Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Խմբագրական

Ընտրախավերի ենթամշակույթը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հետանկախական շրջանում՝ մասնավորապես 1995 թվականից ի վեր, ներհայաստանյան քաղաքական խոսույթի հիմնական թեման եղել եւ շարունակում է մնալ իշխանության օրինակարգության (լեգիտիմություն) խնդիրը: Զուգահեռաբար՝ գոյություն ունի լայնորեն տարածված հանրային պատկերացում, ըստ որի՝ Հայաստանի «աքիլեսյան գարշապարը», ասել է թե՝ ամենախոցելի տեղը, օրինական հիմունքներով իշխանություն ձեւավորելու անհնարինությունն է: Դժվար է չհամաձայնել այդ տեսակետին։ Բնականաբար՝ այն, ինչ կարող է անել հանրային վստահություն վայելող, օրինակարգ իշխանությունը, չի կարող իրեն թույլ տալ ոչ լեգիտիմ համարվողը։

Սակայն այստեղ ամեն ինչ միանշանակ չէ։ Այս պնդումը առնվազն երկու հարթություն ունի. ա/ օրինակարգ իշխանության որոշումները հանրությունը չի կարող չընդունել, քանի որ ինքն է ձեւավորել իշխանությունը, եւ բ/ օրինակարգ իշխանությունը կարող է իրեն թույլ տալ կայացնելու այնպիսի որոշումներ, որոնք հանրության համար կարող են անընդունելի լինել, անգամ՝ ցավոտ։ Պարզ է, որ ազատ, արդար ընտրությունների միջոցով ձեւավորված իշխանությունը կարող է իրականացնել հանրության համար ոչ այնքան ցանկալի փոփոխություններ՝ օգտագործելով իր օրինակարգության պաշարը։

Սակայն խնդիրն այլ է՝ արդյո՞ք քաղաքացիների արդար քվեով ընտրված իշխանությունը միշտ է, որ գործում է ի շահ հանրության, արդյո՞ք ձեռնհաս ու իրավասու է կառավարման մեջ եւ արդյո՞ք չի սպառել օրինակարգության ռեսուրսները, հանրության երբեմնի աջակցությունն ու վստահությունը։ Այս ամենի դառը փորձը մենք ճաշակեցինք Աժ 2018թ.-ի եւ 2021թ.-ի ընտրությունների արդյունքների համատեքստում, ինչպես նաեւ ճաշակում ենք այսօր, երբ 3-րդ Հանրապետության գաղափարական ողնաշարը ջարդվեց Արցախյան պատերազմի պարտությամբ, որից հետո գործող ընտրախավը դավադրաբար ճանաչեց ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, ուրացավ Հայոց պատմությունը, եկեղեցին, ինքնությունը, «արշավեց» ազգային խորհրդանիշների վրա եւ այլն:

Փաստորեն՝ 2018-ին իշխանության եկած խմբակը բոլոր առումներով անձեռնհաս ու անկարող դուրս եկավ եւ արագ մսխեց իր քաղաքական կապիտալը: Այժմ կառավարող քաղաքական ուժի իրական վարկանիշը ամենացածր սանդղակում է, եւ այդ նվազագույնն էլ պահպանվում է շնորհիվ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով անձնական տվյալների օգտագործման ու հանրային կարծիքի ձեռնածությունների: Կարեւոր է հասկանալ, որ արդար եւ թափանցիկ ընտրությունների առկայությունը դեռ երաշխիք չէ, որ իշխանության եկած ընտրանին ցանկանալու է կամ ունակ է լինելու ծառայել հանրային շահին:

Սակայն հիմնական խնդիրը շատ դեպքերում ոչ թե ժողովրդավարությունն ու օրինակարգ ընտրություններն են, այլ կայացած ընտրախավի առկայությունը, որն ունակ է կառավարել երկիրը: Եթե չկա այդպիսի ընտրանի, ապա ժողովրդավարություն, օրինականություն, արդար ընտրություններ հասկացությունները լոկ դատարակ խոսքեր են դառնում: Ըստ ամերիկացի մշակութաբան եւ սոցիոլոգ Չարլզ Ռայթ Միլզի (1916-1962), ընտրանին գնալով ավելի շատ է իրեն զգում որպես առանձին սոցիալական շերտ, եւ նրա անդամներն իրար նկատմամբ բոլորովին այլ վարվելաձեւ են դրսեւորում, քան՝ մյուսների. մեկմեկու լավ են հասկանում, գործում են միանման եւ միմյանց հետ են ամուսնական կապեր հաստատում:

Իր «Իշխող էլիտան» աշխատության մեջ Միլզը նկարագրում է, որ ի դեմս ընտրախավերի, հանրության մեջ ձեւավորվում է յուրահատուկ սուբէթնոս՝ մյուս խավերից տարբերվող պահվածքով, վարվելակերպով, մշակույթով ու գիտելիքների պաշարով: Ի դեպ, այդօրինակ գործընթացներ կային նաեւ Սերժ Սարգսյանի իշխանավարման օրոք, երբ միջկլանային ամուսնությունների, սանիկ-քավորական հարաբերությունների, ընդհանուր բիզնես-շահերի միջոցով ամրացնում էին փոխադարձ կապերը, պետական բարձր պաշտոններում տեղավորում իրենց հետ փոխկապակցված անձանց, ինչը նաեւ որոշակի ենթամշակույթ էր ձեւավորում։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: