Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Ազատ ամբիոն

Գերագույն գլխավոր խամաճիկը…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում… Վեց տարում առաջին անգամ Նիկոլը վերջապես բարբառեց ճշմարտությունը, որ նա չի եկել ծառայելու ազգին ու Հայրենիքին, այլ եկել է Հայոց հերոսական Արցախական աշխարհը հանձնելու Ադրբեջանին։

Վերադառնանք ետ եւ մեր հայացքը սեւեռենք նորընծա բռնակալի՝ իշխանությունը զավթելու առաջին օրերին։ Երեւի շատերն են հիշում՝ անկեղծության պահին ինքն իր հետ մենախոսելիս Նիկոլն ասաց. «Ժողովուրդ ջան, ես խաբեցի քեզ»։ Դա նման էր խաղաղ  երկնքում ամպրոպի պայթելուն։ Ես կարկամեցի հեռուստաէկրանի առջեւ. «Ժողովուրդ ջան, ես խաբեցի քեզ», դա կատակելու բան չէր։ Մի ամբողջ շաբաթ չէի կարողանում ազատվել ծանր մտորումների բեռից։ Ի վերջո, ինքս ինձ օգնելու համար հնարեցի սփոփիչ մի բացատրություն. երեւի ուզում է հասկացնել ժողովրդին, որ նա իր այդ շռայլ խոստումների հետ հույսեր չկապի։

Հիմա արդեն ամեն ինչ հասկանալի է. գավառական թերթի երբեմնի անվարժ գրչակը մեծ խաղի մեջ է մտել քաղաքական գայլերի՝ Էրդողանի եւ Ալիեւի հետ։ Նիկոլի խաղադրույքը եղել է Արցախը, բայց հմուտ արհեստավարժները թեթեւ ձեռքով խաղի մեջ են ներքաշել նաեւ Հայաստանը, որը թեեւ ռազմական դաշինքի մեջ էր հզոր Ռուսաստանի հետ, եւ որի զինված ուժերը թեեւ չէին մասնակցել ռազմական գործողություններին, բայց Նիկոլը ստորագրել էր նաեւ Հայաստանի կապիտուլյացիան՝ անհանդուրժելի զիջողություններով։ Պարզից էլ պարզ է, որ Պուտինի առաջարկած պատվավոր զինադադարից Նիկոլը հրաժարվել էր հօգուտ թուրքական տանդեմի պահանջի։

Պատերազմը… անմիջապես ասենք, որ Ալիեւը չէր համարձակվի սկսել պատերազմ, եթե դու, նիկոլ, հավաստիացրած չլինեիր նրան, որ կոտրել ես մեր բանակի հզորությունը, եթե երաշխավորած չլինեիր, որ ապահովելու ես Ադրբեջանի հաղթանակը։ Նիկոլ, դու Պուտինին ասել էիր՝ պիտի կռվես մինչեւ հաղթական ավարտ, որ չասեն դավաճան ես: Խոսքդ ո՞ւմ հաղթանակի մասին էր՝ մե՞ր, թե՞ Ադրբեջանի։ Դու չէիր գնացել զինադադարի, քանի որ Արցախն արդեն ընդմիշտ մնում էր մեր ձեռքին։ Ադրբեջանը չէր կարող գնալ եւս մի նոր պատերազմի եւ այլեւս երբեք չէր կարող ստանալ ուզածը։ Հիմա կարո՞ղ ես ասել՝ պատվավոր զինադադար ապահովող Ռուսաստանը, որին վարկաբեկելով ման ես գալիս, մե՞զ հետ էր, թե՞ մեր թշնամու։

Նիկո՛լ, ապիկար արարած՝ մերժելով զինադադարը, դու կոտորում էիր հայ ժողովրդի զավակներին Արցախն Ադրբեջանին տալու համար։ Միայն հոգեպես անհավասարակշիռ անձնավորությունը կարող էր գնալ այդպիսի խելահեղ քայլի՝ հանուն փողի։ Խորհրդարանում էլ բարբաջում էիր, թե՝ «ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»։ Սա մոլագարի արտահայտություն է, բա մոլագարն էլ ո՞նց է լինում։ Խեղկատակ պատգամավորներն էլ, փոխանակ դավաճանին անհապաղ ազատելու պաշտոնից, իրենց մարմնի ինչ-որ տեղերը ճղելով՝ որոտընդոստ ծափահարում էին:

Խեղճ հայ ժողովուրդ, պատերազմի մեջ ես մտել ահեղ թշնամու դեմ։ Գերագույն գլխավոր հրամանատարդ էլ եղել ու հենց հիմա էլ մնում է թշնամուդ գործակալը եւ ռազմաճակատի բոլոր ուղղություններում ապահովել է քո պարտությունը։ Թուրքական տանդեմի քաղաքական գայլերն այնպես են ծուղակել համակողմանի տհասին, որ նա ոչ միայն Արցախն է պնակի վրա մատուցել մեր ոխերիմ թշնամիներին, այլեւ զոհասեղանին է դրել հայության վերջին օրրանը, Արեւի տակ նրա գոյության իրավունքը։

Անիծվեք դուք, անբարո Թուրքիա եւ անբարո Ադրբեջան. դուք լավ գիտեք, որ ձեր հսկա երկրները կառուցել եք Հայաստանի պատմական տարածքների վրա: Հիմա էլ՝ «Նիկոլ» խաղացնելով, ուզում եք լլկել, «ռեզերվացիա» հիշեցնող այս փոքրիկ հողակտորն անգամ։ Նիկո՛լ, դու խոշոր մասշտաբի հանցագործ ես, պատմության մեջ տեսակը չունեցող պետական դավաճան։ Դու ո՞նց ես համարձակվում ղեկավարել մեր երկիրը, դու ո՞նց ես համարձակվում երկրում իրականացնել «արդարադատություն»։ Դու իրավունք չունես մտնելու կառավարություն, դու իրավունք չունես բանակցելու հայ ժողովրդի անունից։

Բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաները՝ Ազգային ժողովի խոսնակ, ՀՀ գլխավոր դատախազ, Գերագույն դատարանի նախագահ, ՀՀ ոստիկանապետ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն եւ այլք, ովքեր կհամագործակցեն հայրենադավ վարչապետի հետ, կդատվեն պետական դավաճանության հոդվածով։

1. Բագրատ Սրբազան, Հայաստանի միացյալ ընդդիմություն, ներսի եւ դրսի բովանդակ հայություն. դուք իրավունք ունեք գործադրելու խոսքի եւ ուժի ցանկացած միջոց՝ դավաճանին ժամ առաջ մեկուսացնելու Հայաստանի վարչապետի պաշտոնից, քանի որ նա մահացու վտանգ է ներկայացնում մեր Հայրենիքի գոյության համար։

2. Քանի դեռ ուշանում է ժողովրդի վստահությունը կորցրած դավաճան-վարչապետի մեկուսացումը, Հայաստանի միացյալ ուժեր, ստեղծեք ժողովրդական կառավարություն եւ դիմեք աշխարհի երկրներին, որ Նիկոլ Փաշինյանը դրսի ուժերի դրածո է, չի ներկայացնում Հայաստանի շահերը, փակել նրա մուտքը արտասահմանյան երկրներ եւ հրաժարվել նրա հետ բանակցություններ վարելուց։

3. Նիկոլ Փաշինյանի ստորագրած բոլոր փաստաթղթերը միջազգային ատյաններում համարել անվավեր։

 

Պատրիկ Արտեմի
Գրող, հրապարակախոս

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: