտեղ առիթ կա՝ այցելելու եկեղեցի, ուռենու ոստերով ծաղկեպսակներ դնելու գլխներիս, մանուկների  օրհնության օր նշելու: Ամեն տարի հայոց եկեղեցին նշում է Ծաղկազարդը, քանի որ Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ՝ ձիթենու եւ արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:

Ըստ եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջեւ հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելն առանձնակի պատիվներ ու հանդիսավորություն էին նշանակում: Ձիթենին ընկալվել է իմաստնության, խաղաղության, հաղթանակի եւ փառքի խորհրդանիշ։ Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետեւողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը։

Անկախ նրանից՝ մեզանից շատերը հավատավոր են, թե ոչ՝ որպես քրիստոնյա, մտնում ենք  եկեղեցի որեւէ տոնական օրվա առիթով կամ ուղղակի մոմ վառելու համար, գուցե նաեւ ինչ-որ նախապաշարմունքից ելնելով, բայց տեղյա՞կ ենք արդյոք, թե իրական կյանքում ինչ է կատարվում մեր շուրջը։ Որքա՜ն կցանկանայի այսպիսի տոնական օրերի խանդավառությանը զուգահեռ՝ տեսնել շատ շատերի սրտացավությունը մաս-մաս կորցվող երկրի հանդեպ։

Գիտակցել է պետք, որ այս անտարբերության չարիքը մի օր ծեծելու է բոլորի դռները, եւ խաղաղ անկյուն ենք փնտրելու՝ Ծաղկազարդը եւ ուրիշ այլ տոնական օրեր նշելու համար։ Օրինակը արցախցի հայրենազուրկներս ենք, որ մեր գլխավերեւում մի կտոր երկինք ենք   փնտրում՝ խաղաղ, անհոգ ապրելու եւ արարելու համար:

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: